HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ եւ անկեղծ համագործակցություն անվտանգային հարցերում. Ալեն Սիմոնյան

Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 11-ին հանդիպել է Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:

«Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-հանդիպման սկզբում նշել է ՀՀ ԱԺ նախագահը՝ ասելով, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ եւ անկեղծ համագործակցություն անվտանգային եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցերում:

Ըստ ԱԺ հաղորդագրության, հանդիպումն ընթացել է բարեկամական մթնոլորտում: Ռուս գործընկերները մատնանշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:

«Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձեւաչափերի քննարկումներ եւ խորհրդակցություններ անցկացնել»,-նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլեւը:

Քննարկվել են Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter