
Պուտինը հայտարարել է Փաշինյանի և Ալիևի հետ համատեղ հայտարարության համաձայնեցման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Սոչիում այսօր կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կողմերը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։ Հայտարարության բովանդակության վերաբերյալ Պուտինը մանրամասներ չի ներկայացրել։
«Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարություն։ Պետք է բաց ասեմ, որ ամեն ինչ չի հաջողվել համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված ենք եղել հանել մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ այդուհանդերձ հանդիպումն օգտակար է եղել, և դա «պայմաններ է ստեղծում ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորման ուղղությամբ հետագա քայլերի համար»։
Ռուսաստանի նախագահի պնդմամբ՝ եռակողմ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։ «Սկզբում հայկական պատվիրակության հետ, իսկ այնուհետև տետատետ խոսեցինք Հայաստանի վարչապետի հետ։ Այնուհետև ադրբեջանական պատվիրակության հետ և տետատետ խոսեցինք Ադրբեջանի նախագահի հետ։ Եվ այնուհետև երկու ժամվա ընթացքում, նույնիսկ մի քիչ ավելին, խոսեցինք երեքով»,- նշել է Պուտինը։
Պուտինի խոսքով՝ ՌԴ-ն կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվի վերջնական կարգավորում։ «Ինչպես պայմանավորվեցինք, մենք կապի մեջ կլինենք, կշարունակենք այս երկխոսությունը և կշարունակենք այն որոշումների որոնումը, որոնք անհրաժեշտ են այն բանի համար, որ վերջակետ դրվի այդ այդքան ձգվող հակամարտությանը»,- ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինի կարծիքով՝ ՌԴ-ն, Հայաստանը և Ադրբեջանն ունակություն են ցուցաբերել պայմանավորվել ապագայի վերաբերյալ։
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Մեկնաբանել