HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սիսիան համայնքը կկառավարի «Քաղաքացիական պայմանագիրը», Ալավերդին՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Սիսիան և Ալավերդի համայնքներում համայնքի ղեկավար էին ընտրում։ Սիսիան համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։ Ալավերդի համայնքում ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու համամասնական ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանը։

Սեպտեմբերի 25-ին երկու համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակից կուսակցություններից ոչ մեկը առավելագույն ձայներ չէր հավաքել, և համայնքի ղեկավարի ընտրությունը կարող էր լինել միայն կոալիցիա կազմելու միջոցով։ 

Սիսիանում ընտրություններին մասնակցող 7 կուսակցություններից և դաշինքներից ընտրական շեմը հաղթահարել էին 5-ը, իսկ նրանցից առավելագույն ձայներ ստացել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 34,49% և ավագանու կազմում ստացել է 8 մանդատ։ Երկրորդ տեղում՝ «Աշխատանք և արդարություն»  դաշինքն է՝ 22,79% և ստացել է 5 մանդատ։ Այնուհետև՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 մանդատ, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2 մանդատ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը չէր մասնակցում նիստին, մասնակից կուսակցությունները համայնքի ղեկավարի երեք թեկնածու առաջադրեցին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանն ստացավ  8 ձայն, «Աշխատանք և արդարություն» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Հայկ Առաքելյանն ստացավ 7 ձայն, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ընտրացուցակը գլխավորող  Սևակ Մուսաթյանն ստացավ 3 ձայն։

Քվեարկության առաջին փուլում համայնքի ղեկավար չընտրվեց։ Երկու առավելագույն ձայներ ստացած թեկնածուները՝ համայնքի գործող ղեկավար Արմեն Հակոբջանյանը և Հայկ Առաքելյանը կրկին քվեարկվեցին և մեկ ձայնի առավելությամբ՝ 9 ձայն, Արմեն Հակոբջանյանն ընտրվեց Սիսիան համայնքի ղեկավար։ Հայկ Առաքելյանի օգտին քվեարկել էր ավագանու 8 անդամ։

Ալավերդի համայնքում համայնքի ղեկավարի ընտրությանը չմասնակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները։ ՔՊ-ն այս համայնքում 13 մանդատ ունի։ Եվս 13 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 1 մանդատ։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները չմասնակցեցին համայնքի ղեկավարի ընտրությանը, պատճառը հավանաբար այն էր, որ նրանց չէր հաջողվել նախնական համձայնության գալ ՀԱԿ-ի հետ։ Մի քանի օր առաջ «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ Ալավերդի համայնքում համատեղ տեղական իշխանություն ձևավորելու մասին։

Հուշագրով պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքի ղեկավարի երկու տեղակալի պաշտոններում նշանակել՝ ՀԱԿ-ի ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին և կուսակցության ներկայացուցիչ Սասուն Վարդումյանին։ Ալավերդի համայնքի Օձուն, Շնող, Մեծ Այրում, Ծաթեր և Այգեհատ բնակավայրերի ղեկավարումը նույնպես կստանձնեն «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները։

Ըստ պայմանավորվածության՝ այսօր Ալավերդի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվեց միայն «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ընտրացուցակը գլխավորող Արկադի Թամազյանը և միաձայն ընտրվեց համայնքի ղեկավար։ 

Գլխավոր լուսանկարում՝ Սիսիան և Ալավերդի համայնքները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter