HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարդարապատ». Տե՛ր կանգնենք քաղաքակրթության առջև մեր առաքելությանը

Մայիսի 24-ին «ՈՒրբաթ» ակումբում տեղի ունեցավ «Մշակութային հեղափոխության հռչակման հրամայականը» թեմայով մամուլի ասուլիս։  Ասուլիսին մասնակցում էին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի համակարգող, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Լալա Մնեյանը և ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը։Ստորև ներկայացնում ենք մամուլի ասուլիսի ժամանակ Խաչիկ Չալիկյանի կողմից արված հայտարարությունը ամբողջությամբ։

Համընդհանուր ճգնաժամի քաոսում անհանդուրժելի շռայլություն է մեծագույն զրկանքներով կազմավորվող պետականության հոգևոր նկարագրի հանդեպ տիրող հանցավոր անփութությունը:

Անհավատալի, կույր հանդուրժողականությամբ մենք մասնակից ենք, թվում է, անբարո ազգադավության, արդյունքում տանուլ տալով հոգևոր հայրենիքը բոլոր հնարավոր հետևանքներով:

Կռիվը նաև քաղաքակրթական է, որի մեջ պարտավոր ենք չանտեսել արժանավայել հայրենիք ունենալու մեզ ընձեռված բացառիկ շանսը:

Մշակութային քաղաքականությունը միանշանակորեն միտված պետք է լինի այն մշակույթի ձևավորմանը, որը  պետք է  ունենա երկիրը, ուր ակնկալում ենք ապրել վաղը:

Ինչպես ժամանակին կազմավորվեց մահապարտների գումարտակ, նույն օրհասական նվիրումով հարկ է լծվել հոգևոր հայրենիքի կայացմանը, ակնկալվող արժանավայել երկրի մշակութային սաղմերը այսօր իսկ կայացնելու առաջնահերթությանը: Որպես առաջնային քայլ, կարծում ենք, հարկ է ձևավորել իրոք համազգային վերկուսակցական հոգևոր-մշակութային շարժում և հնարավորինս տեսանելի դարձնել բացառիկ  օրինակելի երկրի գեղարվեստական կերպարը, նրա մշակութային մոդելը  ոլորտ առ  ոլորտ ... Շարժման կնիքը կրող մշակութային ցանկացած միավոր, լինի դա ներկայացում թե` ցուցահանդես, համերգ թե` հեռուստածրագիր, թերթ կամ հոդված թերթում, պետք է վկայի մեր իդեալները կրող երկրի գործուն ներկայությունը:

Նախաձեռնությունը որևէ խմբային շահ բացառում է, այն վերկուսակցական է, նշանակությամբ  համազգային, դավանած արժեհամակարգը` համամարդկային: Ուստի, ակնկալում ենք հասարակական տարբեր խավերի ստվար և շահախնդիր մասնակցությունը:

Այսպիսով`

Ա. Բարձրաձայնելով մեր հոգևոր նկարագրին անհարիր գավառային երկիր պայմանավորող ապազգային, էժանագին մշակութային դաշտի հանդեպ մեր անհանդուրժողականությունը..

Բ. Փաստելով, որ հայ մշակութային արմատները արդեն իսկ կրում և թելադրում են մարդասիրական և գեղարվեստական բարձրագույն արժեհամակարգ.

Գ.  Ունենալով համոզումը, որ ցանկացած խնդիր ձևավորվում և իր լուծումը  գտնում է նախ հոգևոր հարթության վրա.

Մեր կոչն ենք հղում խնդրի կարևորությունը գիտակցող, արժանավայել, օրինակելի երկրում արդեն իսկ ապրելու հավատամքը կրող բոլոր-բոլորին.

Տե՛ր կանգնենք քաղաքակրթության առջև մեր առաքելությանը, հոգևոր այլ պահանջներ կրող հասարակական պատվերի առկայությանը`

Հռչակենք մեր երազած երկրի մշակութային դաշտի կայացմանը միտված ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ հրամայականը:

Ակնկալում ենք  հասարակական համարժեք արձագանք, ինչի արդյունքում առաջնահերթորեն ձևավորվող  նախաձեռնող խումբը կհամակարգի ստացվող առաջարկները և կարճ ժամկետում  կնախապատրաստի ու կհրավիրի շարժման հիմնադիր համաժողով, ուր կմշակվեն ստեղծվելիք մշակութային կառույցի գործուն մեխանիզմները, կնախանշվեն ծրագրային հիմնախնդիրները, գործունեության առաջնահերթությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter