Ամբաստանյալի նստարանին է հայտնվել Գյումրու թիվ 1 կրթահամալիրի տնօրենը
Գյումրու «Սլաբոդա» կոչվող թաղամասում գտնվող թիվ 1 կրթահամալիրի երկարամյա տնօրեն, 1950թ. ծնված Ջեմմա (Ամիրխանյան) Հովսեփյանը մեկ տարի առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով հայտնվեց ամբաստանյալի նստարանին: Նախաքննությամբ պարզվել էր, որ տիկին Հովսեփյանը, լինելով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2008-2009թթ. ուսումնական տարում Գյումրու թիվ 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանն ավարտած, 1992թ. ծնված Մելինե Մելիքյանին էքստերն փոխադրական քննություններ հանձնելու միջոցով իր ղեկավարած դպրոցի 11-րդ դասարանում տեղավորելու համար աղջկա մորից` Կարինե Մելիքյանից պահանջել և ստացել էր 304.088 ՀՀ դրամին համարժեք 300 և 500-ական ԱՄՆ դոլար:
Այնուհետև ամբաստանյալ Ջեմմա Հովսեփյանը Ռազմիկ Հովհաննիսյանից ձեռք էր բերել Ա 423492 համարի հիմնական ընդհանուր կրթության չլրացված կեղծ վկայական, անձամբ կեղծելով` լրացրել Մելինե Մելիքյանի անվամբ: Ըստ այդ կեղծ փաստաթղթի՝ Մելինեն 2008թ. ավարտել էր Երևանի թիվ 131 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանը և տեղափոխվել ուսանելու Գյումրու թիվ 1 կրթահամալիրի 11 դասարանում:
2010թ. մայիսին ամբաստանյալ Ջեմմա Հովսեփյանը տեղեկացրել էր Մելինեի մորը, թե իբր ՀՀ Կրթության պետական տեսչության աշխատակիցները դպրոցում կատարել են ստուգումներ, որոնց արդյունքում Մելինե Մելիքյանի աշակերտական անձնական գործի միջից հայտնաբերվել է կեղծված հիմնական ընդհանուր կրթության վկայականը: Որպեսզի տեսչության աշխատակցին կաշառք տա, ու հարցը փակվի, ամբաստանյալը Կարինե Մելիքյանից պահանջել և ստացել էր 100.000 դրամ:
Սակայն սա ամբաստանյալի գործունեության միակ դրվագը չէր: Այսպես, 1992թ. ապրիլի 14-ին ծնված Թամարա Վարդանյանը մինչև 2009թ. ապրիլի 19 սովորել է Գյումրու թիվ 32 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, որից հետո, ամուսնանալու պատճառով, դպրոց չի հաճախել: Վերջինիս ամուսինը` Մհեր Գասպարյանը, Թամարա Վարդանյանին կրթահամալիր տեղավորելու և այն ավարտելու խնդրանքով դիմել էր ընկերոջը՝ Ջեմմա Հովսեփյանի տղային` Արմենին, վերջինս էլ նույն խնդրանքով դիմել էր մորը: 2009թ. սեպտեմբերին Ջեմմա Հովսեփյանը, կատարելով կեղծիք, Թամարա Վարդանյանին հետին` «02.03.2009թ.» ամսաթվով հրամանագրել էր որպես Գյումրու թիվ 1 կրթահամալիրի 10-րդ դասարանի աշակերտուհի` տվյալ դասարանի դասամատյանի աշակերտների ցանկում ավելացնելով նրա տվյալները:
Վերջինս փաստացի կրթահամալիր հաճախել էր 2009թ. սեպտեմբեր ամսից՝ 11-րդ դասարան մինչև տարվա վերջ, որից հետո՝ 2010թ. հունվարի 15-ից մինչև 2010թ. ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում, անհարգելի բացակայել էր 69 օր, սակայն ուսուցիչների կողմից փաստաթղթային կեղծիքներ կատարելու՝ մատյանում բացակայությունները չնշելու պայմաններում Թամարա Վարդանյանը կրթահամալիրից չի հեռացվել, այլ մասնակցել և հանձնել է ավարտական քննությունները, ավարտել կրթահամալիրը:
2009-2010թթ. ուսումնական տարվա սկզբին Ջեմմա Հովսեփյանը Վրաստանի Հանրապետության քաղաքացի Մանուկ Թումասյանի խնդրանքով կրթահամալիրի 11-րդ ավարտական դասարան է ընդունել վերջինիս որդուն՝ ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Խաչատուր Թումասյանին, որն էլ ողջ ուսումնական տարվա՝ 2009թ. սեպտեմբերից մինչև 2010թ. մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գտնվել է 36 օր, մնացած 184 օրերին կրթահամալիր չի հաճախել` անհարգելի բացակայելով դասերից: Ուսուցիչների կողմից փաստաթղթային կեղծիքներ կատարելու` մատյանում բացակայությունները չնշանակելու պայմաններում Խաչատուր Թումասյանը կրթահամալիրից չի հեռացվել, այլ մասնակցել և հանձնել է ավարտական քննությունները, ավարտել կրթահամալիրը:
Շիրակի մարզի դատախազությունում Կարինե Մելիքյանի՝ կաշառք տալու վերաբերյալ արած հայտարարության հիման վրա մարզի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվել, և հարուցվել էր քրեական գործ: Թիվ 1 կրթահամալիրի տնօրեն Ջեմմա Հովսեփյանին 2011թ. մարտի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 308 հոդվածի 1-ին մասով, 314 հոդվածի 1-ին մասով, 178 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 2011թ. ապրիլի 13-ին մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Մինչ դատաքննություն սկսելը՝ 2011թ. մայիսի 27-ի դատական նիստի ժամանակ, ամբաստանյալ Ջեմմա Հովսեփյանի շահերի պաշտպան Սուսաննա Մխիթարյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան` հայտնելով, որ 2011թ. մարտի 15-ին հարցում է կատարել Գյումրու «Հոգեկան առողջության» կենտրոն` ճշտելու Ջեմմա Հովսեփյանի այնտեղ երբևէ հաշվառված լինելու հանգամանքը: Ստացված պատասխանից պարզ է դարձել, որ ամբաստանյալը 1987թ.-ից հաշվառված է եղել Գյումրու «Հոգեկան առողջության» կենտրոնում էպիլեպսիա պոլիմորֆ պարոքսիզմներով հիվանդությամբ:
«Վիճակը լարված է, կոնտակտի մեջ է մտնում դժվարությամբ, հարցերին պատասխանում է կցկտուր, անուշադիր է: Հաճախակի փորձում է պատմել իր հիվանդության պատմությունները, աշխատանքների մասին՝ խառնելով ժամանակագրական հաջորդականությունները, մարդկանց անունները, իսկությունը ճշտելու համար փորձում է ամուսնուց ուղղումներ ստանալ: Վերջին մի քանի տարիներին վերաբերվող թեմաներով զրուցելիս սկսում է լարվել, ջղաձգվում է, կակազումը հաճախանում է, որից հետո լաց է լինում, դառնում է հուզականորեն անկայուն: Զրույցի ժամանակ ունեցել է էպի նոպա 2-3 րոպե տևողությամբ, որից հետո քնել է»,- նշված է եղել կենտրոնի տրամադրած տեղեկանքում:
Ամբաստանյալի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը, համարելով, որ իր վստահորդի առողջական վիճակը կասկածի տակ է առնում նրա նախաքննական ցուցմունքները և մեղսունակ լինելու հանգամանքը, միջնորդել էր ամբաստանյալ Ջեմմա Հովսեփյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն և փորձագետին առաջարկել հետևյալ հարցերը.
1. երբվանի՞ց և ի՞նչ հոգեկան հիվանդությամբ է տառապում Ջեմմա Հովսեփյանը,
2. ինչպիսի՞ն է նրա ներկա առողջական վիճակը,
3. Ջեմմա Հովսեփյանը կարո՞ղ է հաշիվ տալ և կառավարել իր գործողությունները, մեղսունա՞կ է, թե՞ ոչ:
Մեղադրող Վ.Մխիթարյանը միջնորդության դեմ առարկել էր` պատճառաբանելով, որ ամբաստանյալը երկար տարիներ աշխատել է տնօրեն , կատարել իր պարտականությունները, հիվանդության պատճառով աշխատանքից չի բացակայել, ստացիոնար բուժման մեջ երբևէ չի եղել: Նախաքննության ութ ամսվա ընթացքում որևէ կասկած չի եղել, որ նա չի կարող հաշիվ տալ իր գործողություներին կամ ղեկավարել դրանք: Նրա վարքագծում շեղումներ չեն նկատվել: Ըստ բժշկական փաստաթղթերի՝ նա տառապում է էպիլեպսիայով, որը նյարդային հիվանդությունների դասին է պատկանում, նա այդ հիվանդությամբ տառապում է դեռևս 1978-ից: Անցած ժամանակաշրջանում նրա մոտ հոգեկան անհավասարակշռության դեպքեր չեն արձանագրվել: Ամբաստանյալը բնութագրվում է դրական, տիրապետում է ղեկավարման աշխատանքին և նրա վարքագծում որևէ կասկածելի փոփոխություն չի նկատվել: Քանի որ էպիլեպսիան հոգեկան հիվանդություների շարքին չի դասվում, նպատակահարմար չի համարում դատահոգեբուժական փորձաքննության նշանակումը:
Տուժողի փաստաբան Աննա Դավթյանը նույնպես առարկել է միջնորդությանը` նշելով, որ իր վստահորդը բազմիցս հանդիպել է ամբաստանյալ Ջեմմա Հովսեփյանի հետ, նա որևէ հիվանդագին երևույթ չի նկատել և չի իմացել, որ Ջեմմա Հովսեփյանը տառապում է որևէ հիվանդությամբ: Տուժող Կարինե Մելքոնյանը ևս առարկել է միջնորդությանը` նշելով, որ ամբաստանյալի հետ առնչվելիս որևէ հիվանդագին երևույթներ չի նկատել, և տիկինն իր երևակայական հիվանդությամբ պարզապես ցանկանում է խեղաթյուրել իրական հանգամանքները:
Դատարանը լսելով կողմերին, այնուամենայնիվ, որոշել էր բավարարել ամբաստանյալի շահերի պաշտպան Ս.Մխիթարյանի միջնորդությունը` նշանակելով դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն, և գործի քննությունը հետաձգել միչև փորձաքննության եզրակացություն ստանալը:
Ուղիղ մեկ տարի անց՝ 2012թ. մայիսի 29-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Մարտին Սարոյանի, վերսկսվեց դատական գործընթացը: Սակայն ժամը 15-ին նշանակված նիստին ներկայացել էին միայն մեղադրողն ու ամբաստանյալի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը: Վերջինս դատարանին ներկայացրեց Գյումրիի շտապբուժօգնության կայանից վերցրած կանչի թերթիկը` տեղեկացնելով, որ Ջեմմա Հովսեփյանը սուր նոպա է ունեցել, ինքնազգացողությունը վատացել է, սպազմատիկ վիճակ է ստեղծվել, որի պատճառով վերջինս չի կարողացել ներկայանալ նիստին: Փաստաբան Սուսաննա Մխիթարյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել մինչև իր վստահորդի առողջական վիճակի կայունացումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել