HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Միջին աշխատավարձը 2022 թ․ սեպտեմբերին, 2021-ի սեպտեմբերի համեմատ, ավելի է 35 769 դրամով»․ վարչապետ

«2022 հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի 0,7 %-ի անկում ենք ունեցել, մեր ամենօրյա աշխատանքի կարևոր թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը։ Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ դեռ անկում ունենք»,- այս մասին Կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ տնտեսական իրավիճակը լավ է։ 2022 սեպտեմբերին արձանագրվել է 14,6 % տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2022 հունվար-սեպտեմբեր ամիսներին 2021-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ ունենք 14,1 % աճ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 %-ով, շինարարության ծավալը՝ 14,3 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 14,5 %-ով, ծառայությունների ծավալը՝ 27,1 %-ով, արտահանումը 63,8 %-ով, ներմուծումը՝ 61,6 %-ով։

«Եթե այս տարվա հետ կապված լավատեսական կանխատեսումները իրականություն դառնան, կստացվի, որ միջինում 2019-2022 թթ․ 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանել ենք։

2022 սեպտեմբերին ունեցել ենք 691 087 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավելի է 10 000-ով։ Նախորդ ռեկորդը գրանցվել է 2020-ի հունիսին 681 050 աշխատատեղ։ Կարող ենք արձանագրել, որ 2018-ից ի վեր 108 312 աշխատատեղ է ստեղծվել»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում վճարված աշխատավարձերը 2022-ի սեպտեմբերին, 2021-ի սեպտեմբերի համեմատ, ավելացել են 33 միլիարդ 430 մլն դրամով կամ 23,5 %-ով, 2018-ի սեպտեմբերի նկատմամբ՝ 74 մլրդ 161 մլն դրամով կամ 73 տոկոսով։

2022-ի սեպտեմբերին, 2021-ի սեպտեմբերի նկատմամբ, հավաքագրվել է 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17,6 %-ով ավելի եկամտային հարկ։

«Մեկ մարդու միջին աշխատավարձը 2022 թ․ սեպտեմբերին, 2021-ի սեպտեմբերի համեմատ, ավելի է 35 769 դրամով կամ 16,4 տոկոսով»,- նշեց վարչապետը։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ եկամտային հարկի հավաքագրումներն 9 ամսվա տվյալներով 378,9 մլրդ դրամ են կազմել, ինչը 2021-ի ցուցանիշի համեմատ ավել է 42,5 մլրդ դրամով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter