HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանկի աշխատակիցը հափշտակել է իրեն վստահված 1,5 միլիարդ դրամ գումարը և կատարել փողերի լվացում․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում (ՔԿ) պարզվել են բանկի աշխատակցի կողմից իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակելու և փողերի լվացման դեպքի բոլոր հանգամանքները:

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետը, ունենալով բանկոմատների վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու պարտականություն, 2021 թվականի ապրիլից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, կանխիկ ելքի հայտարարագրերի հիման վրա նրա տիրապետմանը հանձնված՝ բանկոմատների լիցքավորման համար նախատեսված առանձնապես խոշոր չափերով կանխիկ թղթադրամներն օրինական հիմքերով ստանալուց հետո, բանկոմատների լիցքավորման և ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1 միլիադ 555 միլիոն դրամ գումար:

Բացի այդ, բանկի հիշյալ աշխատակիցը, հափշտակած գումարների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, իր ազգականների անվամբ ձեռք է բերել շարժական և անշարժ գույքեր՝ այդ կերպ իրականացնելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 138 մլն 784 հազար դրամի (գույքի) փոխարկում:

Հանցագործության բացահայտումից հետո Բանկի աշխատակիցը փորձել է փախուստի դիմել, սակայն Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանի մեկնման սրահից բերման է ենթարկվել և ձերբակալվել: 

Ըստ քննչական կոմիտեի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Բանկի աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter