HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանձնել է հանրապետության նախագահի մրցանակները

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարբեր բնագավառներում հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների և մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարևոր աշխատանքի համար և մաղթել նոր հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը հանրապետության նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հարգելի դափնեկիրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր ձեռքբերումների կապակցությամբ: Գիտնականների և արվեստագետների հաջողություններն ուրախալի են բոլորիս համար, և մենք մեր պարտքն ենք համարում այս մրցանակներով շեշտել և ընդգծել նրանց աշխատանքը: Ինձ և, վստահ եմ, մեր ողջ հանրության համար բացառիկ կարևորություն ունեն հատկապես երիտասարդական մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր մշակութային զարգացման անընդհատությունն ու շարունակականությունը:

Եթե ճշգրիտ գիտությունների բնագավառում արած հայտնագործությունները կարող են մնալ գիտական հանրության նեղ շրջանակում, ինչը բնական է, ապա արվեստագետների, պատմաբանների և ընդհանրապես հումանիտար գիտություններին վերաբերող աշխատանքները պետք է ունենան լուրջ հանրային հնչեղություն և ազդեցություն: Դրանք նոր, ավելի հեռուն նայող, պահանջ ներկայացնող հասարակություն ձևավորելու կարևոր գործոններ են:

Կարծում եմ՝ առանձնահատուկ զգացումով են ներկաներն ընդունում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքոլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման և խիզախության փայլուն օրինակ է: Խիզախություն է նաև Ձեր այսօր այստեղ գտնվելը և այս մրցանակն ընդունելը: Ձեր այս կեցվածքն ունի ոչ միայն անցյալն ավելի խորը հասկանալու նպատակ, այլև ուղղված է հարևան ժողովուրդների փոխադարձ հասկացողությունը նոր մակարդակի բարձրացնելուն: Այն ուղղված է ապագային: Շնորհակալ եմ Ձեզ:

Հարգելի ներկաներ,
Ժամանակին, երբ Պողոսյանների ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ սկիզբ դրվեց այս մրցանակին, հիմքում դրված էին հենց այդ գաղափարներն ու վեհ նպատակները: Շնորհակալություն եմ հայտնում հովանավորներին այս գործը հետևողականորեն շարունակելու համար: Նաև շնորհակալություն եմ հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությանը կազմակերպչական ջանքերի համար, ինչպես նաև մասնագիտական հանձնաժողովներին, որոնք դժվարին, բայց շնորհակալ աշխատանք են կատարում:

Կրկին շնորհավորում եմ և մաղթում, որ մեր դափնեկիրներն այսուհետև ևս հաջողություններ արձանագրեն և նոր բարձունքների հասցնեն Հայաստանի արվեստն ու գիտությունը:

***
Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2011 թվականի մրցանակ է շնորհվել Հարություն Մարությանին՝ Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երևույթը, Մեծ եղեռնի և Ղարաբաղյան շարժման միջև եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար, Ռագըփ Զարաքոլուին (Թուրքիա)՝ Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական և գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության և մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ և սկզբունքային պայքարի համար:

***
Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակ է շնորհվել. բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Աշոտ Սաղյանին՝ «Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ» մենագրության և գիտական հոդվածների շարքի համար, տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Ալբերտ Ղուլյանին, Արմեն Աբրահամյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին՝ «Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում և ստեղծում» գիտական հոդվածների շարքի համար, արվեստի բնագավառում՝ Գարրի Ռաշիդյանին՝ «Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում և առաջիկա խնդիրները» հետազոտության, մշակման և ներդրման համար, ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գևորգյանին, Դիանա Անտոնոսյանին, Աննա Շահինյանին՝ «Ֆոտոնիկա՝ կառուցվածքային վակուումում և ոչ գծային նյութերում» գիտական հոդվածների շարքի համար, գրականության բնագավառում՝ Հրաչյա Թամրազյանինի՝ «Սրբազան խավար» բանաստեղծությունների ժողովածուի համար, հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում՝ Հասմիկ Ստեփանյանին՝ «Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում» գրքի համար:

***
Դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել Լիլիթ Զաքարյանին (դաշնամուր), Հասմիկ Վարդանյանին (թավջութակ)՝ «Գործիքային կատարում» անվանակարգում լավագույն կատարման համար:

***
ՀՀ նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել. արվեստի բնագավառում՝ Արման Համբարձումյանին՝ «Լեգենդներ» քանդակների շարքի համար, Աշոտ Գևորգյանին՝ «Մետամորֆիկ տրանսակցիաներ» քանդակների շարքի համար, Աստղիկ Ստեփանյանին՝ Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի դեկորների և զգեստների ձևավորման համար, գրականության բնագավառում՝ Նառա Վարդանյանին՝ «Անկախին սպասելիս» գրքի համար:

Մեկնաբանություններ (1)

Sofia Kostos
DEAR RAGIP I AM SO VERY PROUD TO KNOW YOU. GOD WILLING, SOMEDAY WE WILL MEET FACE TO FACE. YOU ARE A TRUE SAINT. YOU HAVE SUFFERED A LOT TO EXPOSE THE TRUTH. THANK YOU, Sofia

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter