HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտին. «Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել Բաքվին հինգ շրջան հանձնելու ճանապարհով»

Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել Բաքվին հինգ շրջան հանձնելու ճանապարհով, բայց Երևանը գնաց իր ճանապարհով։ Այս մասին «Վալդայ» միջազգային ակումբի հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք երկար տարիներ երկխոսություն էինք վարում հայկական կողմի հետ և առաջարկում հետևյալ կերպ կարգավորել Ղարաբաղի հետ կապված հարցը։ Չէ որ Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանը։ Մենք ասում էինք՝ եկեք շարժվենք դեպի հարաբերությունների կարգավորումը, ահա կա երկու շրջան, … մեծ շրջաններ։ Ինչ-որ մի փուլում կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ։ Տվեք հինգ շրջան, չէ որ դրանք պետք չեն, դրանք ուղղակի դատարկ են, այնտեղից մարդիկ հեռացել են, փաստացի քշված են իրենց տարածքներից։ Ինչո՞ւ դրանք պահել։ Որևէ իմաստ չկա»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արդյունքում Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապ կունենար երկու շրջանի միջոցով։ «Մենք կարծում ենք, որ դա արդար կլիներ, վերադարձնել փախստականներին և այդպես շարունակ։ Դա շատ լավ քայլ կլիներ տարածաշրջանում ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Սակայն հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր առկա է»,- հավելել է Պուտինը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ Պուտինն ասել է, որ դա անհրաժեշտ է, սակայն Ռուսաստանը ոչինչ չի փաթաթի և չի թելադրի։

«Մեր տեսակետն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է։ Եվ մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատմանը և սահմանային հարցերի ամբողջական կարգավորմանը։ Հարցը նրանում է, թե ինչ տարբերակ ընտրել։ Դա Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ղեկավարության գործն է»,- ասել է Պուտինը։

Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանը կաջակցի հայ ժողովրդի ցանկացած ընտրության, ինչը կապված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ «Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ պետք է ընտրել այդ խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված՝ «վաշինգտոնյանը», ինչքանով ես հասկանում եմ այն ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանության ճանաչում, ապա եթե Հայաստանն այդպես է կարծում, խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»,- հավելել է Պուտինը։

Պուտինի խոսքով՝ եթե հայ ժողովուրդն ու հայկական իշխանությունները կարծում են, որ Ղարաբաղն ունի ինչ-որ առանձնահատկություններ, որ պետք է այդ առանձնահատկությունները հաշվի առնել և ինչ-որ ձևով դա պետք է բանակցել ապագա խաղաղության պայմանագրում, դա ևս հնարավոր է։ «Բայց անկասկած պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Պետք է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի՝ Ադրբեջանի համար»,- ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ իրենք «չեն պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել»։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter