HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմում ուզում էի հասկանալ, թե ինչն է մարդուն բերում խրամատ. Ռեժիսոր Վարդան Հովհաննիսյան

Հոկտեմբերի 21-ին Հետք Մեդիա Գործարանում կայացավ «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հիմնադիր, ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերին» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա էր հեղինակը։

Ֆիլմը պատմում է Արցախյան առաջին՝ 1992-94 թվականների պատերազմի մասին։ Վարդան Հովհաննիսյանը ֆիլմի հերոսներին նկարել է առաջնագծում եւ առօրյա կյանքում՝՝ պատերազմից հետո։ «Վավերագրական ֆիլմը կապ է ստեղծում սերունդների ու մարդկանց միջեւ, հաղորդագրություն է փոխանցում»,- ասաց Հովհաննիսյանը։

Ֆիլմը թարգմանվել է 15 լեզվով, այն ստեղծվել է Եվրոպական 5 կինոարտադրողների հետ համատեղ՝  BBC (Մեծ Բրիտանիա), ITVS (ԱՄՆ), WDR (Գերմանիա), ARTE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա)։ Ֆիլմն ունեցել է 4 տարբերակ՝ ֆրանսիական, գերմանական, ամերիկյան և անգլիական։

«Շատ կարևոր է, որ այդ պատմությունները բոլորին հասանելի լինեն, շատ կարևոր է ոչ միայն ստեղծել այն, ինչ դու ուզում ես, այլ այդ ստեղծածը հասանելի դարձնել։ Հասանելի դարձնել նաև աշխարհի համար, այդ պատճառով եղավ 4 տարբերակով, սա անգլիական տարբերակն է, որը տևեց 70 րոպե»,- դիտումից հետո ասաց ռեժիսորը։

Թեպետ ֆիլմը վաղուց է ցուցադրվում, բայց ռեժիսորն ափսոսում է, որ շատ կադրեր այդպես էլ չդարձան ֆիլի մաս։ «Ես գնում եմ պատերազմ և ուզում եմ հասկանալ՝ ինչու են մարդիկ սպանում իրար, ինչու է այս կինը եկել խրամատ, ինչն է մարդուն բերում խրամատ…ես եկա Անահիտի մոտ, այնքան կարիք կար հասկանալու նրան։ Մենք խոսում ենք 10 րոպե, և ինքը չի նկատում կամերան, հետո տեսնում է, ասում՝ «վա՜յ, նկարում ես», և սկսում է մազերը ուղղել։ Սա ամենամարդկային կադրն էր»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը։

«Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերին» վավերագրական ֆիլմն արժանացել է ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակների` Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ, «Լավագույն Նոր Վավերագրական Կինոռեժիսոր» Նյու-Յորքի «Թրայբեկա» կինոփառատոնում, «Լավագույն վավերագրական ֆիլմ» «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնում և այլն:

Հաջորդ տարի ՝ 2023 թվականին, լրանալու է «Բարս Մեդիա»Bars Media վավերագրական ֆիլմերի ստուդիայի» 30- ամյակը, որի առիթով նկարահանված բոլոր ֆիլմերի բաց ցուցադրություն է լինելու։

Էմմա Միքայելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter