Սարսափ ժանրի լավագույն գրող Սթիվեն Քինգի «Միզերին» Գյումրու դրամատիկականի բեմում
Անհանգիստ շուռումուռ եմ գալիս նստարանին՝ պայուսակում որոնելով հեռախոսը: Ներկայացումը սկսելուց կես ժամ առաջ այն անջատելը տարիների սովորություն է: Նստած եմ բեմին՝ թիկունքով դեպի դահլիճը: Գյումրու դրամատիկական թատրոնում որոշել են դահլիճը բերել բեմ, իսկ հետնաբեմը վերածել բեմի: Կարմիր նստարանների շարքերն առայժմ դատարկ են: Իմ դիմաց՝ դեմքով դեպի պատը, մահճակալին մի տղամարդ է պառկած: Ես ճանաչում եմ նրան: Այսօր նա կխաղա իր լավագույն դերերից մեկը: Օդում կախված լուռ սպասումը հանկարծ ընդհատվում է: Կուլիսներից ներս են սահում մարդիկ՝ փորձելով որքան հնարավոր է քիչ քստքստացնել ոտքերն, ու բեմին կառուցված փոքրիկ դահլիճում գտնել իրենց կարմիր աթոռը:
Ես փակում եմ աչքերս՝ փորձելով պատկերացնել առաջիկա իրադարձություների սկիզբը: Հանդիսատեսի շարքերը սկսում են խտանալ: Մենք բոլորս մի պահ նմանվում ենք օտարի տուն ներխուժած անկոչ հյուրի: Չկա դահլիճ-բեմ բաժանարար գիծը, բոլորս բեմին ենք՝ գրեթե մասնակիցը կատարվողին, սակայն զրկված միջամտելու հնարավորությունից: Հնչում է երրորդ զանգը: Քիչ-քիչ մարում են նաեւ կիսաձայն շշուկները, հետնաբեմը կենդանանում է: Ներկայացումը սկսված է:
Մահճակալին անշարժ մեկնված տղամարդու մարմինը մի պահ ջղաձգվում է՝ ոտքերում զգացվող անտանելի ցավից: Սենյակի լռությունը խախտող մետաղական սարքի խզխզացող հնչյուններից զատ մշուշապատ գիտակցությանն երբեմն-երբեմն հասնող կանացի ձայնն ու կիսաբաց կոպերի դիմաց հայտնվող լույսի թույլ շողքը հույս են ներշնչում՝ դեռ ողջ է:
Կարո՞ղ է արդյոք մահից փրկությունը վերածվել այնպիսի մղձավանջի, որ հենց մահը թվա ճակատագրի ողորմած պարգեւ: Այս միտքը տղամարդու ուղեղում կառկայծի հետո, երբ հոգեկան տանջանքները կհաղթեն ֆիզիկականին: Իսկ հիմա, ընդամենը, հարկավոր է գալ գիտակցության, հասկանալ՝ որտեղ է, եւ թե ինչու է անիծյալ ցավը մուրճի բութ հարվածների նման անընդհատ թմբկահարում ուղեղը:
Սարսափ գրականության ժամանակակից վարպետ, ամերիկացի դրամատուրգ Սթիվեն Քինգի լավագույն գործերից է «Միզերին»: Սա պատմություն է վիկտորիական ոճի սիրային վեպեր գրող Փոլ Շելդոնի մասին, որ ձմեռային բքոտ մի օր, Լոս Անջելես ուղեւորվելիս վթարվում է: Նրան փրկում ու իր տուն է տանում նախկին բուժքույր Էննի Ուիլքսը: Գիտակցության գալուց հետո գրողը պարզում է, որ գամված է անկողնուն՝ կոտրված ոտքերով եւ վնասված ուսով: Իսկ տանտիրուհին Միզերի Չեյսթեն անունով կնոջ մասին պատմող իր գրվածքների մոլի երկրպագուն է: Էննի Ուիլքսն ապրում է միայնակ, պահում է մի խոզ, որին կոչում է «Միզերի»՝ ի պատիվ սիրելի հերոսուհու: Հարեւանները նրան խելագար են համարում:
Սկիզբը ոչինչ չի գուժում սպասվող տառապանքների մասին: Կարծես թե ամեն ինչ շատ լավ է դասավորվել Փոլի համար՝ փրկել են ձնակույտերի տակ մահանալուց, խնամում են, կերակրում, եւ եթե այլ խնդիրներ չծագեն, կվերադառնա տուն, իր աշխատանքին, այնքան սովորական դարձած բնականոն իր կյանքին: Սակայն այդ ամենը թվացյալ է: Հետեւելով Էննի տարօրինակ վարքագծին, տրամադրության կտրուկ փոփոխություններին՝ Փոլը սկսում է կռահել, որ ինքն ընդամենն անկողնուն գամված մի բանտարկյալ է՝ մեծապես կախված փրկիչ-բանտապետուհու քմահաճույքներից:
Կարդալով Փոլի՝ Միզերի Չեսթերի մասին վիպերգության վերջին գիրքն ու պարզելով, որ Միզերին մահանում է, Էննին՝ կատաղության նոպայով համակված, պահանջում է գրողից գրել նոր վեպ եւ կենդանացնել հերոսուհուն: Ստանալով բացասական պատասխան՝ Էննին ստիպում է Շելդոնին այրել իր վերջին գրվածքը՝ «Բրուկլինը կրակների մեջ» վեպի միակ ձեռագիր օրինակը: Հետո գնում է գրամեքենա եւ տպագրական թուղթ, որպեսզի Փոլը կարողանա կատարել իր պահանջը՝ գրել նոր վեպ՝ «Միզերին վերադառնում» է վերնագրով:
Փոլը պարզում է, որ Էննին որեւէ մեկին տեղյակ չի պահել իր գտնվելու մասին, չի զանգահարել հիվանդանոց, ընդհակառակը՝ կտրել է հեռախոսի լարը՝ բացառելով կապն արտաքին աշխարհի հետ: Կնոջ սենյակում Փոլը հայտնաբերում է կոդեինի հիմքով պատրաստված նորվիլ ցավազրկող դեղի բազմաթիվ տուփեր, որոնցից գրողն արդեն մեծապես կախվածություն էր ձեռք բերել: Ինչպես նաեւ, ուսումնասիրելով տարբեր թերթերի հրապարակումներ, պարզում, որ Էննին մարդասպան է: Կնոջ անհավասարակշիռ, քմահաճ վարքագիծը տրամադրության անկառավարելի պոռթկումները սկսում են լրջորեն վախեցնել Փոլին: Զայրույթի նոպաներից մեկի ժամանակ Էննին ապուրով լի ափսեն շուռ է տալիս պատին, հետո մաքրում է պատը՝ քուրջը ցամաքեցնելով դույլի մեջ ու ստիպում Փոլին խմել կեղտաջուրը:
«Տեսարաններ կան, որ մենք, քննարկելով ռեժիսոր Գոռ Մարգարյանի հետ, ուղղակի հրաժարվեցինք բեմ բերել,-ասում է Էննի Ուիլքսի դերակատարուհի, Համազգային թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը,- կոնկրետ, հենց ձեր այդ նշած ապուրի տեսարանից հրաժարվել ենք: Գոռը էսթեթ է, եւ շատ բծախնդրորեն է մոտենում իր գործին, թերեւս դա է պատճառը, որ որոշ տեսարանների էլ մի փոքր այլ մոտեցում է ցուցաբերել, որից մեր ներկայացումը միայն շահել է: Թեկուզ ինձ խեղդելու տեսարանը վերցնենք: Ստեղծագործության մեջ շատ ավելի դաժան կերպով է Փոլն ազատվում Էննիից, մեզ մոտ դա որոշակիորեն մեղմացված է»:
Երբ Էննին հայտնաբերում է, որ իր բացակայության ժամանակ, Փոլն անվասայլակի օգնությամբ հետազոտել է տունը, որոշում է կանխել գրողի փախուստի փորձը՝ կտրելով սրունքը: Այս տեսարանը ներկայացման մեջ ռեժիսոր Գոռ Մարգարյանն այլ լուծումներով է մատուցել՝ կրկին դիտարժան, սակայն զերծ արյունից:
«Կացինը ցած սուրաց ու թաղվեց Փոլ Շելդոնի ձախ ոտքում՝ կոճի անմիջապես վերևում: Ցավն ահարկու կայծակի նման ճայթեց մարմնում: Մուգ կարմիր արյունը ճղփվեց Էննիի երեսին: Փոլը լսեց՝ ինչպես շեղբը ճռռալով հպվեց ոսկորին, երբ Էննին կացինը դուրս բերեց: Աչքերին չհավատալով՝ ներքև նայեց: Սավանը կարմրով էր պատվում: Տեսավ՝ ոնց են ոտքի մատները ջղաձգվում: Տեսավ՝ ոնց է կինն արնակաթ կացինը մի անգամ էլ վեր հանում: Մազերն արձակվել էին հերակալներից ու կախվել դատարկ դեմքին:
Փոլը փորձեց ոտքերի ու ծնկի ցավն արհամարհելով խույս տալ ու հասկացավ՝ ոտքը շարժվում է, բայց ոտնաթաթը՝ ոչ: Ինքը միայն ավելի էր լայնացնում կացնահետքը: Բավական ժամանակ ուներ հասկանալու՝ սրնքամիսն է ոտնաթաթը ոտքին կպած պահում: Ու այդ պահին կացինը նորից ցած սլացավ՝ խրվելով վերքի մեջ: Էննին կացինը դուրս բերեց ու մի պահ նետեց Փոլի արնածոր մարմնամնացորդի մոտ, ձեռքն առավ լուցկու տուփը: Լուցկի վառեց: Վերցրեց զոդիչն ու պտտեց կողքի փականը: Զոդիչը ֆսսաց: Արյունը ժայթքում էր այնտեղից, որտեղ Փոլի մի մասնիկն այլևս չկար: Էննին լուցկին զգույշ մոտեցրեց զոդիչի փողրակին: Ձայն լսվեց՝ փֆֆֆ: Երկար դեղին բոց հայտնվեց: Էննին դեղնաբոցը հզոր կապտագույն կրակ դարձրեց:
– Չեմ կարող կար դնել,– ասաց։– Ժամանակ չկա: Լարանն էլ չի օգնի: Ճնշման կենտրոնական կետ չկա: Պիտի դաղել»: (հատված Սթիվեն Քինգի «Միզերի» վեպից)
Սթիվեն Քինգի «Միզերին» Գյումրու դրամատիկական թատրոնում բեմադրելու որշումը բավական համարձակ նախաձեռնություն կարելի է համարել: «Նախ մշտապես ցանկացել եմ, որ Գոռ Մարգարյանը մեզ մոտ ներկայացում անի,-խոստովանում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը,- էական չէ, թե ինչ գործ: Երբ Գոռն առաջարկեց «Միզերին», ես մտածեցի՝ իսկ ինչու՞ ոչ, մենք ժանրային սահմանափակում չենք դնում, թող լինի «Միզերին»: Ինքը մեկ ամբողջ ամիս գալիս էր թատրոն, շրջում էր, տեղ էր փնտրում, ի վերջո որոշեց ներկայացումը խաղալ հետնաբեմում, իսկ դահլիճը կառուցել բեմում: Ներկայացման համար հատուկ վերելակ է սարքվել: Արել ենք ամեն ինչ, որ նույնիսկ մինիմալիստական ոճում հնարավորինս փոխանցվի ռեժիսորի բոլոր մտահղացումները»:
Փոլ Շելդոնի դերակատար, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Սաղաթելյանի համար կարծես «ճակատագրական» է դառնում գրողներին մարմնավորելը (խաղում է գրող Մարկ Ջոնսոնի դերը «Քեյս» ներկայացման մեջ): «Դե չէի ասի ճակատագրական,- Արսենը ծիծաղում է,- պարզապես զուգադիպություն է: Էստեղ հարցն այլ է: Նախ ես պատրաստ եմ խաղալ Գոռ Մարգարյանի բեմադրած ցանկացած ներկայացման մեջ՝ անկախ ոճից ու վերնագրից: Դե իսկ ունենալ խաղընկեր Տաթեւ Ղազարյանի նման ֆանտաստիկ դերասանուհուն, իմ կարծիքով յուրաքանչյուր դերասան կերազեր: Ինձ ամենասկզբում հարցրել են՝ կուզենա՞մ խաղալ, ես, չիմանալով ոչ դերի մասին, ոչ ներկայացման, միանշանակ պատասխանել եմ՝ այո՛»:
Ներկայացման ռեժիսոր Գոռ Մարգարյանը նկատում է, որ մշտապես ցանկացել է որեւէ գործ բեմադրել Գյումրու դրամատիկական թատրոնում: Միշտ հավանել է Սթիվեն Քինգի «Միզերին» եւ երազել մի օր այն բեմադրել: Եվ եկավ մի պահ, երբ այդ երազանք-ցանկությունները մեկտեղվեցին: Ներկայացման համար երաժշտությունը գրել է գյումրեցի երաժիշտ Նարեկ Կոսմոսը: Բեմի եւ զգեստների ձեւավորումը վստահվել է Նելլի Բարսեղյանին:
«Միզերի» թարգմանաբար նշանակում է «տառապանք»: Երկու հերոսներն էլ տառապում են: Էննին՝ իր չստացված, ծնողազուրկ մանկության, չիրականացած երազանքների ու սիրո պատճառով, Փոլը՝ որպես մոլի երկրպագության զոհ: Չնայած դրան, վեպին հատուկ է ամերիկյան լավատեսությունը, այն առումով, որ ցանկացած վատ վիճակից կա ելք: Հեղինակի համոզմամբ՝ կոտրված յուրաքանչյուր իր կարելի է կցմցել ու տեղը դնել: Իհարկե, այն այլեւս նույն տեսքը չի ունենա, սակայն կշարունակի ապրել, թեկուզ այլ կյանքով ու այլ տեսքով:
Մեկնաբանել