Չավուշօղլու. «ԵԱՀԿ-ն դարձել է փակուղու կենտրոն»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է ԵԱՀԿ-ի՝ կարիքների գնահատման խումբ Հայաստան ուղարկելու որոշումը։
«Ընդունված որոշումը հակասում է ԵԱՀԿ աշխատանքային սկզբունքներին։ Նման որոշումը անընդունեի է»,- ասել է Չավուշօղլուն Մերսին քաղաքում մամլո ասուլիսի ժամանակ։
Ըստ Չավուշօղլուի՝ ԵԱՀԿ-ն դարձել է փակուղու կենտրոն և չի կարողացել լուծել Ղարաբաղյան հակամարտությունը քանի որ «վերջին 30 տարվա ընթացքում անցել է օկուպանտի կողմը»։ Թուրքիայի ԱԳ ղեկավարը համարում է, որ ԵԱՀԿ-ի որոշումը անտեսում է Ադրբեջանի դիրքորոշումը։
Ավելի վաղ խոսելով Հայաստան-Ադրբեջան զարգացումների մասին՝ Չավուշօղլուն ասել էր, որ Երևանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորումը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող միմյանցից անջատ լինել։
Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը կարիքների գնահատման խումբ կուղարկի Հայաստան։
«Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ»,- ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ քննարկվում է Հայաստանում ԵԱՀԿ-ի դիտորդների տեղակայման հարցը։
Մեկնաբանել