HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիային սպանած եղբայրները դատապարտվել են 40 տարվա ազատազրկման

Մալթայում Ալֆրեդ և Ջորջ Դեջորջիոները, որոնք խոստովանել էին մալթացի հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության մեջ իրենց մասնակցությունը, դատապարտվել են 40 տարվա ազատազրկման։ Այդ մասին գրում է Times of Malta թերթը։  

Գործի քննությունը շարունակվում էր շուրջ 5 տարի։ Մեղադրյալներն ընդունել էին իրենց մեղքը դատից մի քանի օր առաջ, ինչը սենսացիա էր դարձել այս գործում։

Լրագրողները հայտնում են, որ սպանությանն իր մասնակցության մեղքն ընդունել է 4 մարդ, ներառյալ եղբայրների հանցակիցը՝ Վինսենթ Մուսկատը։ Մեղադրանք էր նաև առաջադրվել ձեռնարկատեր Յորգեն Ֆենեկին։ Նա ավելի ուշ կկանգնի դատարանի առաջ։ 

Դաֆնե Կարուանա Գալիցիան մալթացի հայտնի հետաքննող լրագրող էր։ Նա հետաքննում էր մալթացի քաղաքական գործիչների մասնակցությունը կոռուպցիոն գործարքներին, փողերի լվացմանն ու այլ հանցագործություններին։

2016 թվականից նա հետաքննում էր Մալթայի կառավարության մի շարք անդամների, այդ թվում վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա ընտանիքի անդամների օֆշորյան գործերն ու կապերը։ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին նա սպանվել էր 53 տարեկան հասակում՝ իր տնից ոչ շատ հեռու ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Պայթուցիկը գործի էր դրվել հեռավար՝ բջջային հեռախոսի օգնությամբ։

Լրագրողի մահվանից հետո՝ մալթայական հանցավորության վերաբերյալ նրա բազմաթիվ հրապարակումները, այդ թվում փողերի լվացման, թմրավաճառության և կաշառակերության վերաբերյալ, ավելի շատ մարդ է կարդացել, քան երբևէ։ «Դաֆնե» նախագծին միացել են 18 ԶԼՄ-ների տասնյակ լրագրողներ։ Նրանք շարունակում են Կարուանա Գալիցիայի գործը և փորձում պարզել նրա սպանության ճշմարտությունը։

Հիշեցնենք, որ դեռ 2017 թվականի ապրիլին Կարուանա Գալիցիան իր բլոգում գրել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստր Լեյլա Ալիևային պատկանող Al Sahra FZCO ընկերությունից, որը գրանցված է Դուբայի ազատ տնտեսական գոտում, վարկային վճարների անվան տակ գումարներ է փոխանցվել պանամական օֆշորներում գրանցված Hearnville Inc., Tillgate Inc. և Egrant Inc. ընկերություններին: Հաջորդ օրը լրագրողը հայտարարեց, որ մալթական Pilatus բանկում փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են, թե Egrant Inc. ընկերության սեփականատերը Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի կինն է՝ Միշել Մուսկատը, սակայն ամուսինները հերքել էին իրենց անվան շուրջ ծագած օֆշորային սկանդալի մասին ցանկացած տեղեկություն:

Լուսանկարը՝ timesofmalta.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter