Ջանֆիդայում ջրի ծորակից «սոլյարկայի» հոտով ջուր է գալիս
Արդեն մեկ շաբաթից ավելի է, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի գերեզմաններին հարակից 8-րդ փողոցի բնակիչները ստիպված են խմել սոլյարայուղի՝ «սոլյարկայի» համով ջուր: Ծորակը բացելուն պես ջուրը «սոլյարկայի» հոտով «բուրում է»: Այդ ջուրը ոչ միայն խմելու համար պիտանի չէ, այլև գյուղացիները չեն կարողանում տնտեսական նպատակով օգտագործել:
Բնակիչները ստիպված այլ թաղամասերից են դույլերով ջուր բերում, իսկ երեխաներին ծորակներից հեռու պահել ոչ միշտ է հաջողվում:
Ջանֆիդայի համայնքապետ Էդիկ Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ այդ թաղամասի ջուրն աղտոտված է, սակայն նշեց, թե խնդիրը լուծված է: Երբ ասացինք, որ երեկվա դրությամբ ջուրը դեռ պիտանի չէր խմելու համար, Է. Մանուկյանը պատասխանեց. «Հնարավոր է»:
Համայնքապետն ասաց, որ իրենց խմելու ջուրը տրվում է ժամով: Գյուղացիներից մեկը ռետինե խողովակը միացրել է ծորակին ու գցել «սոլյարկայոտ» տարայի մեջ, իսկ երբ ծորակի ջուրը կտրվել է, տարայի ամբողջ կեղտոտ ջուրը հետ է մղվել և ծորակների միջոցով հասել թաղամասի բնակիչներին:
Այս խնդրի մասին համայնքապետը ոչ մի պետական մարմնի տեղյակ չի պահել, նույնիսկ սանէպիդկայանին, մինչդեռ շատ հնարավոր է, ջուրն օգտագործելուց հետո մարդկանց առողջությանը վնաս հասցվեր, մանավանդ ջրի աղտոտման առաջին օրերին, երբ երեխաները, չգիտակցելով, թե ինչ ջուր է գալիս ծորակից, խմել ու իրենց վատ են զգացել:
Էդիկ Մանուկյանն ասաց, որ իրենք ստուգել են ջուրը, և այն վտանգավոր չի եղել: Հարցին, թե լաբորատորիայո՞ւմ են ստուգել, պատասխանեց. «Չէ, ինչ լաբորատորիա, մեզ լաբորատորիա որտեղից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել