HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ քննարկումները

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցությանը քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտի հնգամյա զարգացման ռազմավարությունը և այդ համատեքստում՝ համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգի նախագիծը: Նախարարը նշել է, որ ռազմավարության գլխավոր նպատակը բնակչության առողջության բարելավումն է՝ որակյալ ու հասանելի ծառայությունների մատուցման միջոցով: Հենց այդ նպատակին է միտված առողջության ապահովագրության համակարգը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ ողջ բնակչության համար: Մասնավորապես, առաջարկվում է այն ներդնել փուլային տարբերակով՝ մինչև 2027 թվականը, ներառել առողջապահական բոլոր ծառայությունները, բացի ատամնաբուժությունից և պլաստիկ վիրաբուժությունից, նախատեսել մասնակցության կամավոր ու պարտադիր բաղադրիչներ: Ակնկալվում է ստեղծել ապահովագրական այնպիսի ենթակառուցվածք, որը թույլ կտա նույն որակի ու հասանելիությամբ առողջապահական ծառայություններ մատուցել շահառուների բոլոր խմբերին՝ անկախ սոցիալական դրությունից:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Արծարծվել են ապահովագրության համակարգի առողջապահական ու ենթակառուցվածքային չափանիշներին, ֆինանսական գնահատականին, կառավարման մեխանիզմներին, պետության ներգրավվածության շրջանակին, ապահովագրավճարի չափին, ներդրման ռիսկերին առնչվող և այլ հարցեր, ներկայացվել են առաջարկներ:

Փաշինյանը, ամփոփելով խորհրդակցությունը, հանձնարարել է հետագա քննարկումները շարունակել աշխատանքային խմբի ձևաչափով՝ Կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և լրամշակել նախագիծը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter