HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սոչիում կայացել է Պուտին-Փաշինյան հանդիպումը

Սոչիում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այն տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումից առաջ։

Հանդիպումը Սոչիի «Ռուս» առողջարանում էր, որտեղ ավանդաբար Պուտինն ընդունում է արտասահմանցի հյուրերին։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Ռուսական կողմից էլ ներկա էին այդ երկրի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ընդհանուր առմամբ, Փաշինյան-Պուտին հանդիպումը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի։ 

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի ղեկավարությունն ունի քաղաքական կամք լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ «Հակամարտությունն արդեն տասնամյակներ է տեւում։ Եվ դրան պետք է ինչ-որ կերպ վերջ տալ: Գիտեմ, որ դուք քաղաքական կամք ունեք դրա համար։ Մենք ամեն կերպ սատարում ենք: Պետք է գտնենք այն առանցքային պահերը, որոնք մեզ թույլ կտան առաջ շարժվել»,- ասել է Պուտինը։ Նա հույս է հայտնել, որ Սոչիում բանակցությունները եւս մեկ հնարավորություն կլինեն ներկա իրավիճակը քննարկելու համար։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանը հնագույն ժամանակներից ռազմավարական դաշնակից ու գործընկեր է։ 

«Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումներն այն ամենին, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ։ Այս հակամարտությունը շարունակվում է մեկ տասնամյակ, ուստի պետք է ինչ-որ ժամանակ վերջ տալ դրան, համաձա՞յն եք:  Գիտեմ, որ դուք դրա համար քաղաքական կամք ունեք։ Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք դրան։ Մենք, ձեզ հետ, իհարկե, այժմ, իսկ հետո եռակողմ ձեւաչափով պետք է գտնենք այն առանցքային պահերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Պուտինը հույս է հայտնել, որ եռակողմ գագաթնաժողովի ժամանակ ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց կլինի։ «Այսօր մենք պետք է խոսենք այս բոլոր հարցերի շուրջ, եւ մեծ հույս ունեմ, որ մենք առաջ կգնանք… Իսկապես հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրել», - նշել է նա։

Իր ելույթում Վլադիմիր Պուտինը նաև կոչ է արել Լեռնային Ղարաբաղում ապահովել խաղաղություն և ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները։ «Ես ինձ թույլ կտամ հիշել այն, թե ինչպես է պայմանավորվածություն ձեռք բերվել զինված հակամարտության դադարեցման ընթացքում։ Այդ ժամանակ բոլորս ելնում էինք նրանից, որ կարեւորը խաղաղության ապահովումն է եւ զարգացման պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- ասել է Պուտինը։

Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։ «Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և այսօրվա եռակողմ հանդիպումը կազմակերպելու համար։ Իհարկե, մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը ծավալուն է, բայց, ձեր թույլտվությամբ, ես նույնպես բացման խոսքում ցանկանում եմ կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդունելի է անվանել ՌԴ մոտեցումները Հայաստանի ևր Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հաստատման հարցում։ «Դուք շոշափեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրի հարցը՝ ընդգծելով այս գործընթացի որոշ կարեւոր պարամետրեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ՝ պնդելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց օգտին կարտահայտվի հայկական կողմը»,- հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը կաջակցի հայկական կողմի առաջարկին՝ այսօրվա եռակողմ հանդիպման արդյունքում հնարավոր եռակողմ  հայտարարության տեքստում անդրադառնալ համապատասխան փաստաթղթին. «Հայաստանն առաջարկել է սա, սակայն մինչ այժմ չի հաստատվել, որ ռուսական կողմը սատարում է այդ առաջարկին։ Սա ոչ մի կերպ չի հակասում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված առաջարկություններին։ Հայաստանի համար կարեւոր է ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, որտեղ նրանք ներխուժել են 2022 թվականի մարտին և ի հեճուկս բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հաղորդակցության ուղիներին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի տարածքում հաղորդակցության ուղիները պետք է լինեն Երևանի լիակատար վերահսկողության ներքո։ «Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունն իր հերթին պետք է վերահսկողություն իրականացնի ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նկատմամբ»,- նշել է ՀՀ վարչապետը։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ կարևոր է ՌԴ հստակ դիրքորոշումը՝ Հայաստան ներխուժած ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր հետ քաշվելու վերաբերյալ։ «Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումը կդառնա սահմանների անվտանգության մեխանիզմ։ Մենք համամիտ չէինք այս դիրքորոշումը, բայց, ի վերջո, որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի մեկնաբանության վրա։ Եվ չնայած դրան, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և օկուպացրեց մեր երկրի նոր տարածքներ, այդ իսկ պատճառով հիմա Հայաստանի համար կարեւոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը՝ ադրբեջանական զորքերը 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ եղած ելման դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության ձևակերպմամբ»,- հայտարարել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է նաև գերիների խնդիրը՝ պնդելով, որ չնայած Վլադիմիր Պուտինի հետ բազմիցս քննարկել է այդ հարցը, այն դեռեւս լուծված չէ։ «Ուզում եմ ընդգծել Ադրբեջանում պահվող Հայաստանի բոլոր քաղաքացիների ազատման եւ հայրենադարձության հարցի կարեւորությունը։ Չնայած նրան, որ մենք տասնյակ անգամ քննարկել ենք այս հարցը  Ձեզ հետ եւ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, հարցը դեռեւս լուծված չէ»,- նշել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter