HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հարություն Մանուչարյանը հրաժարվեց Բերդ համայնքի ավագանու մանդատից, դատարանը նրան կալանքից ազատեց

Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման ընտրություններում ամենամեծ թվով քվե ստացած «Զորավոր համայնք» դաշինքը գլխավորող Հարություն Մանուչարյանը հոկտեմբերի 7-ին հայտարարեց, որ հրաժարվել է համայնքի ավագանու մանդատից։ Այս հայտարարությունից հետո դատարանը փոխեց նրա խափանման միջոցը, և երեկ նա 6 մլն դրամ գրավի դիմաց ազատվեց կալանքից։ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը 2021թ նոյեմբերի 9-ից կալանավորված էր և դատաքննությունը դեռևս չի ավարատվել։  

Հ Մանուչարյանը և իր գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու թեկնածուներից ևս երկուսը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններից մի քանի օր անց ինքնաբացարկ ներկայացրին։ Նրանցից մեկը Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանն է, որին ընտրություններից անմիջապես հետո ձերբակալեցին և երկու ամսով կալանավորեցին։ ՀՄանուչարյանին կալանավորելուց հետո նա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել և «Զորավոր համայնք» դաշինքի ընտրացուցակում երկրորդն էր։ Ինքնաբացարկ ներկայացրեց նաև ընտրացուցակի 10-րդ համարը՝ Սարգիս Մարգարյանը։ 

Սեպտեմբերի 24-ի երեկոյան իրավապահները ձերբակալեցին «Զորավոր համայնք» դաշինքի ընտրացուցակի ևս երկու անձանց՝ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանին եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանին։ Դատարանը երկու ամսով կալանավորեց նրանց՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատարին քարոզչության հարկադրելու մեղադրանքով։ 

Քվեարկությանը նախորդող գիշերը Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որից տեղեկանում ենք, որ այս ընտրատարածքում ԱԱԾ-ն  է ձեռքը վերցրել «օրինականության» վերհսկումը։ Պատճառը, այս իշխանությանը չհամակրող Հարություն Մանուչարյանի՝ կալանավայրից ընտրապայքարին մասնակցելն էր, որը մեծ լարվածություն էր ստեղծել ընտրատարածքում։ 

«Բացի քրեական վարույթի շրջանակներում տուժող ճանաչված «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից իրավապահներին հայտնած տեղեկություններից, քննչական գործողությունների ճանապարհով տվյալներ են ձեռք բերվել ինչպես վերջինիս՝ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու, այնպես էլ՝ քրեական վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստական հանգամանքներ ևս։

Մասնավորապես, օրենքով սահմանված կարգով Բերդի համայնքապետարանի վարչական շենքում՝ համայնքապետի, համայնքապետի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակներում, կատարվել են խուզարկություններ։
Բացի այդ, օրենքով սահմանված կարգով կատարվել է նաև աշխատակազմի քարտուղարի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարի՝ «Հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերտիվ-հետախուզական միջոցառումը․․»,- ձերբակալությունների մասին լրացուցիչ հիմնավարումներ է ներկայացնում Քննչական կոմիտեն։

Իրավապահների աջակցությամբ ընտրության արդյունքները շրջելու այս հնարքին հանրությունն արդեն ծանոթ է այլ համայնքներից։ Մինչ այդ, նույն ճանապարհն անցել էին Վարդենիս, Վանաձոր, Գորիս, Թալին և այլ համայնքներ, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լուրջ մրցակիցներ ուներ։ Նրանք թիրախավորվեցին և կալանավորվեցին ընտրապայքարի ժամանակ կամ ընտրություններում հաղթելուց հետո։ Վարդենիսում հաջողվեց դատական ճանապարհով պաշտպանել բնակչության քվեն, իսկ Վանաձորում իշխանությունները կարողացան  չեզոքացնել ընտրության արդյունքները։ Մոտ մեկ տարի է այստեղ տեղական իշխանություն չի ձևավորվում, քանի որ ամենաշատ քվե ստացած դաշինքը գլխավորող Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը շարունակում է կալանավորված մնալ։

Բերդում «Զորավոր համայնք» դաշինքը գլխավորող Հարություն Մանուչարյանին հաջողվեց կալանքի տակ գտնվելով ամենաշատ ձայներն ստանալ՝ 51,30%։ Ավագանու 11 մանդատ ունենալով դաշինքը միայնակ իշխանություն է ձևավորում համայնքում։ Իշխող քաղաքական ուժն այս ընտրատարածքում  38,79% քվե է ստացել և ունի 8 մանդատ, մյուս՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքն ստացել է 9,88% և ունի 2 մանդատ։ Վերջին երկուսը անգամ կոալիցիա կազմելով մեծամասնություն չեն կարող դառնալ, ընդհանուր 48․67% քվեով։

Որպեսզի չկրկնվի մյուս համայնքներում գործադրված ճնշելու մեթոդը՝ «Զորավոր համայնք» դաշինքի ընտրացուցակի բոլոր խոցելի անձինք հրաժարվեցին մանդատից։ Նոյեմբերի 10-ին նշանակված ավագանու նիստում այս դաշինքը միայնակ տեղական իշխանություն ընտրելու հնարավորություն ունի, բայց՝ առանց իշխանությունների կողմից անցանկալի անձ հայտարարված անձանց։

 

Այդուհանդերձ, ի՞նչ են արձանագրել դիտորդական կազմակերպությունները

Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ տեղի ունեցավ 18 համայնքում։ Վերջին չորսը տարիներին հասարակական կազմակերպություններն առանձնապես ակտիվություն չէին դրսևորում ընտրությունների ժամանակ՝ դիտորդություն գրեթե չէր իրականացվում։ Սակայն սեպտեմբերի 25-ին մի քանի դիտորդական կազմակերպություն է ներգրավվել։

«Անկախ դիտորդ»-ում միավորվել են 6 կազմակերպություններ, որոնց թվում դիտորդության երկարատև փորձառություն ունեցողներ կան։  Քվեարկության ընթացքում դիտորդական առաքելությունը Բերդ համայնքում խախտումներ, միջադեպեր չի արձանագրել։ Առանձին գրաֆիկով ներկայացրել են տեղամասային կենտրոնների ընդհանուր կարգապահությունը, ըստ որի՝ բոլոր համայնքներից ամենաբարձր կարգապահությունը եղել է Բերդի ընտրատեղամասերում։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հ/կ-ի ձևավորած «Ականատես» դիտորդական առաքելությունը, որում ընդգրկվել է չորս կազմակերպություն, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն է իրականացրել 10 համայնքում, այդ թվում Բերդում։ Միակ խախտումը, որ արձանագրել են Բերդում՝ ընտրական քարոզչության իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն իրականացնելու մեկ դեպքի մասին է։ «Մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերդ համայնքում «Զորավոր համայնք» դաշինքի քարոզչական միջոցառմանը ներկա է եղել շրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանան, ով ելույթ ունենալով միջոցառման ժամանակ, իր օրհնությունը և դաշինքին աջակցող խոսքեր է հղել»,- նշված է հաշվետվության մեջ։

Դիտորդական առաքելությունները այս համայնքում վարչական ռեսուրսը չարաշահելու դեպքեր չեն արձանագրել։ Գնահատական չեն տվել նաև ընտրապայքարի մասնակիցներին կալանավորելու դեպքերին, և ընտրության արդյունքների վրա դրանց ունեցած ազդեցությանը։ Չեն անդրադարձել ընտրողների ազատ կամարտահայտման, թեկնածուների վրա պետական կառույցների գործադրած  ճնշումներին, նախընտրական շրջանում լրատվամիջոցներում և սոցցանցերում արված հրապարակումներին։ Օրինակ, ճի՞շտ էր այն տեղեկությունը, որ Պետեկամուտների կոմիտեն նախընտրական քարոզչության շրջանում ստուգումներ է կատարել «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածուների ու ակտիվիստների ընկերություններում։

Ոստկանությունը քվեարկության օրը, դրան նախորդող և հաջորդող օրերին ոչ մի հաղորդագրություն չի հրապարակել ընտրատարածքներից։ Դատախազությունը, Քննչական կոմիտեն չեն անդրադարձել մամուլում և սոցիալական ցանցերում հրապարակված օրինախախտումների մասին տեղեկություններին։ Նախորդ տարիներին դատախազությունը հետամուտ էր հրապարակումների իսկությունը ստուգելուն։ Այս անգամ ոչ մի կառույց չի արձագանքել և չի հերքել հրապարակումները, որոնք լուրջ ընտրախախտումների մասին են վկայում։  

Մասնավորապես գրվեց, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը համակարգել է ընտրություններում ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործը՝ այդ նպատակով մոբլիզացնելով Արծվաբերդի անտառտնտեսության պաշտոնյաներին, հանրակրթական դպրոցների տնօրեններին, Բերդի ԲԿ-ի ղեկավար կազմին եւ այլոց։ Սեպտեմբերի 25-ին գտնվել է Բերդ քաղաքում, ընտրական տեղամաս է մտել, զինվորականներին ուղեկցել է ընտրատեղամաս, վերահսկել է նրանց քվեարկությունը և այլն։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու Վահրամ Սուքիասյանը, որը Միասնական սոցիալական ծառայությունների Բերդի կենտրոնի տնօրենն է, ընտրողներին նպաստ նշանակելու խոստումներ էր տալիս։

Դիտորդություն իրականացնող կազմակերպություններն իրենց հաշվետվություններում  գնահատական չեն տվել նաև հետընտրական գործընթացներին, որոնք պակաս կարևոր չեն ընտրությունները գնահատելու համար։ 

  

Լուսանկարները «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter