HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Հայաստանի կառավարությունն ինչպե՞ս է մարդկանց ճակատագիրը վստահել «պոռնոաստղին»

«Վիսկոն» շինարարական ընկերության հիմնադիր-ղեկավար Պավել Անդերսոնը, որը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, այս տարվա սկզբին հետաքրքրաշարժ պատասխան գրություն է ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ այս ընկերությունը տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով պարտավորվել էր իրացման գոտի ճանաչված Բյուզանդի փողոցի բնակիչների համար նույն փողոցի 13-21 հասցեներում բազմաբնակարան շենք կառուցել և անօթևան մնացած բնակիչներին ապահովել բնակարանով: Սակայն ընկերությունն այդպես էլ չկատարեց ստանձնած պարտավորությունները` խաբելով շուրջ 100 քաղաքացու, որոնք մինչ օրս բնակարանով չեն ապահովվել: Բնակարանների բազմակի վաճառքի դեպքերից տուժած բնակիչներին հաջողվել է ձեռք բերել այն նամակը, որը Պավել Անդերսոնը հասցեագրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր Մ. Պապոյանին, նրա օգնական Ա. Մնացականյանին և Երևանի Կենտրոն համայնքի դատախազին: Նախքան նրա պատասխանը դատարանից Միացյալ Նահանգներ` Անդերսոնին գրություն էր ուղարկվել այն մասին, որ նա որպես վկա, բերման ենթարկելու սպառնալիքով, պարտավոր է այս տարվա փետրվարի 15-ին ներկայանալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Իսկ դատական գործով, տուժած բնակիչների հայցադիմումի համաձայն, որպես մեղադրյալ անցնում է Սիմոն Աղազարյանը, որը «ԳԱՊ բնակշին» ընկերության ղեկավար Գագիկ Պապոյանի հետ միասին մի շարք նորակառույց շենքերում բնակարանների բազմակի վաճառքի գործարքներ է կատարել: Որոշ տեղեկություններով` «Վիսկոն» ընկերության ղեկավարներն էլ են համագործակցել Պապոյանի և Աղազարյանի հետ:

Մի կողմ թողնելով վերոնշյալ պատմությունը` անդրադառնանք Անդերսոնի պատասխան նամակին, որով նա, բառի բուն իմաստով, ծաղրի է ենթարկել և մի լավ շշպռել Հայաստանի դատական համակարգն ու համակարգի աշխատակիցներին:

«Պավել Անդերսոնը շնորհակալ է նրա գոյության մասին հիշելու համար: Նրան թվում է, թե դուք դատական նիստերի ժամանակ զբաղվում եք խմբակային ինքնաբավարարմամբ: Դուք արդեն որերորդ անգամ ստիպում եք իրենց խաբված իրավունքների պաշտպանությունը փնտրող տուժած անձանց ականատեսել ձեր էրոտիկ բեմադրություններն ու սպասել «դատական նիստ» կոչված անբարոյականության հերթական ներկայացմանը: Ես չեմ տեսնում արդարադատության ոչ մի կերպար»,- գրել է Անդերսոնը: Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստան կգա միայն այն ժամանակ, երբ «Հայաստանի դատավորները, դատախազները, նախագահն ու նրա աշխատակազմի ներկայացուցիչները դադարեն զբաղվել իրավունքի և արդարության պոռնկությամբ»:

Այնուհետև նամակի հեղինակը խոստովանում է, որ մինչև 2006 թվականի աշնանը եղել է «իրավունքի խմբակային պոռնկության մասնակից»: «Իմ այդ մասնագիտության պրոֆեսորներից են Սիմոն Աղազարյանը և Հայաստանի դատարանների ղեկավարներն ու շարքային դատավորները, այդ թվում` գործն ի սկզբանե վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը»,- գրել է նա:

Պավել Անդերսոնը նաև պահանջել է անհապաղ իրեն գրավոր տեղեկացնել, թե ինչո՞ւ է Մնացական Մարտիրոսյանը հրաժարվել քննել այս դատական գործը, և ե՞րբ են դատարաններում ավարտվելու «դատավորների և դատախազների կողմից իրավունքի դեմ իրականացվող սեռական բնույթի խմբակային գործողությունները»:

Իսկ վերջում նա նամակը ստորագրել է հետևյալ կերպ. «Պ. Անդերսոն, նախկին պոռնոուսանող-պոռնոաստղ»:

Սա, թերևս, Հայաստանի դատական համակարգին տրված արժանի գնահատական է, այն համակարգին, որը ժամանակին չի կանգնեցրել անօթևան մնացած բնակիչներին մոլորության մեջ գցած և խաբած Պավել Անդերսոնին ու նրա նմաններին:

«Պարզ է, որ այդ Պավել Անդերսոնը ուղեղի հետ կապված խնդիրներ ունի: Ինչպե՞ս է նրա նմանին Հայաստանի կառավարությունը այդքան լուրջ գործ վստահել` չգիտենք»,- «Հայացք»-ի հետ զրույցում հարցադրում արեցին բնակարանների բազմակի վաճառքի դեպքերից տուժած անձինք:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Զարմանալի է, թե ՀՀ համապատասխան մարմինները ինչո՞ւ չեն հետաքրքրվում մեր երկիրն ու դատական համակարգը արատավորող այս տականքով:

Մեկնաբանություններ (1)

.................................
Զարմանալի է, թե ՀՀ համապատասխան մարմինները ինչո՞ւ չեն հետաքրքրվում մեր երկիրն ու դատական համակարգը արատավորող այս տականքով: ------------------------------------------------------------------------ Հայաստանի «ՍՈՒՐԲ» դատական համակարգն ու իշխանական հասարակաց տները հենց ձեր նշած համապատասխան մարմիններն են: Ուսանող ամերիկացու մեղքը երևի վատ ընդունակությունների մեջ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter