HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ատեստավորում անցնելու դեպքում պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կկրկնապատկվի․ Նիկոլ Փաշինյան

Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների համար կսահմանվի ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված՝ զինծառայողները հավելավճար կստանան:

Կառավարությունը հոկտեմբերի 13-ի նիստում հավանություն տվեց այս նախագծին՝ այն համարելով անհետաձգելի:

«Այս նախագիծն, ըստ էության, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու մասին է: Պետք է արձանագրենք, որ անցել ենք նույն ճանապարհով, ինչ ուսուցիչների դեպքում:

2019-ին բարձրացրինք ուսուցիչների աշխատավարձը, նաև՝ պայմանագրային զինծառայողներինը, ընդ որում՝ էական: Եթե ուսուցիչների դեպքում աշխատավարձի բարձրացումը 10 % էր, զինծառայողների դեպքում՝ շատ ավելի էական էր: Բայց միևնույն է՝ բովանդակային մասով արդյունավետության զգացողությունը չունեինք»,- նախագծի քննարկման ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Կառավարության ղեկավարի՝ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո անմիջապես կսկսվի կամավոր ատեստավորման գործընթացը: Զինծառայողն ատեստավորում անցնելու դեպքում կստանա աշխատավարձի կրկնապատկում, երբեմն՝ նույնիսկ ավելին:

«Նախ մենք հայտարարել ենք՝ անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի, սա բանակի բարեփոխումների հայեցակարգի կարևոր և անբաժանելի մասն է»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց՝ պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը պետք է չունենա բնակարանի, հացի, ընտանիքի անդամների առողջապահության կարիքների ապահովման և երեխաների ուսումը կազմակերպելու հետ կապված խնդիր։

«Այս 4 սյուների վրա է կառուցված լինելու պրոֆեսիոնալ բանակի մեր հայեցակարգը՝ սոցիալական երաշխիքների մասով»,- ասաց նա:

Պայմանագրային զինծառայողը առաջին ատեստավորումը չանցնելուց հետո հնարավորություն կունենա կրկնակի ատեստավորում անցնել, սակայն երկրորդի արդյունքներն ազդեցություն են ունենալու նաև պայմանագրային զինծառայողի կողմից տվյալ պաշտոնում հետագա պաշտոնավարման վրա:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter