Առաջիկա տարիներին Հայաստանը կունենա ուռուցքաբանական բարձրակարգ ծառայություն
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների պատվիրակությանը` Ռոլանդո Կամաչոյի գլխավորությամբ:
Ռոլանդո Կամաչոն ներկայացրել է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում փորձագետներն այցելել են Երևանի և մարզային օնկոլոգիական ծառայություններ իրականացնող բուժհաստատություններ:
Հյուրերը ծանոթացել են մեր երկրում տարբեր մակարդակներում իրականացվող օնկոլոգիական ծառայությունների որակին, ռեսուրսներին, սարքավորումներով հագեցվածությանը և ոլորտի խնդիրներին:
Փորձագետները հատկապես կարևորել են հայ բժիշկների մասնագիտական հմտությունների և պատրաստվածության պատշաճ մակարդակը, ինչպես նաև բարձր են գնահատել իմունականխարգելման գործընթացը, մասնավորապես հեպատիտ Բ-ի կանխարգելման առումով:
Ռոլանդո Կամաչոն նշել է, որ դիտարկումների վերաբերյալ իրենց հաշվետվությունը կներկայացվի նախարարին 2-3 ամսվա ընթացքում:
Հարություն Քուշկյանը վստահեցրեց, որ առաջիկա տարիներին Հայաստանը կունենա ուռուցքաբանական բարձրակարգ ծառայություն` վերացնելով բացթողումները, ամրապնդելով ձեռքբերումները: Նախարարը պատվիրակության անդամներին առաջարկել է 2 տարի անց այցելել և համոզվել:
ՀՀ առողջապահության նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել