
ԲԴԽ անդամի թեկնածուին ընդամենը մեկ բովանդակային հարց տվեցին
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից ընդամենը երեքը հարց ուղղեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Երանուհի Թումանյանցին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է հրավիրվել` Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) երկու անդամ ընտրելու նպատակով: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջացած երկու թափուր տեղերի համար թեկնածուներ է առաջադրել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին (երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել) և արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցին:
Պատգամավոր Զարուհի Հարությունյանին հետաքրքրում էր «հանրային շահի» բովանդակության օրենսդրական բացի հարցը:
Պատգամավոր Կնյազ Հասանովն էլ հետաքրքրված էր դատավորների թվով և նշեց, որ դատական գործերը տարիներով քննվում են և մարդիկ կորցնում են իրենց հույսը:
Թեկնածու Թումանյանցը նշեց, որ արդարադատության նախարարությունում աշխատելու ժամանակահատվածում այս ուղղությամբ բավականին քայլեր ձեռնարկվել է, որոնցից են` մասնագիտացված դատարանների ստեղծումը, դատավորների թվի ավելացումը: Գործերի քննության ողջամիտ ժամկետի պահպանման ուղղությամբ ևս մի շարք պրոցեսներ են սկսվել և շուտով ավարտին կհասցվեն, որոնցից մեկը էլեկտրոնային արդարադատության ներդրումն է:
Նախապես հերթագրված պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հանել էր իր հարցը:
Երանուհի Թումանյանցը, ինչպես ԲԴԽ թեկնածու Կարեն Անդրեասյանը, եզրափակիչ ելույթով հանդես չեկավ:
Պատգամավորները ժամը 14:00-ից մինչև ժամը 15:00-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրելու են ԲԴԽ երկու անդամներին:
Մեկնաբանել