HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում». Վահրամ Դումանյան

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և  ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: 

Միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԽՍՀՄ չեմպիոն, շախմատի օլիմպիադայի ու աշխարհի թիմային առաջնության կրկնակի, Եվրոպայի թիմային առաջնության եռակի հաղթող Ռաֆայել Վահանյանը, շախմատային աշխարհի այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է մրցաշարի մասնակիցներին ու հյուրերին՝ շեշտելով՝ «Երևան օփեն» միջազգային մրցաշարը կրկին ապացուցում է, որ Հայաստանը շախմատային հարուստ ավանդույթներով երկիր է:

«Աշխարհում միայն 4 երկիր է կարողացել ամբողջ պատմության ընթացքում 3 և ավելի անգամ նվաճել շախմատային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը: Եվ այդ 4 երկրներից մեկը Հայաստանն է: Մենք հպարտանում ենք աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հաղթանակով: Բոլորը գիտեն աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հայկական ծագման մասին: Խորհրդային Միության հավաքականի կազմում երկու անգամ շախմատի օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ռաֆայել Վահանյանը, աշխարհի կրկնակի գավաթակիր է Լևոն Արոնյանը: Շատ երկար է մեր մյուս հրաշալի գրոսմայստերների ցուցակը, որոնք փառք են բերել մեր երկրին»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Վահրամ Դումանյանը նաև կարևորել է Հայաստանում շախմատի մեծ մասսայականությունը. «Մեր երկիրն առաջինն էր աշխարհում, որ շախմատը՝ որպես պարտադիր առարկա, ներառեց հանրակրթական ծրագրում: Դրա արդյունքում հազարավոր երեխաներ այսօր տիրապետում են ամենահին խաղերից մեկի գաղտնիքներին: Շուտով նրանցից շատերն ավելի կհմտանան, և արդյունքներն էլ երկար սպասել չեն տա, իսկ նրանք, ովքեր շախմատիստ չեն դառնա, կունենան վերլուծական միտք, որն այնքան անհրաժեշտ է մեր օրերում»:

Վահրամ Դումանյանն ազնիվ պայքար է մաղթել «Երևան օփենի» մասնակիցներին և նշել՝ մասնակիցների կարգը վկայում է այն մասին, որ մրցաշարը կանցնի լուրջ մրցակցային պայքարում և բազում հաճելի պահեր կպարգևի շախմատի սիրահարներին:

Երևանն առաջին անգամ մրցաշարն ընդունել է 2016 թվականին, երկրորդ անգամ՝ 2017-ին, իսկ վերջինը կայացել է նախորդ տարի: Տարեցտարի մասնակիցների շրջանակն ու աշխարհագրությունը մեծանում են: Այս անգամ «Երևան օփենին» մասնակցում է 15 երկրի շուրջ 292 շախմատիստ, որից 55-ը՝ միջազգային կոչում ունեցող, 22-ը՝ գրոսմայստեր: Մասնակիցներն Իրանից են, Վրաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ղազախստանից, Սինգապուրից, Ավստրալիայից, Հունաստանից, Թուրքմենստանից և, իհարկե, Հայաստանից: 

Մրցանակային ընդհանուր ֆոնդը 14 միլիոն դրամ է: Դրամական պարգևներ են նախատեսված 1-ից 20-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստների համար: Մասնավորապես, Ա խմբի հաղթողը կստանա 2 մլն 600 հազար դրամ:

Մրցանակներ են սահմանված նաև կանանց 1-ին և 2-րդ տեղը գրաված մասնակիցների, 50-ից բարձր տարիքի շախմատիստների շրջանակում հաղթող ճանաչված մասնակցի և Բ խմբի մինչև 10 տարեկանների մրցապայքարում հաղթող դարձած մասնակցի համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter