
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընտրում է ԿԸՀ նախագահ և անդամներ
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրվել՝ ընտրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահին ու վեց անդամին: 107 պատգամավորից նիստին գրանցվել է 56-ը: Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է օրեր առաջ մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Նա աշխատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթում որպես լրագրող, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական:
Իր ելույթում Վահագն Հովակիմյանը ԱԺ ամբիոնից «ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց», որ ընտրվելու դեպքում ջանք չի խնայելու նպաստելու, որպեսզի Հայաստանում ժողովրդավարությունն էլ ավելի զարգանա և կայանա:
«ԿԸՀ նախագահի պաշտոնում գործելու եմ բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ ընտրական համակարգի հեղինակության և վստահելիության բարձրացման, որ Հայաստանում ընտրությունները լինեն էլ ավելի ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային»,- ասաց Վահագն Հովակիմյանը:
ՔՊ-ն ԿԸՀ-ի անդամների պաշտոնում առաջադրել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության խորհրդական Աննա Գրիգորյանի թեկնածությունը: Մյուս թեկնածուն ոստիկանության փոխգնդապետ Ժիրայր Կարապետյանն է:
Մշակույթի նախարարի նախկին խորհրդական Արուսյակ Տերչանյանը ևս իշխող կուսակցության կողմից առաջադրվել է ԿԸՀ անդամի թեկնածու:
ՔՊ-ն առաջադրել է նաև ԿԸՀ գործող անդամներ Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի թեկնածությունները:
Մեկնաբանել