
Հայ-ադրբեջանական բանակցություններն առաջնահերթ են մնալու ԱՄՆ-ի համար. Պետքարտուղարության խոսնակ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններն առաջնահերթ են մնալու Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք կշարունակենք ներգրավված մնալ այս հարցում։ Ես չեմ կարող խոստանալ կոնկրետ վերջնարդյունք, բայց ես կարող եմ խոստանալ, որ դա առաջնահերթություն կմնա մեզ համար»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը։
Նեդ Փրայսի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ-ն ներգրավված է բարձր մակարդակով։
«Ես դա ասում եմ այն բանից հետո, երբ նախորդ ամիս Նյու Յորքում պետքարտուղարը Հայաստանից և Ադրբեջանից նախարարների մասնակցությամբ եռակողմ ձևաչափով (հանդիպում էր) հրավիրել: Դա առաջին անգամն էր, երբ նախարարները տետատետ հանդիպում էին բռնության վերջին բռնկումից հետո»,- ասել է Փրայսը։
Նա հավելել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու օր առաջ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Այս հարցով մեր ավագ խորհրդական Ֆիլ Ռիքերը ամենօրյա կապի մեջ է երկու երկրներում անհատների (խմբ. պատասխանատու պաշտոնյաների) և շահառուների հետ»,- եզրափակել է Փրայսը՝ հավելելով, որ ամերիկյան կողմը դեռևս առաջիկա հնարավոր հանդիպումների պայմանավորվածության մասին հայտարարելու բան չունի, սակայն առաջիկա օրերի կամ շաբաթների ընթացքում նոր ասելիք կլինի։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել