HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանցի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անցանկալի անձ է ճանաչվել Հայաստանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակ օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, այսօր գրել էր, որ արգելվել է Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն և նա այլևս ՀՀ-ում համարվում է անցանկալի անձ։

Չնշելով, թե որն է Զատուլինին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառը, օրաթերթը գրում էր, որ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար: «Ավելին՝ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար»,- գրում էր Հայկական ժամանակը։ 

Հրապարակումից մի փոքր անց տեղեկատվությունը հաստատեց ռուսաստանցի պատգամավորը՝ նշելով, որ ինքն այդ քայլը վիրավորական է համարում։ «Ես դա գնահատում եմ որպես վիրավորական քայլ։ Անսպասելի էր ինձ համար, նամակ ստացանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետից։ Ասացին, որ իմ այցն անցանկալի է, իսկ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»,- տելեգրամյան իր ալիքում գրել էր Զատուլինը։

Նա հրապարակել է ՀՀ ԱԺ կողմից ուղարկված փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության հանձնարարությամբ տեղեկացնում ենք Ձեզ, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը» և, ըստ այդ փաստաթղթի, հետագայում նրա այցը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է համարվում։ 

Զատուլինի հրապարակած փաստաթուղթն ստորագրված է ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի անունով։ Ավելի ուշ, Ազգային ժողովի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը տեղեկությունը հաստատել էր Sputnik Արմենիային։ Հաստատելուց զատ Խաչատրյանն այլ մանրամասներ չէր ներկայացրել։

Իշխանական պատգամավորները չեն մեկնաբանել այս հանգամանքը։ Փոխարենը ընդդիմադիրները քննադատել են իշխանությունների այս քայլը։ Պատգամավոր Ագնեսա Խամոյանը, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ, հայտարարել է, որ սա աչքալուսանք է Ադրբեջանի և Թուրքիայի համար։ «Հայ–ռուսական աղբյուրների մասին ընտանեկան թերթով գաղտագողի, անհեթեթ ծանուցումներ տվող, երկիրն առհասարակ թերթով ղեկավարող «հավաստի աղբյուրն» այսօր ի լուր աշխարհի հայտարարել է, որ արգելվում է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ։ Մարդու, ով մշտապես աչքի է ընկել իր հայամետ դիրքորոշումներով, մարդու, ում մուտքը դեռ տարիներ առաջ արգելվել էր Ադրբեջան` Արցախ այցելելու և ղարաբաղյան հակամարտությունում հայամետ դիրքորոշում արտահայտելու համար»,– ԱԺ ամբիոնից հայտարարել է Խամոյանը։ Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ 1995 թվականին հենց Զատուլինն է հեղինակել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը հետագայում ընդունվել է ՌԴ Պետդումայի կողմից։

Հայաստան Զատուլինի մուտքի արգելքը քննադատել են նաև արցախցի պատգամավորները։ 

Զատուլինը դեռ 2010 թվականին հայտնվել էր Ադրբեջանի սև ցուցակում՝ 2010 թվականի մայիսի 23-ին Արցախում խորհրդարանական ընտրությունների ժամանակ որպես դիտորդ մասնակցելու համար։ Ստանալով Ադրբեջանի ԱԳՆ համապատասխան որոշումը՝ Զատուլինը հայտարարել էր, որ Ադրբեջանը «մեծգերտերությունային հիմարություն է ցուցաբերում»։ 

Լուսանկարը՝ Wikimedia Commons-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter