HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փակ շուկայի հարցով մշակույթի նախարարությունը և քաղաքապետարանը կարող են դիմել իրավապահներին

Ս. թ. մայիսի 27-ի երեկոյան քանդվել են Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնյա կամարաձև կոնստրուկցիաները: Նույն օրը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մասնագետների՝ Ծածկած շուկայի տարածք այցի արդյունքում արձանագրվել է 6 կամարաձև թաղերի փլուզում:

Ըստ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ տնօրինության՝ Մաշտոցի պողոտայի կողմից ստորգետնյա /հիմքերի/ հատվածում ուժեղացման համար իրականացվող նախապատրաստական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է, որ շինության նախկինում քանդված հետնամասի հատվածում առկա երկաթբետոնյա կամարաձև կոնստրուկցիաներում առաջացել են տեղային փլուզման երևույթներ:

Անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար կառուցապատողի կողմից որոշվել է անհապաղ քանդել փլուզվող մեկ կամարը, սակայն քանդման աշխատանքներ իրականացնելիս վնասվել և հետագայում փլուզվել են նաև մինչև դեֆորմացիոն կար հասնող, միմյանց հետ կապակցված հաջորդ միաձույլ կողավոր թաղերը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի վիճակը պահանջում էր համապատասխան կառույցների հրատապ միջամտություն՝ մայիսի 27-ի երեկոյան աշխատանքները դադարեցվել են, և մայիսի 28-ին շինության առկա վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների և հրավիրված մասնագետների կողմից տեղում կատարվել է առկա վիճակի ուսումնասիրություն, և կազմվել է փաստագրման արձանագրություն:

Հիշեցնում ենք, որ կառուցապատողն ուներ միայն ստորգետնյա հատվածի վերաբերյալ շինարարական թույլտվություն, և Ծածկած շուկայի ստորգետնյա ավտոկայանատեղիի ու պահեստային տարածքի կառուցման աշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 30. 03. 2012 թ. համաձայնեցված աշխատանքային նախագծով: Դեռևս մայիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցը այցի ժամանակ փաստել էր, որ աշխատանքները իրականացվում են միայն ստորգետնյա հատվածում: Միաժամանակ հայտնում ենք, որ նախկինում շինությունում կատարված անօրինական շինարարական աշխատանքները դադարեցվել էին ևս 2 անգամ:

Դեռևս սույն թվականի մարտի 7-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման և վերականգնման էսքիզային նախագիծը՝ կից ներկայացված Ծածկած շուկայի շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ «Քաղսեյսմշին հետազոտում» ՍՊԸ-ի կողմից 30. 05. 2011 թ. տրված եզրակացությամբ (այստեղ շենքը գնահատված է որպես 3-րդ աստիճանի վթարային կառույց):

Գիտամեթոդական խորհուրդը, հաշվի առնելով շինության առկա փոփոխված իրավիճակը և ելնելով շուկայի հետագա անվտանգ շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներից, առաջարկել է ՀՀ մշակույթի նախարարությանը դիմել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար:

Ս.թ. մարտի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության կողմից շուկայի տեխնիկական վիճակի և վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ եզրակացությունը, որում շինության վիճակը գնահատվել է խիստ վթարային, և առաջարկվել է ապամոնտաժել առկա երկաթբետոնյա կոնստրուկցիաներն ու դրանք փոխարինել նորերով:

Խնդրին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանի քաղաքապետարանին տրամադրել է վերոնշյալ եզրակացությունները և Ծածկած շուկայի վերակառուցման ու վերահատակագծման էսքիզային նախագիծը՝ խնդրելով կազմել և ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել Կենտրոնական ծածկած շուկայի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, որում հաշվի կառնվեն տրված տեխնիկական եզրակացությունների պահանջները ու հուշարձան-շենքի արտաքին և ներքին տարածքի գեղարվեստական, ճարտարապետական ու ծավալատարածական լուծումները: Քաղաքապետարանի կողմից կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը նախարարության դիտողություններով և առաջարկություններով վերադարձվել է ս/թ ապրիլի 17-ին՝ լրամշակման:

Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանը հարցը քննարկել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական և ինժեներական հանձնաժողովումներում:

Շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով՝ շուկայի տարածքում աշխատանքները դադարեցվել են: ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ՝ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:

Հանձնաժողովի եզրակացության արդյունքներով ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը:

Մշակույթի նախարարություն
Երևանի քաղաքապետարան

Մեկնաբանություններ (2)

վարդան
Տեսնես մարդիկ ինչու են խառնվել իրար.. քանդում են 664266 մարդու ցանկությամբ (դրան էլ գումարած մեծամասնականի թվերը): Փաստորեն այդքան մարդ անուղղակի ձեւով դեմ չէ ծածկած շուկայի քանդմանը: Փոքր թիվ չէ, պարտավոր ենք հարգել: Անձամբ ես դեմ չեմ, որ շուկայի քանդումը բերի նաեւ համակարգի ներսից քանդմանը եւ ինքնաոչնչացմանը: Հավատանք, որ փոխենք, շուկան զոհաբերենք համակարգի հերթական հեղինակազրկման դիմաց:
Արսեն
ապրես Վարդան, ամենաճիշտ պատասխանը, ես էլ քեզ պես կողմ եմ քանդմանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter