Օհանավանում ընտրված գյուղապետի հարցը դեռ որոշված չէ
Այս պահին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում լարված իրավիճակ է: Մայիսի 22-ին կայացած ընտրություններին գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Նշան Միսակյանը 44 ձայնի տարբերությամբ պարտվել է անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանին, որին ոչ բացահայտ սատարել է ԲՀԿ-ն: Նշան Միսակյանը հավաքել է 566 ձայն, Ալեքսան Ալեքսանյանը` 610, իսկ երրորդ թեկնածուն` Ամասիկ Միսակյանը 228 ձայն:
Ն. Միսակյանը ընտրություններից հետո հայտարարել էր, թե իր մրցակիցը կեղծիքներով է ընտրվել եւ ընտրությունների արդյունքները բողոքարկել էր թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
Այսօր թիվ14 ԸԸՀ անդամները Օհանավանում վերահաշվարկ են իրականացնում: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Ոսկանյանը, այս պահի դրությամբ խախտումներ եւ անճշտություններ չեն հայտնաբերվել: «Ստուգումները մինչեւ երեկո կշարունակվեն, որից հետո հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի»,- ասաց Մ. Ոսկանյանը:
Պարտված գյուղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ խախտումները պետք է հայտնաբերեն իրավասու մարմինները, եւ այս պահի դրությամբ ինքը ոչինչ անել չի կարող: Հարցին, թե հնարավոր է ընտրությունների արդյունքները բողոքարկի նաեւ դատարանում, Նշան Միսակյանը պատասխանեց, թե այս պահին չի կարող հստակ պատասխանել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել