HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գնալու նպատակ չունի. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել: Գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել Հայաստանի կրիտիկական օբյեկտների, կոմունիկացիաների նկատմամբ, որը պարզապես Հայաստանին զրկելու է իր կենսունակությունից, այսինքն` պայքարի, բնականոն զարգացման իր հնարավորությունից. անդրադառնալով սեպտեմբերյան վերջին ագրեսիայից հետո Ադրբեջանի գործողություններին` հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ քննարկումներին` պատգամավորը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանն արդեն իսկ իր համար դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը, ըստ էության, ամբողջությամբ ավարտել է, եւ նա այլեւս դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գնալու նպատակ չունի: Ըստ Տիգրան Աբրահամյանի` Ադրբեջանը բռնազավթել եւ տեղակայվել է Հայաստանի այնպիսի հատվածներում եւ դիրքերում, որի պայմաններում իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է:

Լրագրողը հետաքրքրվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո սահմանում տիրող իրավիճակով, ինչպես նաեւ հարցրել, թե արդյո՞ք կա լայնածավալ ռազմական գործողություններ վերսկսելու սպառնալիք` հաշվի առնելով, որ այնտեղ դիտորդներ են տեղակայված: Տիգրան Աբրահամյանը նշել է, որ սահմանագծում էսկալացիայի կանխման առումով այս պահին ինքը լավատես չէ, լավատեսություն չի ներշնչում նաեւ դիտորդների առկայությունը` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Մեկ այլ հարցի պատասխանելով` պատգամավորն ասել է. «Քաղաքական հարթությունում եւ դիվանագիտական ճակատում գործընթացներն այնպիսի փխրուն հունով են ընթանում, որ որեւէ պարագայում, նույնիսկ` կարճաժամկետ կտրվածքով, լայնամասշտաբ ռազմական գործողություններ բացառելն ուղղակի հնարավոր չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter