
ԲԴԽ անդամի թեկնածու Երանուհի Թումանյանցը ևս նախընտրեց «շատ չխոսել»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն Ազգային ժողովում ներկայացրեց նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Երանուհի Թումանյանցին: Ի տարբերություն Կարեն Անդրեասյանի թեկնածությունը ներկայացնելուն՝ տիկին Վարդանյանը Թումանյանցին ներկայացրեց «համառոտ» կենսագրական տվյալներով:
Նշենք, որ Երանուհի Թումանյանցն ավարտել է Երևանի «Մանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իրավաբանական գիտությունների թեկնածու է: 2009թ.-ից Փաստաբանների պալատի անդամ է: 2015 թ. նշանակվել է ՄԻՊ տեղակալի պաշտոնում: Այսինքն, այն ժամանակ, երբ ՄԻՊ-ը Կարեն Անդրեասյանն էր:
Վարչապետի 2021թ. սեպտեմբերի 30-ի որոշմամբ նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: Այստեղ նույնպես Թումանյանցը զբաղեցրել է Կարեն Անդրեասյանի տեղակալի պաշտոնը:
Երանուհի Թումանյանցը, լսելով ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանին ուղղված պատգամավորների հարցերը, առանձնացրել է, որ կարմիր թելով անցնում էր «արդարություն» բառը և արդարության ձգտման անհրաժեշտությունն ու կարևորությունը:
Թումանյանցը նշեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում առնչվել է անարդարությանը: Դրանցից նշեց, որպես հանրային գերակա շահ ճանաչված Հյուսիսային պողոտայի գործերը և դատական իշխանության կողմից «խայտառակ իրավիճակները», Եվրոպական դատարանի վճիռները, որի հետևանքով հարկատուների հաշվին վճարվում են փոխհատուցումները:
«Ես լիահույս եմ, որ այս անցյալին վերադարձ չի լինի»,-ասաց Ե. Թումանյանցը` հավելելով, որ ինքն էլ երկար չի ցանկանում խոսել: Նման հայտարարություն էր արել նաև թեկնածու Կարեն Անդրեասյանը:
«Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ ձեր վստահության քվեն ստանալու դեպքում անմնացորդ ջանքեր կգործադրեմ Հայաստանի Հանրապետությունում կայացնելու անկախ ու հանրային վստահությունը վայելող դատական իշխանություն»,- խոսքը եզրափակեց Թումանյանցը:
Մեկնաբանել