
Իրանը հրապարակել է Մահսա Ամինիի մահվան պատճառների բժշկական եզրակացությունը
Իրանը հրապարակել է քրդուհի Մահսա Ամինիի մահվան պատճառների պաշտոնական բժշկական եզրակացությունը, որի պահվան հետևանքով երկրի ողջ տարածքում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր։ Ըստ իրանական կողմի՝ 22-ամյա Ամինին մահացել է ոչ թե հարվածներից, այլ ուղեղի քաղցկեղի հեռացման ժամանակ վիրահատական միջամտության պատճառով, որը նրան արվել էր 8 տարեկան հասակում։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Իրանի դատական բժշկական կազմակերպությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բժշկական եզրակացությունը հիմնված է պաթոլոգոանատոմիական հետազոտության, Ամինիի դիահերձման, ինչպես նաև՝ կնոջ ուղեղի և թոքերի լուսանկարների վրա, որն արվել է համակարգչային շերտագրության օգնությամբ։ Զուգահեռաբար, Ամինիի հայրը պնդում է, որ իր աղջիկն ունեցել է հիանալի առողջություն, մինչև Իրանի բարքերի ոստիկանության կողմից ձերբակալությունը։
Մահսա Ամինին մահացել էր սեպտեմբերի 16-ին այն բանից հետո, երբ դրանից երեք օր առաջ ձերբակալվել էր Թեհրանում՝ հիջաբի ոչ ճիշտ կրման մեղադրանքով։ Իրավապաշտպանների պնդմամբ՝ Ամինին, գտնվելով կալանավայրում, գլխի հատվածում ստացել է վնասվածք։ Աղջկա մահն Իրանում զանգվածային ցույցերի մեկնարկի պատճառ էր դարձել։ Ցույցերի ճնշման ժամանակ զոհվել է արդեն մոտ 90 մարդ։
Զուգահեռաբար Իրանի իշխանությունները հերքում են մեղադրանքներն այն մասին, որ ուժայինները Քարաջ քաղաքում բողոքի ցույցի ճնշման ժամանակ սպանել են 16-ամյա Զարինա Էսմայիլզադեին։ Երկրի արդարադատության մարմինները պնդում են, որ նա ինքնասպան է եղել։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը սեպտեմբերին հայտնել էր, որ Էսմայիլզադեն մահացել է այն բանից հետո, երբ ոստիկանները ձողերով հարվածել էին նրա գլխին։
Լուսանկարը՝ Yasin Akgul / AFP/Getty Images
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել