HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շմոլ գազի թունավորումից ընտանիքի հինգ անդամների մահվան համար մեղադրվում է փականագործը, վերջինիս փաստաբանն այլ վարկած ունի

Երեք տարի առաջ, 2019թ-ի նոյեմբերի 15-ին Նոր Հաճն քաղաքում շմոլ գազի թունավորումից մահացան ընտանիքի հինգ անդամները՝ 77-ամյա ժաննա Սիմոնյանն ու նրա անչափահաս թոռնիկները՝ էդուարդ, Տիգրան, Սերինե և ժաննա Միրոնյուկները։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երեխաներից երկուսի դին հայտնաբերվել էր լոգարանում, երեքը՝ եղել էին ննջարանում:

Ընտանիքի մահվան համար նախաքննական մարմինը մեղադրեց «ԷՅ֊Ի-ՋԻԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի աշխատակից Ռոստոմ Հայրապետյանին։ Փականագործը վերջին անգամ բնակարան այցելել է 2019թ․-ի հունիսի 8-ին, և ըստ առաջադրված մեղադրանքի՝ չի հայտնաբերել առկա խախտումները, չի արձանագրել և խախտումները վերացնելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել։ «2019թ-ի նոյեմբերի 15-ին բնակարանի բնակիչների կողմից խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչի շահագործման արդյունքում այրման արգասիքները մթնոլորտ դուրս չեն եկել, ամբողջովին լցվել են խոհանոց, այնուհետև բնակարանի մյուս հատվածներ։ Արդյունքում՝ առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր թույլատրելի սահմանաքանակը գերազանցող շմոլ գազի կոնցետրացիա, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է մահ»,- ասվում է մեղադրական եզրակացությունում։

Քրեական գործի դատաքննությունն սկսվել է 2020թ հունիսի 15-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավոր Վարդան Ստեփանյանը քրեական գործը քննել է մեկ տարի, որից հետո կենսաթոշակի անցնելու հիմքով նրա լիազորությունները դադարեցվել են։ Գործը վերամակագրվել է դատավոր Գեղամ Մարգարյանին, որն էլ 2021թ հունիսի 23-ին վերսկսել է դատաքննությունը։

Ընտանիքի ողբերգական մահվան պատմությունը ժամանակին ցնցեց հանրապետությունը, բայց զարմանալիորեն այս գործը դուրս է մնացել լրատվամիջոցների ուշադրությունից։ Երկու տարուց ավելի դատարանում քննվող գործի հանրային ուշադրությունից դուրս մնալու միակ բացատրությունն այն կարող է լինել, որ դատաքննությունն սկսվելու մասին իրազեկում չի արվել։ Հետագայում՝ պատերազմի մեջ ներքաշված Հայաստանում տիրող խառնակ վիճակը ու դրան հաջորդած հետագա իրադարձությունները մոռացության են մատնել ընտանիքի ողբերգական պատմությունը։ 

Գործով ամբաստանյալ ճանաչված «ԷՅ֊Ի-ՋԻԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի աշխատակից Ռոստոմ Հայրապետյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Նրա փաստաբան Լուսինե Զեյնալյանը հայտնեց, որ դատաքննությունը հիմա լրացուցիչ միջնորդությունների փուլում է գտնվում, լրացուցիչ հարցաքննելու են փորձագետին և մասնագետին։ Նրանց պատասխանները եթե չգոհացնեն իրենց՝  նոր միջնորդություններ կներկայացնեն դատարանին։

Լուսինե Զեյնալյանի կարծիքով՝ ողբերգական դեպքը բաժանորդների ինքնագործունեության հետևանքով է տեղի ունցել և ոչ թե անվտանգության տեսուչի անփութության կամ խախտումները չգրանցելու։ «Դեպքի վայրի զննության լուսանկարների մեջ ակնհայտ երևում է, որ գազօջախի աչքի վրա շուռ տված թավա կա, նաև հարևանների խոսակցություններից տեղեկացել ենք, որ գազօջախի փուռն են միացրել տաքանալու համար, դրանից կարող էր շմոլ գազն այդքան շատ լցվել»,- ասում է ամբաստանյալի պաշտպանը։ Նրանք սոցիալապես անապահով ընտանիք են եղել, գազօջախի փուռն են միացրել տաքանալու համար։

Փաստաբանն իր վարկածը հիմնավորելու համար նախաքննության ժամանակ նոր փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել, բայց քննիչն ու դատախազը նպատակահարմար չեն համարել։ «Նախաքննական մարմինը ակնհայտ խախտումներ է կատարել հետագայում, երբ ճարտարագետ և փորձագետ են աշխատել դեպքի վայրում՝ այն փոփոխված է եղել՝ այն պայմաններում, երբ բնակարանը կնիքված, կապարակնքված է եղել քննչական կոմիտեի կնիքներով։ Այս գործով դեպքի վայրի զննություն ու հետազոտություն են կատարել, բայց նորմալ փորձաքննություն չեն իրականացրել»,- հայտնեց Լ Զեյնալյանը։

Նախաքննական մարմինը երկու փորձաքննություն է նշանակել, մեկը՝ ճարտարագիտական, իսկ մյուսով մահացածների օրգանիզմում շմոլ գազի պարունակությունն են որոշել։ Հետազոտություն են իրականացրել՝ պարզելու համար, թե ջրատաքացուցիչը մեկ ժամ աշխատելու ընթացքում ինչքան շմոլ գազ կարտադրեր, և սարքը ցույց տված տվյալներով՝ հնարավոր չէր թունավորվել։ Ինչ վերաբերում է նրան, որ տանիքում օդանցքը և ծխատարը փակ են եղել՝ նեղ մասնագետների կարծիքով՝ այդ դեպքում մի քանի ժամվա ընթացքում ջրատաքացուցիչը պետք է դեֆորմացվեր կամ՝ գոնե դեղներ։ 

Փաստաբանը համեմատական է անցկացրել ընտանիքի նախորդ տարիների գազասպառման ցուցանիշների միջև և պարզել է, որ ամռան սեզոնին, մեկ եռամսյակի ընթացքում 30 խմ գազ են սպառել, իսկ ձմռանը՝ 120 խմ են ծախսել։ «Տուժողի իրավահաջորդը պնդում է, որ իրենք երբևիցե գազով չեն տաքացրել բնակարանը, միայն ճաշ են եփել ու լողացել են։ Մինչդեռ, ձմռանը 4-5 անգամ ավել է կազմել գազի ծախսը, այն դեպքում, երբ ամռանն ավելի շատ պետք է լողանային»,- ասում է Լ Զեյնալյանը։ 

Վերջինս հայտնեց, որ դեպքից մեկ օր առաջ է տեսուչը գրանցել գազի սպառման ցուցանիշը և պարզվել է, որ մեկ օրվա մեջ 16 խմ գազ են ծախսել։ Փաստաբանը պնդում է, որ քննություն պետք է կատարեին և պարզեին, թե 16 խմ-ն ինչպես է ծախսվել մեկ օրում, սակայն նախաքննական մարմին այդ մասով փորձարարություն չի իրականացրել։ Անվտանգության սարքը մշտապես անջատված է եղել, և դա չի հերքում տուժողների իրավահաջորդը։ Դեպքի օրը նույնպես սարքն անջատված է եղել։ Տեսուչը 5 ամիս առաջ է այց կատարել բնակարան, այդ ժամանակ խախտում չի հայտնաբերվել։

Նաև փորձաքննությամբ դիակների օրգանիզմում շմոլ գազի քանակությունն են որոշել։ Պարզվել է, որ տղաների օրգանիզմում շմոլ գազի քանակն ավելի շատ է եղել, քան աղջիկ երեխաների ու տատիկի մոտ։ Փաստաբանը փոխանցեց բժիշկների բացատրությունը՝ ինչքան ստամոքսը դատարկ է եղել, այնքան շատ է լցվել։ Հետևությունն այն է, որ տղաները սոված են եղել, և ստամոքսը լցվել է շմոլ գազով։ 

Ողբերգական պատահարի առաջին օրերին մամուլը գրեց, որ երեխաների հայրն ու մայրն ամուսնալուծված են և բնակվում են Ուկրաինայում։ Երեխաների խնամակալությունն ստանձնել էր տատիկը, նրանց աջակցել է նաև հորեղբայրը՝ Աշոտ Մարգարյանը: Վերջինս տուժողների իրավահաջորդ է ճանաչվել, բայց փաստաբան չի ներգրավել գործում։ Երեխաների հայրը՝ 47-ամյա Արման Մարգարյանը, մասնակցել է ընտանիքի հուղարկավորությանը, իսկ մայրը չէր ցանկացել վերջին հրաժեշտը տալ իր երեխաներին։ 

Հիշեցնենք, որ այդ օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր Զարուհի Բաթոյանը, նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ երեխաներից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույրն ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել: Նրանք շաբաթ-կիրակի օրերին ապրել են տատիկի հետ։

Երեխաները հաճախել են Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոց, որի փակվելուց հետո, 2019թ սեպտեմբերից հարկադրված վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter