Կորոնավիրուսի սահմանափակումների մեղմացումից մեկ տարի անց Երևանի դպրոցների բուֆետները դեռ փակ են
«Մի քանի անգամ դասից ուշացել եմ, որովհետև առավոտյան խանութում հերթ էր»,- ասում է Երեւան քաղաքի դպրոցներից մեկի 9-րդ դասարանի աշակերտ Արթուրը՝ նշելով, որ առավոտյան դպրոցի հարակից խանութներում միշտ հերթեր են գոյանում, քանի որ երեխաներն անհրաժեշտ սնունդն այդտեղից են գնում։
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով՝ դպրոցներում սննդի կազմակերպման վայրերի աշխատանքը դադարեցվեց։ 2021 թվականի օգոստոսին հրամանում լրացումներ կատարվեցին եւ դպրոցներում սննդի կետերի աշխատանքը թույլատրվեց, սակայն մինչ այժմ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում սննդի կետերը չեն գործում։
Մենք զրուցել ենք Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մի քանի դպրոցների աշակերտների, ծնողների, ինչպես նաեւ՝ ուսուցչական կազմի հետ, որոնց մեծ մասը խնդրել է չնշել իրենց անուններն ու տվյալները։
Երևանի մեր այցելած դպրոցներից մեկում երեխաները սնվում են հենց դասասենյակում, դրանով պայմանավորված՝ ուսուցիչներն արգելում են տնից տաք ուտելիք բերել։
«Ես երեխայիս հետ չեմ կարող դպրոց ուղարկել տանը պատրաստված աղցան, տաք և օգտակար ուտեստ, որովհետև ուսուցիչն արգելում է։ Դե մեղադրելու չի, դասարանում են հաց ուտում, հոտը տարածվում է, դասասենյակը կեղտոտվում է, հետո այդ դասարանում ո՞նց դաս անեն»,- նշում է Նաիրա Մարտիրոսյանը, որի երեխան 3-րդ դասարանում է սովորում։
Գրիգոր Բաղյանի անվան թիվ 141 հիմնական դպրոցի հարակից խանութներից ծնողներից շատերն առավոտյան երեխաների համար գնում են կարկանդակներ, պիցցաներ, ոմանք էլ գերադասում են պարզապես քաղցրավենիք։
«Դե էդ պիցցաները ի՞նչ իմանանք՝ ո՞նց են սարքում, ո՞վ ա սարքում, էն ժամանակ գոնե գիտեինք՝ բուֆետները պատասխանատվություն են կրում ու նորմալ բան կվաճառեն, գումար էինք տալիս, էրեխեքը հաց էին ուտում, հիմա կամ տուփով քաղցրավենիք ենք առնում, կամ էլ ստիպված շուտ արթնանում, բրդուճ ենք սարքում, որ երեխեն սոված չմնա»,- ասում է նույն դպրոցի մեկ այլ ծնող։
Դպրոցի ուսուցչական կազմը ևս գոհ չէ ստեղծված իրավիճակից․ սնվում են ուսուցչանոցում։
«Ճաշարան չկա, սնունդ բերում ենք մեզ հետ, երբեմն ինքներս էլ ենք հայտնվում անհարմար իրավիճակում, երբ երեխաները հանկարծակի մտնում են ուսուցչանոց ու իմանում են, որ ուսուցիչներն էլ են հաց ուտում»,- կատակով ասում է մեր այցելած դպրոցի ուսուցչուհիներից մեկը։
Մինչեւ 2020 թվականի կորոնավիրուսի համաճարակը դպրոցներում սննդի կազմակերպումն իրականացվում էր բաց մրցույթով․այսինքն՝ սննդի ոլորտում գործունեության կազմակերպումը մրցութային եղանակով կարող էր վերապահվել իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև՝ անհատ ձեռնարկատերերին։
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպումը կարող է իրականացվել ՀՀ կառավարության N 914-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության կարգի» համաձայն, որի 4-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված է, որ «...ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքը տրամադրվում է մրցութային եղանակով, որը կազմակերպում է վարձակալության տրամադրվող գույքը օգտագործող կազմակերպության վերադաս պետական մարմինը»,- պարզաբանում է Երեւանի քաղաքապետարանը:
2021 թվականին հակահամաճարակային սահմանափակումների մեղմացումից հետո, ինչպես նշված է քաղաքապետարանին ուղղված մեր հարցման պատասխանում, հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպումը չի վերականգնվել, քանի որ կարգը փոխելու մտադրություն կա։
«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված սահմանափակումների մեղմացումից հետո, սակայն, Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից շրջանառվում էր նախագիծ (Երևանի քաղաքապետարան է ներկայացվել 16.06.2021թ. գրությամբ), որով, ի թիվս այլ փոփոխությունների, սննդի կազմակերպման նպատակով վարձակալության տրամադրումը վերապահված էր պետական ոչ առևտրային կազմակերպություններին»,- նշված է հարցման պատասխանում։
2021 թվականի հունիսից շրջանառվող նախագիծը, սակայն, մինչ օրս չի ներկայացվել ՀՀ Կառավարության հաստատմանը։
«Հարկ է նշել, որ ներկայումս նույնպես շրջանառվում է նշյալ նախագծի լրամշակված տարբերակը, որն առաջիկայում ներկայացվելու է ՀՀ կառավարության հաստատմանը: Ելնելով վերոգրյալից՝ վերադաս պետական մարմնի՝ տվյալ դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից չի կազմակերպվել սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման մրցույթը, հետևաբար Երևանի ենթակայության դպրոցներում սահմանված կարգով սովորողների սննդի կազմակերպում չի իրականացվում»,-պարզաբանում են քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացումից մեկ տարի անց ինչու՞ դպրոցներում բուֆետների աշխատանքը չի վերականգնվել և 2021թ․հունիսից շրջանառվող նոր նախագիծը չի ներկայացվել կառավարության հաստատմանը։
Նա կցկտուր պատասխաններ տվեց՝ ասելով, թե կոնկրետ չգիտի՝ մե՞կ նախագիծ է եղել, թե՞ նույն նախագիծն է տարբեր լրամշակումներով շրջանառվել։
Այս պահին, ըստ վարչության պետի, աշխատանքներ են տարվում դպրոցներում սննդի կազմակերպումը գործող կարգով իրականացնելու համար, քանի որ նախագիծը լրամշակելը եւ Կառավարության հաստատմանը ներկայացնելը երկար գործընթաց է։
«Այս պահին կա գործող կարգը, և քանի որ շրջանառվում էր նորը, սպասում էինք, որ նորով, որը ավելի հարմարավետ էր, արդեն սննդի կազմակերպումը կիրականացվեր։ Դեռ չկա որոշում, բայց քանի որ խնդիրը ծնողների և դպրոցների տնօրենների կողմից օբյեկտիվորեն հաճախ բարձրացվում է, հիմա մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ գործող կարգավորմամբ փորձենք կազմակերպել»,- ասաց վարչության պետը։
Հարցին՝ հստա՞կ են ժամկետները, թե երբ է, գործող կարգի համաձայն, մրցույթ հայտարարվելու Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում սննդի կազմակերպման նպատակով, պատասխանեց՝ «այս պահին ոչինչ հայտնի չէ»։
Աննա Պալաքյան, Զարուհի Տոնիկյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել