HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Սա չի ազդի դեղերի գնի վրա». նախատեսվում է թույլատրել դեղերի գովազդը փողոցներում

Այսօր Կառավարության նիստին քննարկվում էր դեղերի արտաքին գովազդը թույալտրելու հարցը։ Մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել էր «Գովազդի մասին», «Դեղերի մասին» օրենքներում, ինչպես նաև՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ՝ նշելով, որ այն կնպաստի բնակչության լայն շրջանակների իրազեկմանը և հավասար մրցակցային դաշտ կստեղծի գովազդային ընկերությունների համար՝ «թույլ տալով նրանց ավել գումար աշխատել»։

 

Գովազդային հարթակներից առաջատարը հեռուստատեսությունն է։ «Բրեվիս» հետազոտական և մարքեթինգային ընկերության 2022թ ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանում առաջատար դիրքը շարունակում է զբաղեցնել հեռուստագովազդը, որի մասնաբաժինը 27,8 % է։ Հեռուստաեսությանը հաջորդում է համացանցը` 1,9 %, ապա նոր՝ արտաքին գովազդը (փողոցներում)՝ 1,4 %։

Գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը։ Սա, ըստ Էկոնոմիկայի նախարարության, որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար:

Արտաքին գովազդ - գրաֆիկական, տեքստային կամ գովազդային բնույթի այլ տեղեկատվություն է, որը տեղադրվում է բաց տարածության մեջ ժամանակավոր կամ մշտական հատուկ կառույցների վրա։

Արտաքին գովազդը տեղաբաշխվում է բնակավայրերում պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ տեխնիկական միջոցների ձևով: Կարող է տեղադրվել նաև շինությունների արտաքին մակերեսին, փողոցային սարքավորումների տարրերի վրա, ճանապարհներին, ավտոլցակայաններում։ 

Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները:

Որպես նախագծի հիմնավորում՝ նշվում է, որ դեղերի արտաքին գովազդը չի կարող սպառնալիք հանդիսանալ բնակչության համար, քանի որ «դեղորայքի արտադրությունը և շրջանառությունը իրականացվում է Առողջապահության նախարարի հրամանով», հետևաբար, այդտեղ լրացուցիչ ռիսկեր չկան։

Բացի այդ, այն կնպաստի գովազդի ոլորտում հավասար մրցակցային դաշտի ապահովմանը։ 

«Վերջին շրջանում արտաքին գովազդի շուկայում իրականացված փոփոխությունների արդյունքում կտրուկ նվազեցրել ենք արտաքին գովազդի ոլորտում աշխատող ընկերությունների հասույթը. այդ նվազումը գնահատվում է մինչև 30%»,-հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս արգելվել էր շահումով խաղերի, կազինոների գովազդը, ինչից հետո, «ընկերութնունները լուրջ խնդիրներ են ունեցել»։ Այդ պատճառով փորձում են օգնել նաև այս ընկերություններին՝ թույլ տալով նրանց ավել գումար աշխատել.

«Սա ընդհանրապես չի ազդի դեղերի գների վրա, որովհետև խոշոր դեղագործական ընկերություններն ունեն արդեն հատկացված մարկետինգային բյուջե, և մենք ընդամենը օգնելու ենք իրենց, որ իրենք կարողանան ավելի հեշտ ծախսել այդ գումարները»,-ասաց Քերոբյանը։ 

Այս առումով՝ նախագծով ակնկալվող արդյունքներից է գովազդի ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծումը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ որոշման նախագիծը վերաբերում է բացառապես առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է.

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը որևէ կերպով չվնասի մեր սպառողների իրավունքներին, գործընկերների հետ դեռ աշխատելու ենք Ազգային Ժողովում, և միայն միասնական և հավասարակշռված գործունեության արդյունքում արդեն կունենանք օրենքի վերջնական տեսքը»,-ասեց ԱՆ  Անահիտ Ավանեսյանը։ 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունն ազդեցություն է ունենալու նաև թողարկվելիք գովազդի բովանդակության վրա, որովհետև դա էլ է «վտանգավոր հարց»։ 

Նախարարն ասաց, որ «Գովազդի մասին» օրենքն այդ ամենը կարգավորում է, պայմանները բավականին խիստ են, ինչպես նաև՝ մինչև տեղադրելը տնտեսվարողները բովանդակային մասով թույլտվություն են ստանում։

Փոխվարչապետն Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվեց՝ գովազդի տեղակայման հարցերը կարգավորվելու՞ են (օրինակ, դպրոցների մոտ կամ այլ տեղերում), թե՞ դրա անհրաժեշտությունը չկա։

Քերոբյանը պատասխանեց, որ անհրաժեշտություն չկա, մինչդեռ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այդ հարցերը դեռ քննարկվելու են, քանի որ Առողջապահության նախարարության նպատակն է հնարավորինս պաշտպանել նաև սպառողներին։ 

Որոշումն ընդունվեց միաձայն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter