HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» ընթերցողների հարցերին պատասխանել է Անահիտ Բախշյանը

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին Անահիտ Բախշյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր Երեւանի թիվ 12 ընտրատարածքում, ինչպես նաեւ ընդգրկված էր «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում` 14-րդ տեղում, սակայն չի ընտրվել:

Արս - Տիկին Բախշյան խոսակցություն կա, որ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, որքանո՞վ է ճիշտ: Շնորհակալություն  

Շնորհակալություն: Նման խոսակցության մասին ես չեմ լսել:

Գարիկ - Դուք «Ժառանգություն» խմբակցության առաջամարտիկներից էիք Ազգային ժողովում: Համամասնական ցուցակի առաջին տեղերում Ձեզ չընդգրկելը, արդյոք հարված չէ՞ր կուսակցության կողմից:  

Շնորհակալություն: Ընտրություններից հետո առկա վիճակից ելնելով, կարծում եմ՝ Դուք կարող եք այդպես մտածել, սակայն իրականությունն այն է, որ ես հարված ստացա ոչ թե կուսակցության, այլ մեր ընտրող հասարակության կողմից:

Վանիկ Հարգելի տիկին Բախշյան, Ձեր մրցակիցներից Լյովա Խաչատրյանը եւ Ռոբերտ Մասումյանը Ձեզանից շատ ձայներ հավաքեցին շնորհիվ ընտրակաշառքի։ Դա են վկայում նրանց օգտին քվեարկած քվեաթերթիկների յուրահատուկ ձեւով ծալելը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս է չակերտավոր հաղթած Լյովա Խադատրյանը նայելու Ձեր աչքերի մեջ։ Չէ՞ որ նա տղամարդու խոսք էր տվել, որ ընտրակաշառք չի բաժանելու։ 

Շնորհակալություն; Լավ էլ նայել է, երբ ես հրավիրվեցի մասնակցելու ընտրվելու կապակցությամբ իր կազմակերպած խնջույքին: Այնտեղ Լյովային ասացի. «Լյովա ջան, այդ ինչպե՞ս է լինում, որ որպես պատգամավոր ինձ են գովում, բայց քեզ են ընտրում»:

Գեւորգ - Տիկին Բախշյան, դուք գո՞հ եք «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միությունից, որն ավելի պակասեցրեց «Ժառանգության» մանդատները խորհրդարանում: Արդյոք, սա նախագահական նստավայրում գծագրված սցենար չէ՞ր: 

Շնորհակալություն; Իմ կարծիքով, հատկապես Երևանում, որտեղ 2007-ին մենք ավելի բարձր ցուցանիշ ենք ունեցել, մեր ցուցակին հավանություն չտվեց հասարակության այն ընտրազանգվածը, ով «Ժառանգության» գործող խմբակցության հետ լուրջ հույսեր էր կապում: Մեզ չհաջողվեց քարոզարշավի 28 օրերի ընթացքում լիարժեք ու համոզիչ կերպով հիմնավորել մեր ցուցակում ընդգրկված անձանց հաջորդականությունն ու ապագա խմբակցության գործունեության ավելի բարձր արդյունավետության երաշխիքները:

Աշոտ Ալեքսանյան - Հարգելի տիկին Բախշյան, մի՞թե մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը մինչը հիմա չհասկացան, որ օրինական ճանապարհով ոչ մի իշխանափոխություն չի լինի, նրանք իրենց թալանածը հետ չեն տա, միայն համընդհանուր անհնազանդության դեպքում երկիրը կարելի է փրկել այդ տզրուկներից։  

Շնորհակալություն Աշոտ ջան, կարող է դու ճիշտ ես, սակայն ես քո առաջարկած մեթոդի կողմնակիցը չեմ և չեմ հուսահատվում, այլ կողմնակից եմ օրինական ճանապարհով իշխանափոխություն անելուն կամ իշխանությանը երկաթյա զսպաշապիկ հագցնելուն, որը կարելի կլիներ, եթե ժառանգությունն ԱԺ-ում ունենար 12-15 մանդատ: Նույնիսկ 5 մանդատով էլ կարելի կլինի, եթե ընդդիմադիր ուժերը ճիշտ համագործակցեն ԱԺ-ում:

ԿարենՁեր կուսակցությունը բնապահպանական խնդիրների հետ շատ է առնչվել: Ի՞նչ եք կարծում՝ նոր կառավարությունում էլի փողով պաշտոնի են նշանակելու՞: 

Շնորհակալություն Կարեն, «Ժառանգությունը» շարունակելու է բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնել ու պահանջատեր լինել, իսկ երկրորդ հարցիդ պատասխանեմ հարցով՝ իսկ ի՞նչ է փոխվել, ընդհակառակը տիեզերական չափերի հասավ ընտրակաշառքը և իհարկե դրան համապատասխան կլինեն նոր պաշտոնյաներ:

Արարատ - Տիկին Բախշյան: Ինչպես եք գտնում, նորընտիր պառլամենտը նախորդից կտարբերվի՞ ավելի արդյոնավետ աշխատելու տեսանկյունից: Կունենա՞նք հետընթաց ապրող գործընթացներ և այդ գործընթացներից որոնք եք ավելի «փակուղային» համարում: 

Շնորհակալություն; Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ հետընթաց արձանագրեցին, որովհետև եթե անցյալ խորհրդարանում սկզբից գործում էինք 7 ընդդիմադիր, 2009 թվականից սկսած՝ 20 պատգամավորներ, ապա նորում կգործեն 15 պատգամավորներ: Չնայած եթե իշխանական քաղաքական ուժն ուզում է անցկացնել որևէ օրինագիծ, որը քննադատվում է ընդդիմության կողմից, ապա որոշիչ չեն կարող լինել ընդդիմության ոչ 20, ոչ՝ 15 կոճակը, սակայն որքան մեծ թվով պատգամավորների կողմից քննադատվի ու իրենց առաջարկություններով տվյալ նախագիծը բերվի ընդունելի տեսքի, այնքան մեծ կլինի խորհրդարանի գործունեության արդյունավետությունը; Նաև այս տեսանկյունից կարելի է հետընթաց արձանագրել:

Քրիստինե - Հարգելի տկն Բախշյան, Ձեր պատգամավորական գործունեության ընթացքում ամենամեծ ձեռքբերումը ի՞նչն եք համարում և չարած կամ չավարտած ո՞ր գործերի համար եք ափսոսում:  

Շնորհակալություն Քրիստինե ջան, «Ժառանգություն» խմբակցության ամենամեծ ձեռքբերումն, իմ կարծիքով, ընդդիմադիր քաղաքական ուժի գործունեության նոր մշակույթի ներդրումն էր ԱԺ-ում՝ բուռն ու համարձակ քննարկումներ, ակտիվ մասնակցություն բոլոր հանձնաժողովներում: Աշխատեցնելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի բոլոր կետերը` մեզ հաջողվեց պաշտպանել քաղաքացիների օրինական շահերը: Առաջին անգամ մեր պատգամավորներն ամբողջությամբ կիրառեցին ԱԺ պատգամավորի լիազորություններին վերաբերող հոդվածի բոլոր կետերը՝ սկսած Կառավարության նիստերին ներկա գտնվելուց՝ մինչև տարբեր պետական պաշտոնյաների գրասենյակներում քաղաքացիների կողմից բարձրացված տարբեր խնդիրներով քննարկումներ հրավիրելու օրենքի պահանջն իրականացնելը: Միշտ չէ, որ նման քննարկումների ժամանակ մեր քաղաքացիների օրինական պահանջները դրական լուծում են ստացել, սակայն այն փաստը, որ նման քննարկումից հետո, անձամբ ես, հետևողականորեն այդ հարցն անընդհատ բարձրացրել եմ բոլոր հնարավոր ամբիոններից, զգաստացրել է շատ պաշտոնյաների: Իսկ ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ բացի ԱԺ չորրորդ գումարման առաջին խոսնակից, մյուսներն ավելի հաճախ էին բարձրաձայնում, որ ԱԺ –ն բազմակարծության ամբիոն է և ավելի հանգիստ էին վերաբերվում իշխանություններին ուղղված ամենասուր քննադատություններին:

Չարածին այլևս չեմ անդրադառնա, սակայն չավարտած գործերիս համար շատ եմ ափսոսում, որոնցից առաջինը «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է, որի հեղինակը կառավարության հետ նաև ես եմ և չգիտեմ, թե ով կպաշտպանի այդ նախագիծն այնպես, ինչպես ես կպաշտպանեի:

Հաջորդ նախագիծը ՊՈԱԿ-ի մասին օրենքում իմ առաջարկած փոփոխությունն էր, որով պաշտպանվում էր «Հանրակրթության մասին» օրենքով ամրագրված պահանջը, ըստ որի` հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման խորհրդի կողմից ընտրված տնօրենն աշխատանքային պայմանագիրը պետք է կնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահի հետ՝ Հիմնադրի անունից, բայց արի ու տես, որ օրենքի պահանջը հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրության մեջ գրվեց այնպես, ինչպես պահանջեցին ՀՀ մարզպետները՝ ոտնահարելով ու շրջանցելով օրենքը: Այդպես էլ մինչ օրս շարունակվում է այս աղաղակող հակասությունը՝ օրենքը պահանջում է մի նորմ, իսկ ստորադաս իրավական փաստաթուղթը՝ մի այլ, ու գործում է օրենքից ստորադաս փաստաթուղթը: Տեսնես կա՞ մի այլ պետություն, որտեղ նման երևույթ լինի:

Շատ կիսատ գործեր մնացին առանձին քաղաքացիական խմբերի սեփականության ոտնահարված իրավունքների հետ կապված: Հատկապես շատ էի զբաղվել Երևանի կենտրոնի Արամի փողոցի 72-80 և Եկմալյան փողոցների սեփականատերերի և այդտեղ նորակառույցներում բնակարաններ գնած քաղաքացիների գործերով: ՀՀ նախագահին ու վարչապետին ուղղված պատգամավորական հարցումներիս արդյունքում վարչապետի հրամանով ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է բացահայտեր նույն բնակարանի վերաբերյալ բազմակի պայմանագրերի առկայության անօրինականությունն ու շատ-շատ այլ ապօրինություններ, որոնց մեջ խառնված են տարբեր պաշտոնյաներ: Շատ-շատ կուզեի հետամուտ լինել այս գործի ընթացքին ու մասնակցեի այդ խարդախ պաշտոնյաների բացահայտմանը:

Կիսատ մնացին նաև Արագածոտնի մարզպետի ու նրա եղբորը պատկանող «Ես և նա» ՍՊԻ կողմից մարզի դպրոցներում իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարարության տեսչության կողմից արձանագրված բազմաթիվ խախտումներին վերաբերող հարցերը, ինչպես նաև Սահակյան եղբայրների վերաբերյալ Էթիկայի հանձնաժողովին ուղղված իմ հարցումները՝ որպես փոխկապակցված անձինք: Եվ նման շատ ու շատ գործեր կիսատ մնացին…

Գրիշա Բալասանյան - Ավագ դպրոցների ստեղծման հետ կապված հասարակության մոտ դեռեւս կարծիքները տարբեր են եւ քիչ չեն բացասական արտահայտվողները: Նախարարությունը մինչ օրս որեւէ վերծուծություն չի իրականացրել, թե որքանով էր նպատակահարմար ավագ դպրոցների գոյությունը: Ձեր կարծիքով` ի՞նչ վերլուծություն պետք է արվի որպեսզի ավագ դպրոցները գործեն կառավարության կողմից ընդունված ռազմավարական հայեցակարգի սկզբունքներին համապատասխան, քանի որ ակնհայտորեն ավագ դպրոցների ներկայիս գործունեությունը շեղվել է հայեցակարգային դրույթներից: 

Շնորհակալություն հարցի համար, Գրիշա ջան: Ավագ դպրոցի նպատակահարմարության հարցը քննարկան չի կարող դրվել, քանի դեռ գործում է 2006-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքում արված փոփոխությունն ու 2009-ին ընդունված «Հանրակրթության մասին» օրենքը, որոնցում պետության կողմից ամրագրված է 12-ամյա հանրակրթության քաղաքականությունը: Այլ հարց է, որ օրենքով ամրագրված քաղաքականությունը և 2008-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված 12-ամյա կրթության ռազմավարության հայեցակարգով ամրագրված սկզբունքներն իրականացնելիս թույլ են տրվել լուրջ շեղումներ, որոնք էլ հասարակության մեջ առաջացրել են անվստահություն գործող ավագ դպրոցների նկատմամբ: Այնպիսի տպավորություն է, կարծես այս կարևոր գործընթացն ինքնահոսի է մատնված, չնայած պարոն Աշոտյանի առաջարկով ԿԳ նախարարին կից կոլեգիայի հաջորդ նիստը նվիրվելու է այս խնդրին:

Շահագրգիռ քաղաքացիներին խնդրում եմ edu.am կայքում գտնել 2008թ. ընդունված Հայեցակարգն ու կարդալ այն փաստարկները, որոնցով հիմնավորվում է ավագ դպրոցի ներդրման անհրաժեշտությունը, որի հետ դժվար է չհամաձայնվել: Սակայն այսօր, լսելով ավագ դպրոցներում առկա խնդիրները, տպավորություն ենք ստանում, որ ավագ դպրոցների ներդրմամբ վերոնշյալ ոչ մի խնդիր էլ չի լուծվել, բացի ավագ դպրոցներում աշակերտ թվով ֆինանսավորման փոփոխությունից, որը միանշանակ բավարար չէ վերոնշյալ ավագ դպրոցի կայացման խնդիրները լուծելու համար: ՀՀ –ում այսօր գործող 107 դպրոցների մեծ մասում ապահովված չեն հայեցակարգով պահանջվող շենքային պայմանները, ջեռուցումը, չկան լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ, գրադարաններ:

Դպրոցներն ապահովված չեն որակյալ մանկավարժներով, գործող ուսումնական պլանը ճկուն չէ, այն թույլ չի տալիս սովորողին լիարժեք բավարարել իր հետաքրքրությունները և կատարել առարկաների ընտրություն ըստ իր նախասիրությունների և պահանջմունքների, երեխաների ընտրությունը որևէ հոսքում կախված է այնտեղ դիմած աշակերտների թվից, եթե սահմանված թիվը չի ապահովվում, ապա հոսքային դասարան չի կազմավորվում և երեխան ստիպված է սովորել այն հոսքում, որտեղ աշակերտների սահմանված թիվն ապահովված է: Այսինքն` այս խնդիրները, որոնց լուծմանն էր կոչված այսօրվա ավագ դպրոցը, մնացել են չլուծված: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության կողմից անհրաժեշտ էր իրականացնել ուսումնասիրություն ըստ դպրոցների, ըստ տարածաշրջանի: Լինել բոլոր ավագ դպրոցներում, լսել տնօրեններին, ծնողներին, հատուկ նպատակով կազմված հարցաթերթերի միջոցով բացահայտել աշակերտների ու ուսուցիչների տեսակետներն ու խմբավորել առկա խնդիրները: Դրանց լուծման նպատակով հրավիրել քննարկումներ և գտնել դրանց լուծումներն ու առաջարկություններ ներկայացնել կառավարությանը: Եթե անհրաժեշտություն կար, փոփոխություններ կատարել արդեն ընդունված իրավական փաստաթղթերում: Սակայն վերոնշյալ վարչության կողմից դեռևս չի հրապարակվել որևէ բովանդակային վերլուծություն, որտեղ բարձրաձայնվեն հասարակությանը հուզող առկա խնդիրներն ու առաջարկվեն լուծումները: Հիշեցնեմ, որ 2010-ից ավագ դպրոցները գտնվում են ԿԳՆ ենթակայության տակ, որը թույլ է տալիս նախարարության հանրակրթության վարչության աշխատակիցներին նախանձախնդրորեն հետևել ու ուսումնասիրել այն ամենն, ինչ կատարվում է դպրոցներում:

Առաջին հերթին ԳԹԿ-ի հետ լուրջ համագործակցության արդյունքում բավականին հեշտ էր բացահայտել յուրաքանչյուր դպրոցում տվյալ հոսքային առարկայի դասավանդման որակն ու արդյունավետությունը, ըստ այդմ` ըստ դպրոցի անդրադառնալ այն խնդրին, թե յուրաքանչյուր դպրոցի դեպքում որքանով և ինչպես են իրականացվում ռազմավարությամբ նախանշված սկզբունքները: Երկրորդ՝ տնօրենների թեկնածուների հավաստագրման գործընթացը նոր ավյուն ու նախաձեռնողականություն էր ակնկալում ավագ դպրոցների տնօրեններից, եթե դպրոցների կառավարման խորհուրդներում ԿԳՆ-ի երեք ներկայացուցիչները տնօրենի թեկնածուից Օրենքով պահանջվող դպրոցի զարգացման ծրագիրը խիստ կարևորեին, լինեին սկզբունքային ու ընտրված տնօրենից հետևողականորեն պահանջեին իրականացնել այդ ծրագիրը, որը խորհրդի հավանությանն է արժանացել, ապա այսօրվա ավագ դպրոցի պատկերն այլ կլիներ: Անձամբ նախարարությունից ակնկալում էի ավագ դպրոցների կառավարման խորհուրդների գործունեության նոր բովանդակություն, որի օրինակը պետք է ցույց տար ԿԳՆ-ն մարզերի կրթության վարչություններին: Ցավոք ոչինչ չփոխվեց:

Լուս.` Նելլի Շիշմանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter