
«Կյանքի խոսքն» ու «Իրավունքը» չհաշտվեցին
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք» թերթի գործով նախնական դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին հայցվոր կողմը հայտնել էր հաշտության գալու պատրաստակամության մասին, և կողմերը պետք է քննարկեին այդ առաջարկը, սակայն այսօրվա նիստին դատարանին որևէ հաշտության համաձայնություն չներկայացվեց, և դատավոր Ռ.Ներսիսյանը շարունակեց նիստը:
Դատավորի հարցին, թե արդյոք հայցվոր կողմն ունի՞ որևէ միջնորդություն, հայցվորի ներկայացուցիչ Ավետիք Պապինյանը հայտնեց, որ ռուսաստանյան մասնագետներից վիճարկվող հոդվածի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար ժամանակ է պահանջվում, սակայն դատավորը ոչ ողջամիտ համարեց հայցվորի կողմից նիստի հերթական հետաձգման մասին միջնորդության մտադրությունը:
Պատասխանողի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դատարանին որպես ապացուցողական փաստաթուղթ ներկայացրեց «Իրավունք» թերթի մայիսի 29-ի 59-րդ համարը:
Դատավորի հարցին, թե հայցվորն արդյոք գտնո՞ւմ է, որ պատրաստ են դատաքննության փուլ անցնելու, Ա. Պապինյանը պատասխանեց «ոչ»՝ պատճառաբանելով, որ այս գործով կիրառելի Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածում բացակայում է բարի համբավի մասին նորմատիվային եզրույթը, այլ առկա է գործարար համբավի եզրույթը: Ա. Պապինյանն ավելացրեց, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը չունի գործարար համբավ, քանի որ այն բիզնեսով չի զբաղվում, այս դեպքում այն ունի բարի համբավ, և որպեսզի հետագայում օրենքում տվյալ նորմատիվային եզրույթի բացակայությունը չանրադառնա գործի ելքի վրա, միջնորդեց դատարանին գործը կասեցնել և վիճարկվող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելիության վերաբերյալ դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան:
Պատասխանող կողմն առարկեց տվյալ միջնորդությանը՝ պարզաբանելով, որ հայցվորը ցանկանում է ժամանակ շահել և նիստը անընդհատ հետաձգել:
Դատարանը մերժեց հայցվորի միջնորդությունը՝ մեկնաբանելով, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ որոշում ունի կայացրած տվյալ հոդվածի վերաբերյալ (նոյեմբերի 15, ՍԴՈ - 997), ինչպես նաև ավելացրեց, որ Վճռաբեկ դատարանն ունի որոշումներ, որոնցում, արդեն իսկ հաշվի առնելով ՍԴ-ի N997 որոշումը, հրապարեկել է որոշումներ, որունցում մանրակրկիտ նկարագրվում է վիճարկվող հոդվածը:
Այսպիսով դատարանը որոշում կայացրեց անցնել դատաքննության փուլ և հերթական նիստի օր նշանակեց հունիսի 21-ը:
Մեկնաբանել