HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 276 մլն դրամ կհատկացնի նոր կառուցվող և վերակառուցվող 10 դպրոցի գույքի ձեռք բերման համար

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնական կայքը ներկայացնում է նիստում կայացրած մի քանի որոշում։

Կառավարությունը 276 մլն 679 հազար դրամ կհատկացնի նոր կառուցվող և վերակառուցվող 10 դպրոցի գույքի ձեռք բերման համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխման միջոցով 276 մլն 679 հազար դրամ հատկացնել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից թվով 10 դպրոցի համար գույքի ձեռքբերմանը: Այդ դպրոցներն են՝ Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ, Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական, թիվ 116 հիմնական, Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական, Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական, «Հերացի» ավագ, Մուրացանի անվան թիվ 18 հիմնական, Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ, Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցները: Շինարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Ներկայումս անհրաժեշտ է ապահովել նշված դպրոցների համար գույքի ձեռքբերումը: Որոշմամբ նախատեսվում է հիմնադրամին հատկացնել 189,028.0 հազար դրամ գումար՝ թվով 8 դպրոցի համար գույքի ձեռքբերման պայմանագրերի կատարումն ապահովելու համար: Թվով 2 դպրոցի մասով, որոնց շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2023թ.-ին, նախատեսվում է հատկացնել 87,650․6 հազար դրամ գումար՝ այդ դպրոցներին անհրաժեշտ գույքի գնման գործընթացն ապահովելու համար:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դպրոցները պետք է շահագործման հանձնվեն անհրաժեշտ գույքով ապահովված: «Ավելին, ես այդ մասին արդեն ասել եմ, որ անհրաժեշտ գույքը պետք է արդեն նշված լինի նախագծում: Այսինքն՝ պետք է շենքի շինարարության նախագծում հստակ նշված լինի ձեռք բերվող գույքի տեսակը, գույնը: Գույքը պետք է հարմարեցվի շենքին: Ընդհանրապես ցանկացած օբյետի շինարարարության դեպքում շենքի կահավորման, դիզայնի նախագծում պետք է լինի, որպեսզի վերջնական տեսքի վերաբերյալ ամբողջական պատկերացում ունենալու հնարավորություն ստեղծվի», -ասել է վարչապետը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ այդպես է արվում մանկապարտեզների և մոդուլային դպրոցների դեպքում, քայլեր են ձեռնարկվում այն կիրառել նաև այլ շենքերի շինարարությունների ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ուսուցիչների ատեստավորման գործընթացին, նշել է, որ այն պետք է շարունակվի. «Մասնավորապես երաժշտական դպրոցների ուսուցիչները, մանկապարտեզների դաստիարակ-ուսուցիչները, գեղարվեստի դպրոցների ուսուցիչները, նրանք նույնպես պետք է անցնեն ատեստավորում: Այսինքն՝ մենք պետք է համոզված լինենք, որ երեխայի հետ առնչություն ունեցող ցանկացած ոք պատշաճ որակավորում ունի»:

Կբարելավվի գնումների կազմակերպման գործընթացը. կսահմանվեն անբարեխիղճ մասնակիցների մասնակցության հնարավորություները սահմանափակելու նոր կարգավորումներ

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Գնումների գործընթացի կազմակերպման կարգում՝ այն բարելավելու և գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը կարգավորելու նպատակով: Գործող կարգավորումների համաձայն, մասնավորապես, երկու փուլով մրցույթի կազմակերպման դեպքում ընտրված մասնակցին որոշելու համար գործում է 70/30 գին-որակ հարաբերակցությունը: Գործնական կիրառման ընթացքում պատվիրատուներից ստացվել են առաջարկներ նշված հարաբերակցությունը փոփոխելու հնարավորություն ստեղծելու և ընթացակարգի կազմակերպման ժամկետները կրճատելու վերաբերյալ: Փոփոխությամբ նախատեսվում է սահմանել, որ այդ հարաբերակցությունը կսահմանվի պատվիրատուների կողմից՝ 2-րդ փուլի հրավերով, ինչպես նաև նախատեսվում է կրճատել գործընթացի կազմակերպման, այդ թվում՝ առաջին փուլի հայտերի ներկայացման և հայտերի գնահատման ժամկետները: Որոշմամբ նախատեսվում է սահմանել նաև, որ էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու որոշ դեպքերում, գնումը կարող է կատարվել գնման այլ ընթացակարգի կիրառմամբ։ Միաժամանակ, անբարեխիղճ մասնակիցների մասնակցության հնարավորություները սահմանափակելու համար նախատեսվում է սահմանել, որ մասնակցի՝ գնումների գործնթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման: Գնումը օրենքի համապատասխան կետի հիմքով կազմակերպված լինելու դեպքում ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո համաձայնագիր կնքելուց հրաժարվելու և դրանով պայմանավորված պատվիրատուի կարիքի բավարարման գործընթացը ձախողելու դեպքերը հնարավորինս նվազեցնելու նպատակով նախատեսվում է նշված գործընթացների դեպքում ևս կիրառել հայտի ապահովում՝ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, եթե տվյալ գնման համար պլանավորված ընդհանուր գինը գերազանցում է 25 մլն դրամը: Նախատեսվում է սահմանել նաև, որ պայմանագրի գինը կարող է լինել գործոնային, եթե պայմանագրով նախատեսված ապրանքները մատակարարվում, ծառայությունները մատուցվում և աշխատանքները կատարվում են պայմանագրի կնքման օրվանից մեկ տարին գերազանցող ժամանակահատվածում` միայն մեկ տարին գերազանցող ժամանակահատվածի համար պայմանագրով նախատեսված գների փոփոխության հնարավորությամբ: Գործող կարգավորմամբ մեկ տարվա փոխարեն սահմանված է 3 տարի, որի պարագայում գործնականում արձանագրված՝ շուկայական գների անընդհատ փոփոխությունների արդյունքում մասնակիցները խուսափում են մեկ տարուց ավել ժամկետով պայմանագրերի կնքումից:

Միջազգային համագործակցություն

Հավանություն է տրվել 2022 թ. հունիսի 13-ին Դոհայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:Համաձայնագրով նախատեսված Կատարի Պետություն փոխայցելությունների արդյունքում ակնկալվում է առողջապահության ոլորտի հայաստանցի մասնագետների, բժիշկների, գիտնականների, ուսանողների որակավորման բարձրացում, որը կխթանի նաև Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացմանն ու առաջխաղացմանը, ինչպես նաև գիտակրթական ներուժի և առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացմանը։

Գործադիրը հավանություն է տվել նաև «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագրի ստորագրումը ենթադրում է, մասնավորապես, ԱՊՀ մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհրդի ձևավորումը։ Խորհրդատվական խորհուրդը ԱՊՀ միջպետական մարմին է: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում՝ փորձի փոխանակման նպատակով քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների ապահովման, ընտրությունների և հանրաքվեների անցկացման համար իրավական պայմանների կատարելագործման հարցերում՝ ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։

Այլ որոշումներ

Կառավարությունը գումար կհատկացնի զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մանվել Հակոբյանի՝ Հունաստանի Հանրապետության Սալոնիկ քաղաքի բուժհաստատությունում բուժումը կազմակերպելու համար: Պահանջվող ծախսերի գումարը կազմում է 50,486.48 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ կեցության ապահովման ծախսերը և ճանապարհածախսը:

Կառավարության որոշմամբ «Զեննի» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կոշիկի արտադրության համար։ 2012 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ստեղծել 26 նոր աշխատատեղ՝ մինչև 169 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 68.7 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter