
Գլխավոր դատախազը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով դիմել է ԲԴԽ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ` իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնության հարցով:
«Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն»,-լուրը հաստատելուց հետո ասաց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:
Տեղեկություններ ունենք, որ գլխավոր դատախազի միջնորդությունը վերաբերում է վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին: Նա վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2013թ. հունվարին: Մինչ այդ զբաղեցրել է դատավորի օգնականի պաշտոնը: Փորձեցինք կապ հաստատել Անի Հարությունյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։
Նշենք, որ Անի Հարությունյանը ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է:
Մեկնաբանել