Լիզ Թրասը հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Այսօր Լիզ Թրասը հայտարարել է, որ հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից: Ընդամենը վեց շաբաթ պաշտոնը զբաղեցրած Թրասը կարճ ժամանակահատվածում արժանացավ բրիտանացիների հակակրանքին իր տնտեսական ծրագրի պատճառով:
Լիզ Թրասը պահպանողական կուսակցության անդամ է, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Հրաժարականի մասին իր ելույթում Թրասն ընդունեց, որ կորցրել է իր կուսակցության վստահությունը և ասաց, որ պաշտոնից կհեռանա հաջորդ շաբաթ, այդպիսով դառնալով բրիտանական պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարած վարչապետը: Թրասին աջակցում էր պահպանողական կուսակցության օրենսդիրների միայն մեկ երրորդը:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց Թրասը խոստացել էր կրճատել հարկերը, իրականացնել ապակարգավորման (de-regulation) քաղաքականություն, իսկ մշակութային և սոցիալական հարցերի շուրջ աջակողմյան դիրքորոշում ուներ:
Անցյալ շաբաթ Թրասը ստիպված եղավ պաշտոնանկ անել իր քաղաքական դաշնակից, ֆինանսների նախարար Կվասի Կվարթենգին և գրեթե ամբողջությամբ հրաժարվել իր տնտեսական ծրագրից այն բանից հետո, երբ հարկերի հսկայական կրճատման արդյունքում տապալեցին ֆունտը և բրիտանական պարտատոմսերը: Նրա և Պահպանողական կուսակցության վարկանիշները կտրուկ անկում ապրեցին:
Խորհրդարանում մեծամասնություն ունեցող պահպանողական կուսակցությունը մինչև հոկտեմբերի 28-ը կընտրի նոր առաջնորդի, որը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը։
Պահպանողական կուսակցությունում մրցապայքարը, ըստ երևույթի, լինելու է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի և նախարարների կաբինետի անդամ, Համայնքների պալատի առաջնորդ Փենի Մորդոնտի միջև։ Քաղաքագետները նշում են, որ մրցապայքարին կարող է միանալ նաև նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը պաշտոնանկ արվեց հուլիսին, երբ նրա նախարարները զանգվածաբար հրաժարական տվեցին նրան իշխանությունից հեռացնելու համար:
Մեկնաբանել