Լոռու մարզպետարանի պատասխանը «Խոտի հետ աղբ է հնձվում. սատկած կովերը` վկա» հրապարակմանը
«Հետքի» 11.05.2012թ. «Խոտի հետ աղբ է հնձվում. սատկած կովերը' վկա» հրապարակմանն ի պատասխանա հայտնում ենք, որ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինությունը տեղեկացնում է հետևյալը.
«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցի մասնաշենքը և «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության դաշտերը գտնվում են ցածրադիր գոտում և Սպիտակ քաղաքի «Էստոնական», «Նորվեգական» և «Տաշիր» թաղամասերից քամին աղբը /ցելոֆանները/ քշում- բերում է ոչ միայն դաշտերը, այլև հիվանդանոցի տարածք, որի պատճառով ընկերության աշխատակիցների կողմից պարբերաբար կատարվում են ընդհանուր տարածքի մաքրման աշխատանքներ: Եթե «Հետք» էլեկտրոնային կայքի հրապարակումը լիներ նախորդ տարիներին, ապա հոդվածի որոշ դրույթների հետ ինչ-որ տեղ կարելի կլիներ համաձայնել, քանի որ աղբամանների մոտի ցանկապատը վնասված էր և հնարավոր է, որ քամին քշեր ցելոֆանները դեպի դաշտեր, սակայն 2012թ. փետրվարին վերանորոգվել է ոչ միայն սահմանակից ցանկապատը, այլև լրացուցիչ ցանկապատվել են աղբարկղերը և նշյալ թերությունները իսպառ վերացվել են: Ինչ վերաբերում է բժշկական թափոններին, ապա համաձայն «Էկոլոգիա» ՍՊԸ հետ կնքված պայմանագրի, թափոնները հավաքվում և հանձնվում են ՍՊԸ-ին՝ վնասազերծելու համար: Հրապարակմանը կից տեղակայված լուսանկարները տարակուսանք են առաջացնում, քանզի դրանցում երևացող ներարկիչները որտեղ են թափված եղել, հայտնի չէ:
Թերթի թղթակիցը «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի հետ ընդամենը 5 րոպեի հեռախոսազրույց է ունեցել, իսկ «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության տնօրենի հետ զրուցել է շատ մանրամասնորեն և ինչպես երևում է հրապարակումից՝ նույնիսկ մի քանի անգամ: Եվ, վերջապես, կարծում ենք, «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունը «Հետքին» դիմել է «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» նշանաբանից ելնելով, քանի որ արդեն երկրորդ գարունն է, ինչ ընկերությունը մոտ 2-3 շաբաթ դաշտերը պարարտացնում է անհասկանալի ջրիկացված անասնաաղբով, որի ժամանակ ոչ միայն տարածքում, այլև հիվանդանոցի ներսում տարածվում է անտանելի գարշահոտ, որից անչափ շատ դժգոհում են ոչ միայն բուժանձնակազմը և հիվանդները, այլև հիվանդներին այցի եկածներն ու հարակից թաղամասերի բնակչությունը: Ավելին, հիվանդները ոչ միայն հրաժարվում են հոսպիտալիզացումից, այլև տվյալ ժամանակահատվածում բուժվող հիվանդները խնդրում են իրենց դուրս գրել, որովհետև անհնարին է դիմանալ այդ գարշահոտին: Եթե անցյալ տարի այդ մասին միայն բանավոր զգուշացրել ենք, ապա այս տարի «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները ստիպված հեռաձայնել են արտակարգ իրավիճակների վարչություն, որից հետո է, որ «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերությունը դիմել է «Հետք» էլեկտրոնային կայքին փորձելով խճողել իրադրությունը և թյուրիմացության մեջ գցել մարդկանց»:
Միաժամանակ մեր կողմից տեղեկացնում ենք, որ անկախ վերոշարադրյալից, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցները մեկ անգամ ևս նախազգուշացվել են տարածքի աղբահանությունը պատշաճ մակարդակով իրականացնելու և բժշկական թափոնների վնասազերծման կանոնները խստորեն պահպանելու համար:
ՍԱՄՎԵԼ ԼԱՄԲԱՐՅԱՆ
Լոռու մարզպետարանի աշխատակազմի
առողջապահության և սոցիալական ապահովության
վարչության պետ
![]() |
«Հետք». Ինչպես նշում է «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինությունը պատասխան նամակում, «2012թ. փետրվարին վերանորոգվել է ոչ միայն սահմանակից ցանկապատը, այլև լրացուցիչ ցանկապատվել են աղբարկղերը և նշյալ թերությունները իսպառ վերացվել են»:
Այս մասին հիվանդանոցի տնօրեն Արսեն Մկրտչյանը նշել էր նաև «Հետքի» հետ հեռախոսազրույցում: Նույն օրը' 04.05.2012, խնդրեցինք «Ագրոհոլդինգ Արմենիա» ընկերության տնօրեն Արշավիր Մարտիկյանին (նա այդ օրը գործնական այցով մեկնում էր իր ընկերության' Սպիտակի մասնաճյուղ) դարձյալ նկարել տարածքը ցանկապատի դրսից և ներսից. հոդվածը գրելի հաշվի ենք առել նաև այդ լուսանկարները:

Նկարներում հստակ երևում է, որ տարածքը մաքուր չէ ցանկապատի երկու կողմերից էլ: Խոտերի մեջ թափված աղբը, որի մեջ կան նաև երկաթյա տուփեր, հասկանալի պատճառներով քամին չէր կարող տեղափոխել:
Թեև հիվանդանոցի տնօրինությունը նամակում նշում է, որ «Հրապարակմանը կից տեղակայված լուսանկարները տարակուսանք են առաջացնում, քանզի դրանցում երևացող ներարկիչները որտեղ են թափված եղել, հայտնի չէ», սակայն այս լուսանկարներում պարզ երևում է, որ թափված աղբի մեջ կան ներարկիչներ: Լուսանկարների վրա առկա է լուսանկարման ամսաթիվը:
Լուսանկարները' Արշավիր Մարտիկյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել