HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի»․ նախարար Վ․ Դումանյանը՝ 3 բուհերի միավորման մասին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զարմացած է Վ․ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի այն հայտարարությունից, որ բուհերի միավորումն իր համար եղել է անակնկալ։ Այս մասին Կառավարության նիստից հետո հայտնեց ԿԳՄՍ նախարարը։ 

«Վերջին քննարկումն այդ հարցի շուրջ եղել է օգոստոսի 9-ին, 3 բուհի ռեկտորների հետ անձամբ եմ հանդիպել, և ասվել է, որ կա նման գաղափար։ Այդ գաղափարը նոր չէ, տարիներ շարունակ քննարկվել է։ Ասել եմ՝ հնարավոր է այդ գաղափարը շուտով մտնի գործնական փուլ»,- ասաց Վահրամ Դումանյանը։

Ըստ նախարարի՝ այս ամենը կրթության որակի բարձրացման միտում ունի․ «Որևիցե բան չի փակվում, հաստիք չի կրճատվում, այս ամենի արդյունքում միգուցե 2 ռեկտորի հաստիք պակաս ունենանք։ Բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու։ 3 շենքն էլ պահպանվելու է, բոլորը մնալու են այնտեղ, որտեղ մնում են, ոչ մի տեղափոխություն, նոր սենյակներ չկան»։

Հարցին արդյոք 1 ռեկտորը կկարողանա ղեկավարել 3 խոշորացված բուհ՝ Դումանյանը դրական պատասխան տվեց։

Նախարարը նաև նշեց, որ նոր բուհի անվան շուրջ քննարկումներ են ընթանում․

«Առաջարկել ենք Կրթական գիտությունների ինստիտուտ, քննարկումները շարունակվում են»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախագիծ կա Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանը միավորվելու երկու այլ բուհի հետ՝ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի եւ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի։ Երեկվանից՝ հոկտեմբերի 12-ից Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները բողոքի ալիք են բարձրացրել՝ դեմ լինելով այս միավորմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter