HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանն Աստանայում մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Այս մասին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից։

Նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է ղազախական կողմին՝ ԱՊՀ նախագահության իրենց առաջնահերթությունների հաջող իրականացման կապակցությամբ, և արդյունավետ աշխատանք մաղթել ղրղզական կողմին՝ առաջիկա նախագահության ընթացքում։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում փոխգործակցության մեխանիզմների ընդլայնման ու ամրապնդման օգտին՝ ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերում ամրագրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան։

Անդրադառնալով ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությամբ ուղեկցվող ադրբեջանական կողմի վերջին ագրեսիային և շարունակական ռազմատենչ ու առավելապաշտական հայտարարություններին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նմանատիպ գործողությունները խաթարում են Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման ջանքերը։ Նա նաև կարևորել է միջազգային գործընկերների կողմից Ադրբեջանի լայնածավալ զինված ագրեսիայի հստակ և թիրախային դատապարտումը։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը նշել է սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման կարևորությունը։

Արարատ Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ:

ԱԳՆԽ նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter