HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԽԽՎ պատգամավորները դատապարտեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բանավեճի ձևաչափով այսօր քննարկում տեղի ունեցավ «Ռազմական գործողություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ներառյալ հարվածներ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին» թեմայով, որի ժամանակ ելույթ ունեցան ինչպես հայ և ադրբեջանցի պատգամավորները, այնպես էլ խորհրդարանականներ Իռլանդիայից, Շվեդիայից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ավստրիայից և Թուրքիայից։

Հանդիպման սկզբում իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանն ընդգծեց այն հանգամանքը, որ բռնությունը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում։ «Բռնությունը ներառում էր բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածներ: Դրանք լավ փաստագրված են և ներառում են Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա հարձակումները, որտեղ արկերով և ռազմական այլ զենքերով խոցվել են բնակելի և զբոսաշրջային բազմաթիվ օբյեկտներ, այդ թվում՝ ճոպանուղի, երեք հյուրանոց, առողջարան և սրճարան»,- նշեց Գավանը։ 

Նա կարևորեց այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի ժխտում, որ այս հարձակումները հենց ինքն է ձեռնարկել՝ պնդելով, թե իբր Հայաստանը քաղաքացիական կառույցները կիրառում է որպես կրակակետեր։ «Ես չեմ կարծում, որ սա ընդունելի պատասխան է։ <...>  Բայց վստահաբար, մենք բոլորս պետք է հստակ հասկանանք, որ երբեք թույլատրելի չէ, որ մի երկիր ներխուժի մյուսի ինքնիշխան տարածք»,- հավելեց իռլանդացի պատգամավորը։

Շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգն էլ նշեց, որ իրեն ուղարկել են հայ զինվորական կնոջ մահապատժի կադրերը։ «Ինձ մինչև հիմա հետապնդում են այդ սարսափելի տեսարանները և այնտեղ տեղի ունեցող անմարդկային դաժանությունը։ Սա միակ տեսանյութը չէ, որտեղ նման սարսափելի չարիք է տեղի ունենում»,- հայտարարեց է շվեդ խորհրդարանականը։ Նրա կարծիքով՝ միջազգային հանրության արձագանքը միանշանակ չի եղել։ «Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք այլ երկրներ հստակ պահանջ են հայտնել այդ դաժան մահապատիժների ամբողջական և անկողմնակալ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ»,- ասաց Աբերգը՝ հավելելով, որ ուժի կիրառումը կամ էլ ավելի մեծ ուժը դառնում է նոր բնականոն իրավիճակ, ինչը բացարձակապես անընդունելի է։ 

Ուկրաինացի պատգամավոր Օլեքսիյ Գոնչարենկոն երկու երկրների ժողովուրդներին խաղաղության կոչ արեց։ «Մենք՝ ուկրաինացիներս, ուրիշներից շատ ավելի լավ ենք հասկանում, թե ինչքան կարևոր է դա։ Մենք մեր խոսքերով ուզում ենք աջակցել Ադրբեջանի և Հայաստանի մեր ընկերներին։ Մենք հավատում ենք, որ նրանք կարող են լուծում գտնել»,- հայտարարեց ուկրաինացի պատգամավորը` պնդելով, որ Հարավային Կովկասում տեղի ունեցողը ձեռնտու է միայն մեկ երկրի՝ Ռուսաստանի Դաշնությանը։ 

Ֆրանսիացի պատգամավոր Իզաբել Սանտիագոն ասաց, թե հույս ունի, որ Վեհաժողովը կարող է վճռականորեն դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը։

«Ես հավատում եմ, որ մենք պետք է հաղորդենք խաղաղության այս ազդակը։ Շատ կարևոր է, որ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղության մեջ իր տարածքում, իր սեփական սահմաններում։ Ես հավատում եմ, որ այստեղ մենք պետք է, ինչպես մյուսներն ասացին, վերաբացենք երկխոսությունը բոլոր երկրների միջև, որոնք կարող են նպաստել այդ խաղաղությանը»,- ընդգծեց ֆրանսիացի պատգամավորը։

Հանդիպման վերջում ելույթ ունեցան նաև հայ և ադրբեջանցի պատգամավորները։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը տեղի ունեցավ այն պատճառով, որ միջազգային հանրությունը նախկինում չէր դատապարտել Ադրբեջանի նմանատիպ գործողությունները։ 

Անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովին՝ Ռուբինյանը նշեց, որ վերջինս կփորձի ժխտել, թե Ադրբեջանը ագրեսիայի է դիմել Հայաստանի նկատմամբ։ «Սա այն է, ինչ նա պատրաստվում է անել։ Նա պատրաստվում է պարոն Փոլ Գավանին, տիկին Բորիանա Աբերգին և մյուս խոսնակներին ասել, որ նրանք սխալ են։<...> Ինչո՞ւ։ Որովհետև դա նրա աշխատանքն է։ Պարոն Սամեդ Սեյիդովի աշխատանքն է այստեղ արդարացնել իր բռնապետական կառավարության գործողությունները, ապօրինի հանցագործությունները»,- հայտարարեց Ռուբինյանը։

Ռուբինյանը նաև նշեց, որ ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսն իրեն ու Սեյիդովին հրավիրել էր սեպտեմբերի 15-ին հանդիպել Փարիզում՝ Մշտադիտարկման հանձնաժողովի հանդիպման շրջանակներում, սակայն դա տեղի չի ունեցել։ «Ուղղակի պատճառն այն է, որ այդ հանդիպումից երկու օր առաջ իմ երկիրը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից, և ես չգնացի Փարիզ»,- ասաց Ռուբինյանը։

Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը փորձեց հակադարձել Ռուբինյանին՝ պնդելով, թե վերջինս, իբր, փորձում է մոլորության մեջ գցել կազմակերպությանը։ Սեյիդովը պնդեց ադրբեջանական քարոզչամեքենայի այն թեզը, թե, իբր, սեպտեմբերյան մարտերը սկսվել են Ադրբեջանի տարածքում հայկական ուժերի կողմից ականապատում իրականացնելու հետևանքով։ Նա դարձյալ հայտարարեց, թե Հայաստանը պետք է հանի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից, երկու երկրները պետք է նստեն և մտածեն սահմանազատման և սահմանագծման մասին։ 

Ժամանակի սղության պատճառով քննարկումը տևեց մոտ 50 րոպե։ Դրա ավարտից հետո որևէ փաստաթուղթ չընդունվեց։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter