HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը դիմել է Հայաստանին Զատուլինի և Սիմոնյանի մուտքի արգելքի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար

Ռուսաստանը դիվանագիտական ալիքներով դիմել է հայկական կողմին՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի և ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ Հայաստան մուտք գործելու արգելքը հաստատելու և պարզաբանելու համար։ Այդ մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք դիվանագիտական ալիքներով անմիջապես դիմել ենք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատման և պարզաբանման համար։ Մենք տեսել ենք նմանատիպ հաղորդագրություններ, մենք պաշտոնապես խնդրել ենք բացատրել, թե արդյոք դա համապատասխանում է իրականությանը, և դա ինչով է պայմանավորված, եթե այն հաստատվի»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Զախարովան նշել է, որ Մոսկվայի հետագա գործողություններն ու արձագանքը կորոշվի Երևանի պաշտոնական պատասխանի ստացումից հետո։ «Մենք ելնում ենք նրանից, որ նման բան, ևս մեկ անգամ ընդգծեմ, այդ տեղեկատվության հաստատման դեպքում, դա դժվար է որակել որպես բարեկամական քայլ, որը համապատասխանում է մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին։ Երբ մենք պաշտոնական պատասխան ստանանք, այդ ժամանակ կորոշենք ինչ հետագա գործողություններ ձեռնարկենք և ինչպես արձագանքենք»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։

«Իհարկե մենք շատ չէինք ուզի, որ մեր ներկայիս պայմաններում մտածվեն ինչ-որ արհեստական պատճառներ, երբ Արևմուտքը թիրախային փորձում է սրել իրավիճակը Հարավային Կովկասում, սեպ խրել Մոսկվայի և Երևանի միջև առկա հարաբերություններում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Երկու օր առաջ ռուսաստանցի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը տելեգրամյան իր ալիքում գրել էր, որ նամակ է ստացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետից, որտեղ նշվում է, որ Զատուլինի առաջիկա այցը Հայաստան անցանկալի է, իսկ նրա հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը։ «Ես դա գնահատում եմ որպես վիրավորական քայլ։ Անսպասելի էր ինձ համար»,- գրել էր Զատուլինը։

Մեկնաբանելով Զատուլինին «պերսոնա նոն գրատա» ճանաչելը՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ իրեն ևս Հայաստանը ճանաչել է անցանկալի անձ։ Ռուսաստանցի երկու քաղաքական գործիչները պարբերաբար հանդես են գալիս Հայաստանի իշխանությունների հասցեին քննադատություններով՝ նրանց մեղադրելով Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ հաստատելու մեջ։ Եթե հայ հանրության կողմից Զատուլինի արցախյան թեմայով հայտարարությունները դիտարկվում են որպես հայամետ, ապա Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք կա։

Լուսանկարը՝ РИА Новости / Евгений Одиноков

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter