
Փոփոխություններ՝ Աքորիի դպրոցում
Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցը արդեն մոտ 4 ամիս է՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով ղեկավարում է դպրոցի պատմության ուսուցչուհի Սիլվա Սիմոնյանը: Հիշեցնենք, որ 2011 թ.-ի դեկտեմբերի 20-ին Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի ընտրության արդյունքներով դպրոցի գործադիր տնօրեն էր ընտրվել Անահիտ Մուսայելյանը: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, սակայն չընդունեց ընտրության արդյունքները, այն համարեց կեղծված և դեկտեմբերի 21-ից ի նշան բողոքի դադարեցրեց ուսումնական պարապմունքները:
Դրանք վերսկսվեցին 2012 թ.-ի փետրվարի 8-ին` Անահիտ Մուսայելյանի կողմից Լոռու մարզպետին հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո: Հետայդու մարզպետի հրամանով դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնակատար նշանակվեց Սիլվա Սիմոնյանը: Ըստ գործող «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը հաստատող» ՀՀ կառավարության 2010 թ.-ի N 319 որոշման համաձայն՝ Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի կողմից փետրվարի 8-ից հետո պետք է տնօրենի նոր ընտրություն անցկացվեր՝ առավելագույնը 3 ամսվա ընթացքում:
Դպրոցի փոխտնօրեն Սեդա Խլոպուզյանը, սակայն, մայիսի 28-ին «Հետքին» հայտնեց, որ դպրոցում տեղյակ չեն, թե երբ, ինչ ընթացակարգով, ինչ ժամանակում կկատարվի տնօրենի ընտրությունը: «Ոչ մի տեղեկություն կոլեկտիվն այդ մասին չունի»,- ասաց փոխտնօրենը: Ըստ վերջինիս՝ Աքորիում ներկայումս տնօրենի 2 հավաստագիր ունեցող թեկնածուներ կան` Կիմիկ Պետրոսյանը և Արմեն Նիազյանը: «Երկու թեկնածուներն էլ արժանի են, և կոլեկտիվը պատրաստ է երկուսից որն էլ ընտրվի, նրա հետ աշխատել»,- ասաց փոխտնօրենը:
Ըստ Սեդա Խլոպուզյանի՝ տնօրենի պաշտոնակատար Սիլվա Սիմոնյանը լավ է ղեկավարում դպրոցը. «Վաղուց աշխատանքները հունի մեջ են ընկել: Մանկավարժական կոլեկտիվը բաց թողած դասաժամերը լրացրել է` շաբաթ օրերի և գարնանային արձակուրդների հաշվին: Ուսումնական պլանի թերակատարում չունենք: Այժմ նախապատրաստվում ենք քննությունների»:
Տնօրենի ընտրության չկայացման պատճառների մասին փորձեցինք տեղեկություն ստանալ դպրոցի արհմիության տեղկոմի նախագահ Շուրա Սիմոնյանից: «Խաբար չեմ»,- ասաց նա: Թե ինչու արհմիության տեղկոմը այլևս նույն ակտիվությամբ չի մարտնչում դպրոցի տնօրենի ընտրության հարցում, տիկին Շուրան պատասխանեց. «Գնում եմ թոշակի»: Ուսուցչուհի Սեդա Թոմոյանը անխուսափելի համարեց դպրոցի տնօրենի նոր ընտրությունը: «Դպրոցի կառավարման խորհուրդը դեռ չի ձևավորվել, հիմա շշուկներ կան, որ խորհրդի նոր կազմի ծրարը արդեն եկել է դպրոց»,- ասաց նա:
Մաթեմատիկայի ուսուցչուհի Լիանա Նիազյանը հայտնեց, որ թեև դպրոցի կառավարման խորհուրդը ուշացումով նիստ է գումարել տնօրենի նոր ընտրության համար, սակայն Լոռու մարզպետարանը առ այսօր չի արձագանքել խորհրդի նիստի որոշմանը: Ըստ Լիանայի՝ դպրոցի մանկավարժները ոչ պաշտոնապես տեղեկացել են, որ կառավարման խորհուրդը պետք է ցրվի: «Արդեն 5 ամիս է՝ սպասում ենք խորհրդի ցրվելուն»,- ասում է ուսուցչուհին:
Վերջին ամիսներին բավարավել են Աքորիի գյուղապետի տեղակալ, խորհրդում ԿԳՆ-ի ներկայացուցիչ Անուշ Սիմոնյանի և կառավարման խորհրդում մանկավարժական խորհուրդը ներկայացնող ուսուցչուհիներ Սեդա Թոմոյանի ու Անահիտ Թաթոյանի՝ խորհրդի անդամի պարտականություններից հրաժարվելու մասին դիմումները: Կրթության և գիտության նախարարի 16.03.2012 թ.-ի առաջարկությամբ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից Անուշ Սիմոնյանի փոխարեն կառավարման խորհրդի անդամ է նշանակվել Խորեն Փնջոյանը: Դպրոցի մանկխորհրդի ընտրության արդյունքներով Սեդա Թոմոյանի և Անահիտ Թաթոյանի փոխարեն կառավարման խորհրդի անդամներ են ընտրվել ուսուցիչներ Լիանա Նիազյանը և Արարատ Դալլաքյանը: Աքորիում շրջանառվող լուրերի համաձայն՝ կառավարման խորհրդի նախագահի պարտականություններից հրաժարվելու մասին Լոռու մարզպետին դիմում են ներկայացրել նաև Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանը, խորհրդի անդամներ Սմբատ Կիրակոսյանը և Գայանե Սիմոնյանը: «Մենք այդ հրաժարականները չենք տեսել, սակայն խորհրդի անդամ Սմբատ Կիրակոսյանը հավաստել է այդ փաստը»,- ասում է Լիանա Նիազյանը:
Ի պատասխան «Հետքի» հարցմանը՝ մայիսի 29-ին Լոռու մարզպետարանի կրթության և գիտության վարչության պետ Մինաս Սայադյանը հայտնեց, որ կառավարման խորհրդի նախագահ, Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանը, խորհրդի անդամներ Գայանե Սիմոնյանը և Սմբատ Կիրակոսյանը հիրավի դիմում են ներկայացրել Լոռու մարզպետին կառավարման խորհրդի անդամի իրենց պարտականություններից հրաժարվելու մասին: Մինաս Սայադյանը նաև հայտնեց, որ ավարտվել են Աքորիի դպրոցի կառավարման խորհրդի անդամների փոփոխությունները: «Մարզպետն այն ներկայացել է Աքորիի դպրոցի տնօրենի պաշտոնակատարին: Առաջիկա օրերին կհրավիրվի կառավարման խորհրդի նիստ, և կընտրվի խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահի ընտրությունից հետո մամուլով հայտարարություն կտրվի Աքորիի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի մասին»,- ասաց պրն Սայադյանը:
Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր, երբ Աքորիի դպրոցից «Հետքին» տեղեկացրին, որ հունիսի 1-ին տեղի կունենա դպրոցի վերակազմավորված նոր կառավարման խորհրդի նիստը:
Մեկնաբանել