
Սահմռկեցուցիչ պատմության «ձայնը» (ձայնագրություն)
Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում, Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, շարունակվել է Հայկանուշ Միքայելյանի դատավարությունը: Վերջինս ամբաստանյալի կարգավիճակում է հայտնվել իր նախկին հարսների հետ կատարվածի պատճառով:
Հայկանուշի որդին՝ Դավիթ Զիրոյանը, սկզբում կնության էր առել Մոնիկային (2005-2008թթ.), այնուհետեւ ամուսնացել էր Մարիամ Գեւորգյանի հետ (2010թ.): Թե ինչ էր կատարվել այս աղջիկների հետ Զիրոյանների ընտանիքում, «Հետքն» արդեն անդրադարձել է, ընդ որում՝ կատարվածը մանրամասնություններով «Հետքին» պատմել էին հենց իրենք՝ Մարիամն ու Մոնիկան:
Մոնիկայի իրական անունը Մելինե Բայաթյան է: «Հետքն» այլեւս նպատակահարմար չի համարում վերջինիս ներկայացնել կեղծանունով, քանի որ այս ընթացքում տարբեր լրատվամիջոցներում աղջկա իրական անուն-ազգանունը բազմիցս նշվել է:
Մելինեն եւ նրա ծնողները «Հետքի» թղթակցի հետ զրուցել են ավելի քան 40 րոպե: Գրեթե նույն բանը դրանից առաջ Մելինեն պատմել էր նաեւ քննիչին: Սակայն «Հետքի» հոդվածներում հրապարակված հանգամանքների շուրջ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Մելինե Բայաթյանն իր նախկին ցուցմունքների եւ լրագրողին պատմածների որոշ մասից հրաժարվել է: Արդյունքում Հայկանուշ Միքայելյանին առաջադրված մեղադրանքն ավելի մեղմ պատիժ է սահմանում, քան կարող էր լինել նախկին ցուցմունքների առկայության պայմաններում:
Այսօրվա նիստում ամբաստանյալի պաշտպան Արթուր Սարգսյանը միջնորդել է դատավարությունն անցկացնել դռնփակ՝ պատճառաբանելով, որ գործը վերաբերում է անձնական եւ ընտանեկան կյանքին: Տուժողներից Մելինե Բայաթյանը միջնորդությանը միացել է, ընդ որում՝ պաշտպանը դատարանում բացեիբաց հայտարարել է, որ նիստից առաջ խոսել է Մելինեի հետ եւ ճշտել, որ վերջինս նույնպես դռնփակ դատավարությանը կողմ է:
«Այսինքն՝ ամբաստանյալի ներկայացուցիչն ու տուժողը արտադատական կապերի մեջ են»,- իբրեւ հաստատված փաստ՝ արձանագրում է մյուս տուժողի՝ Մարիամի ներկայացուցիչ Նոնա Գալստյանը: Նա դատաքննությունը փակ անցկացնելու դեմ առարկել է՝ պնդելով, որ «սա (գործը) մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություն է»:
Նոնա Գալստյանը միաժամանակ դատավոր Արմեն Բեկթաշյանին բացարկ է հայտնել, ինչը կքննարկվի հաջորդ նիստին՝ հունիսի 1-ին: Բայց այն արդեն կանցկացվի դռնփակ, քանի որ դատավորը պաշտպան Սարգսյանի միջնորդությունը բավարարել է:
Ելնելով վերոգրյալից՝ «Հետքը» հրապարակում է Մելինե Բայաթյանի եւ նրա ծնողների հետ զրույցի ձայնագրության առաջին մասը: Իսկ թե ինչու է իր որոշ պատմածներից Մելինեն հետագայում հրաժարվել, եւ ինչու է քննիչ Արթուր Ավետյանը հիմք ընդունել միայն աղջկա «հետագա» ցուցմունքները, կանդրադառնանք հաջորդիվ՝ ներկայացնելով նաեւ ձայնագրության մյուս հատվածները:
Լուսանկարում Հայկանուշ Միքայելյանն է
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել