HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հանրապետության ֆուտբոլի հանրապետական տերերը-2

Սկիզբը՝ Հանրապետության ֆուտբոլի հանրապետական տերերը

Երկրի եռակի չեմպիոն Գյումրու «Շիրակը» 2010-ին ձեռք բերեց արմատներով ջավախցի գործարար Արման Սահակյանը, որը ներկայումս ՀՀԿ անդամ է: Սահակյանը նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի (Միշիկ) ընկերն է, ու պատահական չէ, որ նրա ընկերությունները հասարակության շրջանում վերագրվում են հենց Մինասյանին: «Շիրակի» սեփականատիրոջն ու նախագահին են պատկանում պարենային ապրանքների ու խմիչքների ներմուծմամբ զբաղվող «Սովռանո» ՍՊԸ-ն, որը «Շիրակ» թիմի տիտղոսային հովանավորն է, «Հայմամուլ» բրենդով հայտնի, հանրապետությունում մամուլի տարածման ամենամեծ ցանց ունեցող «Պրես Ստենդ» ՍՊԸ-ն, «Մեդիա Սթայլ» ՍՊԸ-ն («Business Class» ամսագիր, «Tert.am», «Armsport.am» լրատվական կայքեր, «Hayutyun.am» սոցցանց), «Իդեա.Լաբ» ՍՊԸ-ն (գովազդային գործակալություն), բաժնեմասեր ունի «Լայմ» հեռուստաընկերությունում, «Ռադիո Ավրորա» կայանում, նա նաեւ «Philip Morris International» ծխախոտային ընկերության արտադրանքը ներմուծող «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ի տերն է (աշխարհահռչակ ընկերության հայաստանյան ներկայացուցիչը նախկինում Սուքիասյան ընտանիքին պատկանող «Պարես Արմենիա»-ն էր):

Կապանի «Գանձասար» ակումբի նախագահն ու հովանավորը գործարար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, քաջարանցի Մաքսիմ Հակոբյանն է: Նրա որդին՝ Վահե Հակոբյանը, ՀՀԿ-ական է, գործող եւ մեծամասնականով վերընտրված պատգամավոր 38 ընտրատարածքից (ընդգրկում է Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքները): Ակումբի հիմնական աջակիցներից է կոմբինատի 60 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ՍՊԸ-ն:

««Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբ» ՀԿ-ն (ներկայացնում է «Իմպուլս» թիմը) գրանցվել է 2009-ին: Մասնակիցները երկուսն են՝ հայր եւ որդի Հակոբյանները: Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) անկուսակցական, սակայն ՀՀԿ-ի աջակցությունը վայելող պատգամավոր է, որը վերընտրվեց ԱԺ ընտրություններում 41 ընտրատարածքից (ընդգրկում է Իջեւան, Դիլիջան, Բերդ քաղաքները): Նա «Երեւանի գարեջուր» (ապրանքանիշը՝ «Կիլիկիա») ՓԲԸ-ի նախագահն է: «Էրեբունի-Դիլիջան» ակումբի նախագահն էլ նրա որդին է՝ Տիգրան Հակոբյանը:

Նորաստեղծ «Կինգ Դելյուքս» ակումբը գրանցվել է 2011-ին: Թիմի նախագահն ու հովանավորը աբովյանցի ՀՀԿ-ական գործարար Արթուր Հարությունյանն է, որն առավել հայտնի է Պալաչ մականունով: Վերջինս ժամանակին Գագիկ Ծառուկյանի հավատարիմ մարդկանցից էր, սակայն նրա հետ գժտվելուց հետո տեղ գտավ ՀՀԿ հովանու ներքո: Ակումբը կրում է Հարությունյանին պատկանող «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի անունը, որը զբաղվում է ուղեւորափոխադրումներով Հայաստանում եւ ՀՀ-ից դեպի Ռուսաստան: Մասնավորապես, այս ընկերությունն է շահագործում Աբովյան-Երեւան-Աբովյան եւ Տաշիր-Երեւան-Տաշիր ավտոբուսային գծերը:

Հանրապետության գործող չեմպիոն Երեւանի «Ուլիսը» բարձրագույն խմբի առաջնությունում հանդես է գալիս 2006-ից: Նա փոխարինել է «Դինամո-Զենիթին», որն էլ իր հերթին՝ «Դինամո-2000»-ին (վերջինիս հիմնադիր ու նախագահ Լեւոն Հասրաթյանն այսօր էլ աշխատում է ՀՖՖ-ում, գործկոմի անդամ է ու մրցավարական կոմիտեի նախագահ): Ներկայիս ակումբի նախագահը Արտակ Հարությունյանն է՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի եղբայրը: Պատահական չէ, որ թիմի տնօրենը Հանրայինի «Սպորտ» ստուդիայի ղեկավար Սլավա Սարգսյանն է, իսկ մամուլ քարտուղարը՝ նույն հեռուստատեսության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Թիմի տիտղոսային հովանավորը «Viva Cell-MTS»-ն է, որի աջակցությամբ Առաջին ալիքով ցուցադրվում են բարձրագույն խմբի առաջնության՝ շատ դեպքերում «Ուլիսի» մասնակցությամբ խաղերը: Ըստ լուրերի՝ ակումբում անմասն չէ նաեւ ԲՀԿ-ական գործարար Հայրապետ Հայրապետյանը, որը լավ հարաբերությունների մեջ է Հանրայինի ղեկավարության հետ:      

«Միկա» ակումբի (նախկինում՝ «Քասախ», «Միկա-Քասախ») սեփականատերը ծնունդով բաքվեցի գործարար Միխայիլ Բաղդասարովն է, որը սերտ կապերի մեջ է նախկին եւ ներկա իշխանությունների հետ: Ակումբը կրում է հենց տիրոջ անունը: Ակումբի նախագահը ՆԳՆ նախկին նախարար, գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանն է (նույնպես ծնունդով բաքվեցի), որը նաեւ ՀՖՖ գործկոմի անդամ է: Թիմի տիտղոսային հովանավորը «Արմավիա» ընկերությունն է, որի սեփականատերը Բաղդասարովն է:

«Բանանցը» հիմնադրվել է 1992-ին: Ակումբի նախագահը Սարգիս Իսրայելյանն է, որը նաեւ ՀՖՖ գործկոմի անդամ է: Ակումբը կրում է Իսրայելյանի հարազատ գյուղի անունը (այժմ՝ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Բայան գյուղ): Վերջինիս եղբայրը՝ Վարդան Իսրայելյանը, Դոնեցկի «Մետալուրգի» մարզական տնօրենն է, որի սեփականատերերից մեկը հայտնի գործարար, Ուկրաինայի ամենահարուստ հայ Օլեգ Մկրտչյանն է (ներդրումներ է կատարում նաեւ «Բանանցում», Կրասնոդարի «Կուբանում», վերջինիս 75 տոկոսի բաժնետերն է): Հենց այս կապերի շնորհիվ բավականին սերտ են «Բանանցի» ու «Մետալուրգի» հարաբերությունները: Հայկական թիմը արդեն մի քանի տարի երիտասարդ կադրեր է մատակարարում դոնեցկյան ակումբին, իսկ վերջինից տարբեր տարիների «Բանանց» խաղալու են եկել արտասահմանցի ֆուտբոլիստներ:     

Երեւանի «Արարատի» նախագահը ԱՄՆ քաղաքացի, հայտնի գործարար Հրաչ Կապրիելյանն է («Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ», «Արցախբանկ», «Իտարկո Քոնսթրաքշն», «ՍիրԿապ Արմենիա», «Էյ Դաբլյու Այ Գրուպ»): Հենց նա եւ իր գործընկեր, շվեյցարահայ Վարդան Սիրմաքեսն («Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ», «Արցախբանկ», «Արմսվիսբանկ») են «Արարատի» տերերը: Վերջինս թերեւս միակ ակումբն է, որի ներկայիս ղեկավարությունը լեզու չի գտնում ՀՖՖ-ի հետ: 2003-ին Կապրիելյանն իր 5 ֆուտբոլիստներին արգելեց միանալ ազգային հավաքականին՝ Իսրայել մեկնելու համար, ինչը պատճառաբանեց անվտանգության նկատառումներով: ՀՖՖ-ն էլ «Արարատին» արգելեց մասնակցել իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին ու տուգանեց 200.000 դրամով: Անցյալ տարի էլ եղավ դրվագ, երբ ակումբի փոխնախագահ ու գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը ֆոտոլրագրողին ծեծելու պատճառով հայտնվել էր տհաճ վիճակում. ՀՖՖ-ն վերջին պահին որոշեց, այդուհանդերձ, նրան անցանկալի անձ (persona non grata) չճանաչել: Չնայած հիմա էլ ՀՖՖ-«Արարատ» հարաբերությունները հիանալի չեն, այդուհանդերձ, թիմի վատ ելույթների գլխավոր պատճառը սեփականատերերի անլուրջ վերաբերմունքն է ակումբի նկատմամբ:

«Ալաշկերտ» ակումբը (Երեւան) հիմնադրվել է 2011-ին: Թիմի հիմնադիրներից մեկն ու նախագահը «Բագրատուր» գործակալության սեփականատեր, ալաշկերտցի Բագրատ Նավոյանն է: Թիմն այժմ հանդես է գալիս առաջին խմբի առաջնությունում եւ «Կինգ Դելյուքսի» հետ պայքարում է բարձրագույն խմբի միակ ուղեգրի համար:

Այս շարքում արժե հիշատակել նաեւ Երեւանի «Կիլիկիա» ակումբը, որի տերը, հովանավորն ու նախագահը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էր: «Կիլիկիան» կազմալուծվեց անցյալ տարվա վերջում: Թիմն իր խաղերն անցկացնում էր «Հրազդան» մարզադաշտում, որի վարձակալը նույն Աղաբաբյանն է:

Ինչպես երեւում է, այսօրվա հայկական ֆուտբոլը ամբողջությամբ կախված է գործարարներից՝ իշանական կամ իշխանամերձ, հատուկենտ՝ արտաքնապես անկախ: Իհարկե, բնական է, որ թիմի տերն ու հովանավորը խոշոր գործարար է, ինչը տարածված երեւույթ է աշխարհում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ, օրինակ, Եվրոպայում ամեն ինչ չէ, որ կախված է մեկ անհատից, նրա ցանկություններից, տրամադրություններից, գրպանի պարունակությունից: Քիչ թե շատ ապահովված թիմերը ունեն թեկուզ փոքր, բայց կայուն բյուջե, ղեկավարման կոլեկտիվ մարմին, օրինակ՝ տնօրենների խորհուրդ, մի շարք հովանավորներ, այնինչ Հայաստանում իրավիճակի տերն ու թելադրողը կոնկրետ անհատներ են, ինչը ակումբների հեռանկարի առումով պարունակում է որոշակի ռիսկեր ու նաեւ խոսում է ամբողջ մարզական համակարգի դեռեւս չկայացվածության մասին:

 

Մեկնաբանություններ (1)

Marat
Նյութի հեղինակը միայն գուգլիցա օտվել հոդվածը սարքելուց, անվանումների ու տեղեկությունների 100 ավոր սխալներ կան Ավելի բարձր կարծիք ունեի Հետքի մասին, դուք էլ սկսեցիք մատից ծծաց նյութեր տուլիտ անել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter