HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստան ՀԱՊԿ դիտորդներ ուղարկելու համար անհրաժեշտ է ՀԱԽ որոշումը. Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

«Անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով, այն տեղի ունեցավ, որոշում կայացվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և Միացյալ շտաբի ղեկավարին։ Նրանք այնտեղ են գնացել, առաջարկություններ են բերել, այդ առաջարկություններն արդեն ավելի քան մեկ ամիս է մեր ձեռքում են։ Նրանք հանգել են այն եզրակացության, որ պետք է Հայաստան, Ադրբեջանի հետ սահման ուղարկել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է գումարվի ՀԱՊԿ նախագահի կողմից: «Նախագահողը հիմա Հայաստանի Հանրապետությունն է, այնպես որ, երբ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք նման առաքելությանը պաշտոնապես հավանություն տալ, և այն կարող է անցնել աշխատանքի»,- հավելել է Լավրովը։

Իր հերթին Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը սպասում է դիտորդներին, սակայն նման հանդիպում դեռևս չի համաձայնեցվել։ 

Լավրովի պնդմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ եռակողմ հայտարարության իրագործման մեջ, ինչպես նաև քննարկել, թե ինչ է անհրաժեշտ այդ կետերի շուտափույթ իրագործման համար։ «Մենք, անկասկած, այսօր ուզում ենք քննարկել, թե ինչպիսին է իրավիճակը Ադրբեջանի հետ ձեր բանակցություններում։ Ես գիտեմ, որ վերջերս շփումներ են եղել Եվրոպայում, զանգվածային լրատվամիջոցները լի են տարբեր շշուկներով և ենթադրություններով։ Իհարկե, այսօր շատ կարևոր կլինի դիտարկել, թե էլ ինչ կարող ենք մենք անել, որպեսզի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների երեք հայտարարությունները շուտափույթ իրագործվեն»,- նշել է Լավրովը։

Իր հերթին Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ Հայաստանը ցանկանում է լսել Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։ «Այստեղ մենք՝ Հայաստանը, ինչպես դուք ասացիք, Ռուսաստանի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է։ Մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշմանը»,- ընդգծել է Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում և այնտեղ եղել են երկրներ, որոնց հետ չկա բարեկամության և ռազմավարական գործընկերության երկար պատմություն, բայց նրանք հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ են և հստակ արտահայտում են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը։ 

«Իրադարձություններն ինտենսիվ են ընթանում, բանակցությունները կայանում են ինտենսիվ ռեժիմով։ Կան բազմաթիվ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ այդ հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը, մենք ուզում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ եռակողմ պայմանավորվածությունների ոգով։ Մենք դրան պատրաստ ենք»,- հավելել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter