HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Ուկրաինա

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Ուկրաինա։ Այդ մասին հայտնել է NTV հեռուստաընկերությունը։ Ընդ որում, սա գերմանացի պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա՝ այդ երկիր Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո։

Շտայնմայերը Կիև է ժամանել վաղ առավոտյան։ Նախատեսվում է, որ այսօր նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ «Հետագայում Շտայնմայերը, մասնավորապես, մտադիր է սեփական աչքերով պատկերացում ստանալ ռուսական հարձակումների հետևանքով հասցված փլուզումների մասին»,- գրում է NTV-ն։

Գերմանիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի ընթացքում Շտայնմայերն Ուկրաինայի իշխանությունների հետ կքննարկի ոչ միայն սպառազինությունների մատակարարումը, այլև պատերազմի ժամանակ վնասված ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված օգնությունը, այդ թվում էներգետիկ համակարգերի և ջերմացանցերի, որոնք անհրաժեշտ են անցկացնել մինչև ձմռան սկիզբը։ 

Այցի սկզբում Շտայնմայերը հայտարարել է, որ Ուկրաինա իր այցի նպատակը Գերմանիայի աջակցության հայտնումն է։

Ավելի վաղ, Bild-ը գրել էր, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, անվտանգությունից ելնելով, չեղարկել էր իր այցը Կիև։ «Դեռևս դաշնային նախագահը չեղարկում է իր այցը, կան օտարերկրյա դիվանագետներ և հյուրեր, որոնք ցանկանում են հենց հիմա ցուցադրել իրենց ներկայությունը մայրաքաղաքում»,- Bild-ին ասել էր ուկրաինական կառավարության անանուն ներկայացուցիչը։ 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիև էր ժամանել հունիսի կեսերին։ Նրա հետ միասին Զելենսկու հետ հանդիպում էին ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իտալիայի նախագահ Մարիո Դրագին։

Գերմանիայի նախագահը պատրաստվում էր Ուկրաինա այցելել դեռևս այս տարվա ապրիլին, բայց ուկրաինական իշխանություններն այցը անցանկալի էին համարել՝ Շտայնմայերի «ռուսամետ դիրքորոշման համար»։ Ուկրաինայում Գերմանիայի իշխանություններին մեղադրում էին նաև այն բանի մեջ, որ եվրոպական այդ երկիրը Կիևին չի տրամադրում ռազմական այնքան օգնություն, որքան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները։

Լուսանկարը՝ dpa / Michael Kappeler

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter