HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակութային ինքնության չափումները և ետխորհրդային արդիականացման ձևերը Հայաստանում

1. Ռուսական-խոհրդային գերիշխանություն եւ խորհրդահայ ազգայնականություն

2. 2000-ականեր. (վերա)արդիականցման որոշ միտումներ Հայաստանում

3. Եզրակացություններ. ինչպես դառնալ ետխորհրդային
 
Սեմինարների շարքը վարում է մշակութաբան Հրաչ Բայադյանը:
 
Մոդերատոր` Սուսաննա Գյուլամիրյան
Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա (www.acsl.am)

Հունիսի 3, 4, 5 (2012)

Ամեն օր, սկիզբը` 18:00
 
«Կալենց» թանգարան, Հ. Կալենցի փ. 18, 0033 Երեւան
 Հեռ.` + 374 10 27 31 66; + 374 (0) 91 95 43 42

Սեմինարների շարքը իրականացվում է «Ժառանգությունը, ինքնությունը եւ հաղորդակցությունը եվրոպական ժամանակակից արվեստի պրակտիկաներում» միջազգային նախագծի շրջանակում (www.atlantisprojects.eu)

Հիմնվելով եվրոպական արվեստի հաստատությունների արդեն գոյություն ունեցող Ատլանտիդա ցանցի վրա` «Ժառանգությունը, ինքնությունը եւ հաղորդակցությունը եվրոպական ժամանակակից արվեստի պրակտիկաներում» նախագիծը նպաստում է սահմանները հատող մշակութային փոխանակությանը, ինչպես նաեւ սեփական ինքնության քննությանը` այն գործընկեր երկրների ինքնության եւ նրանց քաղաքական եւ մշակութային ժառանգության հետ հարաբերելով։
 
Գործընկերները իրականացնում են փոխկապակցված ցուցահանդեսներ Պոտսդամում, Պլովդիվում, Քիշնեւում, Բրատիսլավայում եւ սեմինարների շարք Երեւանում։ Նախագիծը օժանդակում է փոխանակությունը արտիստների միջեւ ռեզիդենտային ծրագրերի միջոցով Պլովդիվում (Բուլղարիա), Երեւանում (Հայաստան), Թբիլիսիում (Վրաստան) եւ Բրատիսլավայում (Սլովակիայի Հանրապետություն)։ Ծրագրերի արդյունքները ներկայացվում են այդ երկրներում կատարվող ցուցադրություններում: ​www.atlantisprojects.eu/
 
Այս նախագիծը ֆինանսավորվել է Եվրահանձնաժողովի աջակցությամբ։
Սեմինարները արտացոլում են միայն հեղինակի տեսակետը, եւ Եվրահանձնաժողովը պատասխանատու չէ դրանցում տեղ գտած տեղեկատվության ցանկացած օգտագործման համար։

Համահովանարող` ՀՀ մշակույթի նախարարություն

Մեր շնորհակալությունն ենք հայտնում «Կալենց» թանգարանին

------------

Այս երեք զեկույցներում ես փորձում եմ հիմնական գծերով ամփոփել արեւելահայ մշակութային ինքնության հարցին վերաբերող վերջին տարիների իմ հոդվածները: Այդ աշխատանքի հիմնական խթանը եղել է ետխորհրդային բարդ, խճճված իրադրության մեջ կողմնորոշվելու, մշակութային, սոցիալական եւ քաղաքական ինչ-ինչ իրողություններ հասկանալու ցանկությունը: Այդ մղումն է թելադրել եւ ձեւավորել նաեւ իմ` անհրաժեշտաբար հատվածական անդրադարձը նախորդ երկու դարերին վերաբերող որոշ վճռական զարգացումների եւ կենտրոնական թեմաների:

Այստեղ հիմնական տեսական-մեկնաբանական շրջանակը արդիականացումն (modernization) է, որքանով որ այդ ժամանակաշրջանի արեւելահայ պատմությունը կարող է դիտվել արդիականացման արեւմտյան ընթացքի հետ ունեցած առնչության (առնվազն որպես որոշ էլիտային նախագիծ) տեսանկյունից: Բայց այդ շրջանակն օգտագործվում է` հաշվի առնելով բազմաթիվ քննադատական վերանայումներ` արված մասնավորապես ետգաղութային ուսումնասիրությունների տեսանկյունից:
 
Սակայն արեւելահայության համար արդիության դարաշրջանն անքակտելիորեն կապված էր ռուսական կողմնորոշման հետ, այն նաեւ ռուսական-խորհրդային տիրապետության ժամանակաշրջանն էր: Ընդ որում, ռուսական կողմնորոշումը դադարում է լինելուց պարզապես կողմնորոշում եւ աստիճանաբար գրավում արեւելահայության (ռուսահայության) ողջ պատմական-մշակութային հորիզոնը:
 
Այս հանգամանքը, իմ կարծիքով, ընդգծված հրատապություն է ստանում ետխորհրդային Հայաստանում` որպես, ասենք, ռուսական-խորհրդային մշակութային տիրապետությունը հաղթահարելու կամ մշակութային ապագաղութացման խնդիր: Եթե արդիության ընդլայնված տեսանկյունը (օրինակ` որպես «այլընտրական արդիություններ», ‘alternative modernities’) թույլ է տալիս դիտարկել խորհրդային սոցիալիզմի փորձառությունը, ուրեմն եւ ետխորհրդային հասարակությունների պատմությունները, իր ժամանակի գլոբալ փոխակերպումների համատեքստում, ապա միաժամանակ ենթադրում է նոր տեսական-մեթոդաբանական մոտեցումների որդեգրում:
 
Ըստ այդմ, համառոտ ձեւով ներկայացվում են հետազոտության այն տիրույթները, որոնք առավել տեղին են թվում այս նպատակին հասնելու համար. ետգաղութային ուսումնասիրություններ (Postcolonial studies), մշակութային ուսումնասիրություններ (Cultural studies): Քննարկվում են նաեւ մի խումբ հիմնական հղացքներ. ետգաղութատիրություն (postcolonialism), օրիենտալիզմ, գերիշխանություն (hegemony), ազգայնականություն եւ այլն: (Հրաչ Բայադյան)
 
-------------------

Հրաչ Բայադյանը մշակութաբան է, ապրում եւ աշխատում է Երեւանում, Հայաստան։ Նա Երեւանի պետական համալսարանի դասախոս է, ղեկավարում է «Հաղորդակցություն, մեդիա եւ հասարակություն» (‘Communication, Media and Society’) մագիստրոսական ծրագիրը Ժուռնալիստիկայի ֆակուլտետում եւ, ի թիվս այլ դասընթացների, դասավանդում «Մեդիայի եւ մշակութային ուսումնասիրություններ» (‘Media and Cultural Studies’)։ Նրա վերջին տարիների հոդվածները վերաբերում են տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների քաղաքական, սոցիալական եւ մշակութային նշանակություններին, ետխորհրդային մեդիամշակույթին եւ քաղաքային տարածության փոփոխություններին, ռուսական-խորհրդային օրիենտալիզմին եւ մշակութային ինքնության հարցերին։ Նրա վերջի հրապարակումների թվում են. Articles “Boredom” and “Hierarchy” for the book “Atlas of Transformation”, JRP-Ringier, 2010 (Project “Monument to Transformation 1989-2009”, Tranzit, Prague); Becoming Post-Soviet, Series: Documenta 13: 100 notes – 100 thoughts, No. 059, Hatje Cantz, 2012.

Մեկնաբանություններ (1)

Լեվիկ
Պարզ չէ թե որտեղ է լինելու այս դասախօսութիւնները: Արդիօք հասցէ կա՞յ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter