HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար. «Վերամշակման ճյուղը մեր երկրում էական զարգացում է ապրել»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և ագրարային համակարգի տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարների ու արդյունաբերողների արդեն ավանդական դարձած հանդիպումները թևակոխում են նոր` ավելի նպատակային փուլ: Այսօր  պտուղբանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների  ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմամբ, փաստորեն, սկիզբ դրվեց պետության և մասնավորի միջև փոխհարաբերությունների կանոնակարգման առաջին քայլին:

«Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ վերամշակման ճյուղը մեր երկրում էական զարգացում է ապրել: Չմոռանանք, որ գյուղատնտեսության զարգացումը համահունչ պետք է լինի վերամշակող արդյունաբերության զարգացմանը: Այս առումով մենք նաև առաջատար ենք մեր հարևան երկրների համեմատությամբ, ուստի առաջացել է հարաբերությունների կանոնակարգման նոր հրամայական: Այսօր մենք ստորագրման ենք ներկայացնում կարևոր մի փաստաթուղթ` «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հանրապետության պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտի  ներկայացուցիչների միջև բուսաբուծության և պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտների բնականոն գործունեությունն ու զարգացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագիր»:Այն իր էական դերակատարումն է ունենալու ինչպես  ոլորտի զարգացման, այնպես էլ պետություն-մասնավոր հատված համագործակցության առավել հստակեցման տեսանկյունից»,- հանդիպման սկզբում նշեց Սերգո Կարապետյանը:

Հուշագիրը, որը կնքվում է 5 տարի ժամկետով, կողմերի համաձայնության դեպքում, կերկարաձգվի ևս 5 տարով:

Անդրադառնալով ընթացիկ տարվա զարգացումներին` նախարարը նշեց, որ ըստ կանխատեսումների, տարին հաջողվածներից է լինելու, առանձին մշակաբույսերից սպասվող բերքը զգալիորեն գերազանցելու է նախորդ տարվա ցուցանիշները. ուստի վերամշակողներին նույնպես լարված տարեշրջան է սպասվում, մանավանդ, որ մթերման գործընթացի պատշաճ կազմակերպմումը շարունակում է  մնալ հանրապետության  ղեկավարության ուշադրության կենտրոնում:

«Գյուղացու մշակած ամբողջ բերքը պետք է ընդունվի վերամշակման, ուստի այսօր արդեն պետք է ըստ ամենայնի նախապատրաստել գործընթացը»,- ասաց նա: 

Ստորագրելով հուշագիրը` հանդիպման մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին նման փաստաթղթի ստեղծման առիթով` վստահեցնելով, որ այն, իրոք, կնպաստի պետություն – մասնավոր հատված համագործակցության խորացմանը:

Ներկայացվեցին նաև այն մտահոգություններն ու դիտարկումները, որոնց լուծման մեջ նախարարությունը կարող է ունենալ իր ծանրակշիռ դերակատարումը:

Արձագանքելով դրանց` նախարարը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս սեղմ ժամկետներում և արդյունավետորեն մոտենալ խնդիրների բարձրացմանն ու լուծմանը:Իսկ վերջինիս համար Սերգո Կարապետյանը կարևորեց հուշագրի շրջանակներում համապատասխան միավորումներ ստեղծելու աշխատանքները:Որոշվեց առաջիկա հանդիպումներից մեկը նվիրել պահածոյագործությանն օժանդակող ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ծանոթանալ և ըստ ամենայնի ընթացք տալ նաև վերջիններիս խնդիրներին:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter